Սաղմոսներ կարդալուց, Վեհարանը շրջափակելու եւ կաթողիկոսական նոր ընտրություններ պահանջելուց հետո Նիկոլ Փաշինյանն անցավ կոնկրետ գործողությունների, մասնավորապես՝ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչի համար, քանի որ վերջինս Մայր Աթոռում, ի պատասխան լրագրողի հարցին, նկատել է. «Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձեւով ենք միջամտելու Եկեղեցու դեմ արշավին»։
Աստվածաբան Վարդան Խաչատրյանը, անդրադառնալով նախեւառաջ եկեղեցի-իշխանություն հակամարտությանը, նկատում է, որ պետք է հաշվի առնենք, որ դրանք բացարձակ տարաբնույթ կառույցներ են․ «Իշխանությունը, որպես այդպիսին, հարաբերական կառույց է միշտ, որովհետեւ նա պատմական առումով պետությունը ներկայացնում է կարճ ժամանակահատվածի համար, եկեղեցին ժամանակի հոլովույթի մեջ անընդհատ գոյություն ունի, ինչից ելնելով՝ աշխարհիկ իշխանությունները պետք է չխառնվեն հոգեւոր իշխանությունների կամ Եկեղեցու խնդիրներին, որովհետեւ նա համաշխարհային կառույց է։ Հայոց առաքելական եկեղեցին՝ ինքը, համաշխարհային կառույց է, եւ նա ավելի մեծ է, քան Հայաստանը։ Եվ փոխանակ նրա հետ հարաբերություններում սիներգետիկայի գանք, այսինքն՝ իշխանության եւ Եկեղեցու ներդաշնակ հարաբերություններն էլ ավելի ուժեղացնեն հայ ժողովրդի համարումն աշխարհով մեկ, որովհետեւ հայոց պետականությունն այսօր այնքան էլ ուժեղ չէ, որ ինքն իրենով ունենա այդ համարումն աշխարհի երեսին։ Մինչդեռ դրա փոխարեն եթե սկսենք պարզել՝ ով, երբ, ինչ․․․, ոչ մեկն այդ հարցերում պատմականորեն երբեւէ հաջողություն չի գրանցել։ Գործող Եկեղեցու հետ կապված այդ խնդիրները որեւէ դրական ելքի, միտումի պատմության ընթացքում չեն բերել, լավ իմանալով, որ կուսակրոնության հարցը հարաբերական հարց է, եւ կանոնիկության տեսակետից հենց մեր առաջին կաթողիկոսները՝ Գրիգոր Լուսավորչի որդիքը, ամուսնացյալ են եղել, ի վերջո՝ Գրիգոր Լուսավորիչն ինքն էլ ընտանիքի տղա է, չէ՞։ Դա կոնկրետ ժամանակին առաջացած կոնկրետ խնդիր է՝ եկեղեցու տնտեսական ամբողջականությունը պահպանելու համար, եւ ինքը երբեք չի դիտվել բացարձակ հրամայական։ Մեզ մոտ աշխատողներ կային, որոնք արդեն լուսահոգի են եւ դեռ Վազգեն Վեհափառի հետ էին աշխատել, պատմում էին, որ մի անգամ ցանկացել է հասկանալ, թե այդ խնդիրն ինչ է իրենից ներկայացնում, բայց շատ արագ հասկացել է, որ դա երկրորդայնացված մի խնդիր է, հարաբերական հարց՝ բոլոր ժամանակների համար, որի շուրջ հնարավոր բոլոր նիզակները կոտրվել են եւ ոչ մի էֆեկտ չեն տվել, ու ինքն այլեւս տոն չի տվել այդ հարցի քննարկմանը։ Օրինակ՝ ժամանակին բոլորը գիտեին, որ այս կամ այն զորահրամանատարը Հռոմի պապի որդին է, կամ բոլորը գիտեն, որ Հռոմի պապի աղջիկները գտնվում են Հռոմի պապի պալատում, որ Ֆրանսիայի թագավորին իրենք են համոզելով բերում ընդունում, որ հանկարծ Հռոմին ձեռք չտա… ես ասում եմ պատմական դեպքեր, որոնք բացահայտ բոլորը գիտեն»։
Ինչ վերաբերում է «Կանոնագիրք հայոց»՝ եկեղեցական կանոնների ժողովածուին, որը երեկ ԱԺ-ում Փաշինյանը ցուցանում էր լրագրողներին՝ ճեպազրույցի ժամանակ, նշելով, որ իր դիրքորոշումները հիմնված են բացառապես Հայ առաքելական եկեղեցու ներկայացրած կանոնների վրա, ապա․ «Եթե հիմա մենք վերցնենք Աստվածաշունչը եւ փորձենք ֆրագմենտացիա անել ու ներկայացնել հասարակությանը, մենք կարող ենք ստանալ 180 աստիճանով հակառակ էֆեկտ, հավատացնում եմ ձեզ, որովհետեւ ոչ թե կամայականորեն, այլ օրենքների ոգին պետք է հասկանալ, ձեւավորման շարժառիթներն ու դինամիկան մինչեւ այսօր, որ կարողանանք խոսել այդ մասին, դրանք շատ խորը երեւույթներ են, ու պետք չէ, որ մենք փորձենք ֆրագմենտացիա անել, որովհետեւ, որպես այդպիսին, օրենքների ոգին եւ տառը պետք է հասկանալ։ Ինչ վերաբերում է կաթողիկոսին, ապա այդ ամեն ինչը գալիս բախվում է նրան, որ մեր Եկեղեցում համարվում է, որ կաթողիկոսին ընտրում է աշխարհիկների ճնշող մեծամասնությունը, իսկ ինչո՞ւ է կաթողիկոսին ընտրում աշխարհիկների ճնշող մեծամասնությունը, որպեսզի լինի ձայն բյուրաց՝ ձայն Աստծո, այսինքն՝ Աստված է ընտրում, վերջին հաշվով։ Եվ այս դաշտում նման որոնումները կբախվեն այդ օրենքների ոգուն եւ ոչ միայն կանոնագրքի, այլ նաեւ՝ բուն Սուրբ Գրքի»։
Իշխանության զավթման կոչ տեսնո՞ւմ է Կարապետյանի խոսքերում, ինչի առնչությամբ էլ քրեական գործ է հարուցվել։ «Մենք մեր խոսակցությունը սկսեցինք նրանից, որ Հայ առաքելական եկեղեցին համաշխարհային կառույց է եւ ներկայացնում է աշխարհասփյուռ հայությանը, եւ ցանկացած երկրի հայ կարող է արտահայտել իր կարծիքը, որովհետեւ խոսքը վերաբերում է մեր ինքնության գլխավոր առանցքներից մեկին, եթե ոչ գլխավորին՝ Հայ առաքելական եկեղեցուն։ Իսկ իշխանափոխությունը կոնկրետ բան է, ու կոնկրետ արտահայտություններ են դրանք, թե չէ կարելի է «Աբու-Լալա Մահարուց» մի սուրահ կարդալ ու ասել՝ իշխանափոխության կոչ է, որովհետեւ այդտեղ հաստատ կգտնես այդ իշխանափոխության կոչերը։ Պետք է վերջապես մենք էլ սովորենք, որ կամայական հայ, որը Հայ առաքելական եկեղեցու զավակ է, կարող է Հայ առաքելական եկեղեցու մասին արտահայտվել եւ իր պատկերացրածի շրջանակում նրա շահերը ներկայացնել այս կամ այն կերպ, ուրիշ հարց է՝ հասարակությունը կանսա՞ դրան, կարձագանքի՞, չի՞ արձագանքի։ Դա արդեն այլ խնդիր է, բայց իշխանափոխության կոչերը կոնկրետ բան են, այլապես ամեն տեղ կարելի է փնտրել ու գտնել իշխանափոխության կոչ, ինչպես այստեղ․ «Ատում եմ, ավաղ, եւ հայրենիքը - պերճ արոտավայրը հարուստների ցոփ, Որի հողն արնոտ` անդուլ հերկողը չոր քար է կրծում իր հացի հանդեպ ․․․․»»։