Քաղաքականություն

Նիկոլի կռիվը եկեղեցու դեմ չէ, այլ՝ քրիստոնեության, նա ուզում է, որ եկեղեցին դավանի նիկոլականություն

Նիկոլի կռիվը եկեղեցու դեմ չէ, այլ՝ քրիստոնեության, նա ուզում է, որ եկեղեցին դավանի նիկոլականություն

Նիկոլ Փաշինյանին խանգարում է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցին, այլեւ՝ քրիստոնեությունը: Ոչնչացնելով Հայ առաքելական եկեղեցին՝ Փաշինյանն ուզում է ոչնչացնել քրիստոնեությունը: Նա դեմ չէ եկեղեցու գոյությանը, բայց ուզում է, որ եկեղեցականները որպես Արարիչ եւ Փրկիչ երկնքում եւ երկրի վրա ճանաչեն ոչ թե Սուրբ Երրորդությունը, Հիսուս Քրիստոսին, այլ՝ հենց իրեն, որ կաթողիկոսից սկսած` բոլոր մյուս եկեղեցականներն իրեն ճանաչեն որպես միակ ճշմարիտ աստվածություն, երկրպագեն իրեն եւ նույնը քարոզեն մյուս հավատացյալներին: Սա միայն առաջին հայացքից կարող է անհավանական թվալ: Որպես նրան ճանաչած եւ մի քիչ ուսումնասիրած մարդ՝ կարող եմ ասել, որ նա ձգտում է հասնել հենց այդպիսի կարգի հաստատման:

Դեռ խմբագիր աշխատած տարիներին Փաշինյանը խմբագրության իր աշխատակազմում տարածում էր նոր կրոնական ուսմունք, որը պայմանականորեն ես անվանում էի Նիկոլի վկաների աղանդ: Սրա իմաստը Նիկոլին ամեն ինչում հնազանդվելն էր, նրան աստվածացնելը, նրա խոսքը միակ անքննելի ճշմարտություն ընդունելը եւ կատարելը: Ցանկացած դիմադրություն կամ հակադարձում նա ընդունում էր որպես իր դեմ ուղղված դիվերսիա, որը պետք է վերացվեր, մինչդեռ հնազանդությունն ու կամակատարի վարքը, ընդհակառակը` խրախուսվում էին: Բոլոր նրանք, ովքեր ընդունում էին այս նոր ուսմունքը, դառնում էին աղանդի հետեւորդներ եւ շարունակում էին աշխատել նրա ղեկավարության ներքո, ովքեր մերժում էին ուսմունքը, դուրս էին մղվում խմբագրությունից կամ իրենք էին ինքնակամ հեռանում, կամ հեռացվում էին աղանդի պարագլխի կողմից:

Հակասահմանադրական հեղաշրջում իրականացնելուց եւ իշխանությունը բռնազավթելուց հետո Փաշինյանը, ըստ էության, իշխանական բուրգը կառուցել է նույն սկզբունքով` բացարձակ հնազանդություն, բացարձակ հպատակություն եւ ծառայամտություն: Դրա դիմաց նա տալիս է իշխանության մեջ մնալու արտոնություն, փող եւ նյութական բարեկեցություն ունենալու հնարավորություն: Պատահական չէ, որ բոլոր ՔՊ-ական պատգամավորները, մարզպետները, նախարարները եւ սրանց տեղակալները պատրաստ են կրկնել եւ ծաղկեցնել Փաշինյանի արտահայտած ցանկացած խոսք, որքան էլ դա պիղծ ու ցինիկ հնչի: Եթե որեւէ մեկը փորձի հակադրվել նրան, միանգամից կհռչակվի աստվածուրաց, նա, ով կհամարձակվի չկատարել նրա որեւէ հրահանգ, հակադրվել նրա խոսքին, միանգամից դուրս կդրվի իշխանությունից եւ կհայտնվի հալածյալի դերում: Ամենաթարմ օրինակը ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցածն է, նրանք փորձեցին մի փոքր հակադրվել Փաշինյանին, ընդամենը պաշտպանել իրենց եւ միանգամից դուրս վռնդվեցին աղանդավորական շարժումից: Այսօր նրանք եւս համարում են, որ Փաշինյանը վտանգավոր արշավ է իրականացնում Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ դա համարելով հակապետական գործունեություն:

Փաշինյանը մտածում է, որ մի քանի տասնյակ եւ նույնիսկ մի քանի հարյուր աղանդավորների առկայությունը բավարար չէ, որ ինքը վերահսկողություն հաստատի ամբողջ հասարակության նկատմամբ: Ինչպես ցանկացած աղանդավորական շարժում, նա մտածում է, որ իր շարժմանը լայն թափ հաղորդելու եւ հետեւորդների հնարավորինս մեծ բանակ ունենալու համար պետք է իրենով անի Հայ առաքելական եկեղեցին, իրենով անի եկեղեցու հետեւորդներին: Բայց տիրապետելով իշխանական լծակների, Փաշինյանն ուզում է զբաղվել ոչ թե սովորական հոգեորսությամբ` քարոզով իր կողմը գրավելով եկեղեցու հետեւորդներին, այլ շանտաժով եւ բռնությամբ իրենով անելով ամբողջ եկեղեցին: Նա մտածում է, որ եթե իրեն հաջողվի պաշտոնանկ անել Ամենայն հայոց կաթողիկոսին, որը հավատում եւ քարոզում է նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը, որի վերջնական նպատակը մեղքից, մահից եւ անեծքից մարդուն ազատելն է, այլ նրա փոխարեն նշանակի մեկին, որը որպես աստվածություն կհռչակի Նիկոլ Փաշինյանին եւ կքարոզի նրա նկատմամբ հնազանդություն եւ խոնարհություն, ապա կհավերժացնի իր իշխանությունը։ Քրիստոնեությունը, որպես այդպիսին, կարող է եւ մնալ, բայց այն ածանցյալ կլինի նիկոլականությանը, աղանդի գլխավոր պաշտամունքի առարկան կլինի Նիկոլը, որն այնքան ուժ եւ զորություն ունի, որ կարող է մարդկանց շնորհել պաշտոններ, հարստություն եւ երջանկություն, իսկ հակադրվողներին` ցավ, տանջանք, հետապնդումներ, աղքատություն եւ սովամահություն:

Բոլոր նրանք, ովքեր կմիանան Նիկոլին, ըստ էության, կա՛մ արդեն «Նիկոլի վկաներ» աղանդի հետեւորդներ են, որոնք վաղուց ուրացել են քրիստոնեությունը, կա՛մ մարդիկ են, ովքեր պատրաստ են հիմա գնալ կրոնափոխության, դավանափոխության ճանապարհով, ուրանալ քրիստոնեությունը եւ ընդունել նիկոլականությունը: Եվ ամենեւին կարեւոր չէ՝ այդ մեկը քաղաքացիական անձ է, թե եկեղեցական, ունի զինվորական կոչում, թե հոգեւոր աստիճան: Բոլորը պետք է ընտրություն կատարեն, որովհետեւ չընտրել հնարավոր չէ: Եթե դու՝ ինքդ չես ընտրում, քո փոխարեն ընտրելու է Նիկոլը` հօգուտ նիկոլականության:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image