Օրերս նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ դարձավ: Նա կարծում է, որ որեւէ ոլորտ բարենորոգելու համար պետք է գործել «շատ կշռադատված, հանգիստ», այդ թվում` եկեղեցին: Ասում է. «Պետք է աշխատել հոգեւորականների հետ, կոնսենսուսի գալ, հասկանալ՝ ոնց կարելի է խնդիրը լուծել»։
- Պարոն Բագրատյան, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագներին Դուք ակտիվ մասնակցություն չեք ունենում, ինչո՞ւ, համաձայն չե՞ք Եկեղեցու դեմ իրականացվող քայլերի հետ։ Դուք է՞լ եք կարծում, որ եթե այսպես շարունակվի, Փաշինյանը նոր աղանդի հիմնադիր կդառնա, քանի որ Վեհափառը չի հեռանում, իսկ ինքն ու տասը եպիսկոպոս-արքեպիսկոպոսները Եկեղեցին «բարենորոգելու անվան տակ նոր կանոնադրություն են գրում, ինչ-որ նիստեր անում․․․
- Համաձայն չեմ Ձեր այդ կարծիքի հետ, որ ես ակտիվ չեմ մասնակցում պատարագներին, ես եղել եմ Հովհաննավանքում, Խաչիկում, որտեղ որ մարզային այցելության հետ չի համադրվել․․․ շաբաթ-կիրակի ես պարտադիր մարզեր եմ գնում, դա իմ գրաֆիկն է, այդտեղ մենք խնդիր ենք ունենում, կիրակի առավոտյան է պատարագը սկսվում, ես չեմ կարողանում մարզից վերադառնալ, մանավանդ՝ հիմա, որ եղանակային պայմաններն այդքան էլ լավը չեն։ Բայց, մեծ հաշվով, ես իմ կարծիքը փոխանցել եմ հանրությանը․ կա, ունեմ այդ մտահոգությունը, որ եթե Եկեղեցին ունի իր կանոնադրությունը, պետք է ենթարկվեն այդ կանոնադրությանը։ Եթե մենք ուզում ենք բարենորոգել այդ ոլորտը եւ ընդհանրապես բոլոր ոլորտներն ենք բարենորոգում, պետք է անել շատ կշռադատված, հանգիստ, պետք է աշխատել հոգեւորականների հետ, կոնսենսուսի գալ, հասկանալ՝ ոնց կարելի է խնդիրը լուծել։
- Ես ճի՞շտ հասկացա, որ իշխանությունների որդեգրած տարբերակն այնքան էլ ընդունելի չէ Ձեզ համար, Դուք եւս կարծում եք, որ սա կոշտ միջամտություն է Եկեղեցու գործերին։
- Ես համարում եմ, որ Եկեղեցու, հոգեւորականների բարենորոգման կարիք կա։ Ի վերջո, եթե մենք ցանկանում ենք, որ Հայ առաքելական եկեղեցին ծառայի իր նպատակներին, իսկ դա շատ կարեւոր է մեր պետության եւ ազգային անվտանգության իմաստով, հոգեւոր սնունդը հավասար է նյութական սննդին, եւ ամենակարեւորը` Եկեղեցու անելիքն է՝ հավատավոր հոտին բերել համախմբման եւ պայմաններ ստեղծել՝ հանրային զարգացման։
- Այսինքն, իշխանությունը հասարակությանը սեւերի ու սպիտակների է բաժանում, բայց Եկեղեցի՞ն է մեղավոր, որ համախմբվածություն չկա։
- Եկեղեցին, բարձրաստիճան հոգեւորականները բավականին լուրջ սխալներ գործեցին այն ժամանակ, երբ մասնակցություն ունեցան քաղաքական գործընթացներին, եւ ճիշտ կլինի, որ ինչպես դրվածքը կար, որ Եկեղեցին պետք է անջատ լինի պետությունից, պահվի այդ հարաբերությունը։
- Որ Վեհափառը խոսում է Արցախի կորստից, արցախցիների մշակութային, հոգեւոր ժառանգությունը պահպանելուց կամ վերադարձից, դա քաղաքականությո՞ւն է։
- Արցախի կորուստն ի՞նչ կապ ունի, երբ որ շարժումներ են սկսվում, հրաժարական են պահանջում։
- Նկատի ունեք Բագրատ սրբազանի առաջնորդած Սրբազան շարժումը, բայց նա սառեցրել էր թեմական առաջնորդությունը։
- Համաձայն եմ, բայց նույն՝ Ձեր նշած անձը պահանջում էր իշխանությունների, վարչապետի հրաժարականը, կարծում եմ՝ իրենք պետք է զբաղվեն հոգեւոր հարաբերություններով։ Չեմ կարծում, որ ընտրված իշխանությունների առջեւ հրաժարականի պահանջ պիտի դնել։
- Իսկ կաթողիկոսի հրաժարականը կարելի՞ է պահանջել, այն դեպքում, երբ Սահմանադրությամբ՝ իշխանությունն իրավունք չունի միջամտել Եկեղեցու գործերին։
- Ընդունենք, որ մեր երկրում կաթողիկոսն ընտրվում է Ազգային եկեղեցական ժողովի կողմից, սահմանափակ մարդկանց միջոցով (կարծեմ՝ 400 հոգու), եւ մարդ, որ ընտրվել է 650 հազար մարդու կողմից, ինչպե՞ս կարելի է պահանջել նրա հրաժարականը․ այս պահանջներն անհամադրելի են։
Եկեղեցին կարող էր ինքը բարենորոգել իրեն՝ նույն կանոնադրությունը փոխելով, օրինակ, որ բարձրաստիճան հոգեւորականները կարող են ընտանիք ունենալ, կամ իրենք պետք է հեռանային, բայց ո՛չ այն արվեց, ո՛չ այն։
- Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը ո՞նց եք պատկերացնում, երբ Վեհափառն ինքնակամ չի հեռանում։ Փաշինյանը նոր աղա՞նդ կստեղծի։
- Աղանդ ստեղծելը անհնար բան եմ համարում, Հայ առաքելական եկեղեցին չի կարող հանդուրժել որեւէ աղանդ, որեւէ կրոնական կազմակերպություն մեզ համար ընդունելի չէ, հետեւաբար, չկա նման խնդիր, խնդիրը միայն թնջուկը կարգի բերելն է։