Քաղաքականություն

Թրամփի եւ Մակրոնի միջեւ Փաշինյանն ընտրում է Թրամփին

Թրամփի եւ Մակրոնի միջեւ Փաշինյանն ընտրում է Թրամփին

Հիշո՞ւմ եք՝ մի ժամանակ ինչ ջերմ հարաբերությունների մեջ էր Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ոնց որ հարազատ եղբայրներ լինեին`հաճախակի նրան հյուր էր գնում, Ֆրանսիան ներկայացնում Հայաստանի, եթե ոչ միակ, ապա գոնե գլխավոր բարեկամ եւ բարեխոս երկիր` ի վերջո, Մակրոնի քավորությամբ կնքվեց 2022 թվականի հոկտեմբերի 6-ի հայտարարությունը, որով Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հանձնեց Արցախը: Հիմա, երբ Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջեւ դիմակայությունը գնալով մեծանում է, ավելին՝ նախկին դաշնակիցները դառնում են գրեթե թշնամիներ, Փաշինյանը հերթական անգամ «քցում» է նախկին՝ դաշնակից հռչակված Ֆրանսիային եւ նրա նախագահ Էմանուել Մակրոնին ու անցնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմը: Փաշինյանը, ինչպես միշտ, փորձում է անցնել ուժեղի կողմը՝ համարելով, որ միայն ուժեղը կարող է երաշխավորել իր իշխանությունը, պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում: 

Թրամփը հայտարարել է, որ Գազայի վերականգնման համար ստեղծում է Խաղաղության խորհուրդ, որի մշտական անդամակցությունը կարժենա 1 միլիարդ դոլար անդամավճար, իսկ ոչ մշտական անդամակցությունը կլինի անվճար: Բայց ոչ մշտական անդամները որեւէ բան որոշելու իրավունք չեն ունենա: Թրամփն ուզում է ՄԱԿ-ի նման մի կառույց ստեղծել, որտեղ վճար մուծող անդամները կունենան Անվտանգության խորհրդի անդամի կարգավիճա, բայց ոչ թե իրենց ունեցած աշխարհաքաղաքական աղդեցությանը համապատասխան, այլ՝ որովհետեւ փող են տաիս եւ կարգավիճակ գնում: Թրամփը, լինելով բիզնեսմեն, ամեն ինչ վերածել է փող աշխատելու աղբյուրի, այդ թվում՝ եւ ԱՄՆ քաղաքացիություն ստանալը: ԱՄՆ-ն գտնվում է խայտառակ ծանր ֆինանսական վիճակում. 2026 թվականի ֆինանսական տարում ԱՄՆ բյուջեի եկամուտները կանխատեսվում են 4,9 տրիլիոն դոլար, իսկ ծախսերը՝ 7,3 տրիլիոն, բյուջեի դեֆիցիտը կազմելու է 2,4 տրիլիոն, այն դեպքում, երբ անցած տարվա դեֆիցիտը եղել է 1,775 տրիլիոն դոլար: ԱՄՆ իշխանություններն ուզում են այդ բացը լրացնել իրենց ենթակա պետությունների հաշվին, այդ թվում՝ եւ եվրոպական, այսպես կոչված, դաշնակիցների: Խաղաղության խորհուրդը եւ Խաղաղության հիմնադրամը, ըստ էության, հարկատեսակ է՝ սահմանված ԱՄՆ վասալների համար:

Եվրոպական երկրները, որոնք նույնպես ֆինանսական վատ վիճակի մեջ են, չեն ուզում հավելյալ գումար վճարել ԱՄՆ ստեղծած հիմնադրամին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արդեն հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում Թրամփի ստեղծած խորհրդի մեջ մտնել: Թրամփն էլ ի պատասխան ասել է, որ երբ ԱՄՆ-ն 200 տոկոսանոց մաքսատուրք սահմանի ֆրանսիական շամպայնի եւ գինիների վրա, այդ ժամանակ Ֆրանսիայի դիրքորոշումը կփոխվի: Թրամփը Մակրոնին անվանել է հեռացող նախագահ՝ նկատի ունենալով, որ 2027 թվականին նրա նախագահության ժամկետն ավարտվում է, եւ նա այլեւս չի վերընտրվի կամ ԱՄՆ-ի կողմից չի վերանշանակվի:
Եվրոպական երկրները համերաշխություն են դրսեւորում՝ ԱՄՆ-ի կողմից իրականացվող հարձակումներին դիմակայելու համար: Գրենլանդիան գրավելու սպառնալիքները, եվրոպական երկրներին առավելագույն մաքսատուրքերով հարկելը, նրանց վրա հավելյալ հարկային պարտավորություններ դնելը` Խաղաղության խորհրդին միանալու տեսքով, ստիպում է վասալներին ըմբոստանալ, նրանք այլեւս չեն ուզում հանդուրժել ԱՄՆ կամայականությունները, համարում են, որ իրենց ուժերից վեր է ԱՄՆ ֆինանսական խնդիրներն իրենց վրա վերցնելը, եւ իրենք կարող են մնալ դրա տակ:

Ֆրանսիան եւ եվրոպական շատ երկրներ հայտարարել են, որ չեն պատրաստվում դառնալ Թրամփի ստեղծած Խաղաղության խորհրդի անդամ, ընդհակառակը՝ մտածում են, թե ինչ գործուն քայլեր կարող են համատեղ իրականացնել՝ ԱՄՆ նախագահին զսպելու համար, որոնցից մեկը ԵՄ-ի կողմից ամերիկյան պարտատոմսերի վաճառքը կարող է լինել, որը կազմում է 8 տրիլիոն դոլար` ամերիկյան պարտքի 25 տոկոսը, որը կարող է փլուզել ամերիկյան դոլարը եւ ծանր հարված հասցնել ԱՄՆ տնտեսությանը: Իսկ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ուրախությամբ ավետում է, որ Փաշինյանը ստացել է Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ. «Վարչապետ Փաշինյանը սիրով եւ պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»։ 

Սա եվրոպական համերաշխության դեմ ուղղված քայլ է, դրանով Փաշինյանն ուզում է ասել, որ չի պատրաստվում մաս կազմել ԱՄՆ-ի դեմ կազմակերպվող եվրոպական դիմադրությանը, որ իր տերը Միացյալ Նահանգներն է, ոչ թե Եվրամիությունը կամ դրա առանձին անդամներ, այդ թվում՝ Ֆրանսիան: Ինքը եվրոպամետ էր, քանի դեռ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն միասնական էին, իսկ հիմա, երբ նրանք հակադիր ճամբարներում են, ինքն անցնում է ուժեղի կողմը: Հարց է առաջանում․ իսկ որտեղի՞ց Հայաստանին 1 միլիարդ դոլար՝ Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ դառնալու համար։ Իհարկե, Հայաստանի իշխանությունը նոր վարկ կվերցնի եւ այդ վարկով կօգնի ԱՄՆ տնտեսությանը՝ հաղթահարելու իր դժվարությունները: Խաղաղության խորհրդին միանալը կներկայացվի որպես Հայաստանի աննախադեպ հաջողություն, Հայաստանի միջազգային վարկի եւ հեղինակության հսկայական աճի եւ իշխանությունների կողմից իրականացված քաղաքականության ճշմարտացիության ապացույց: Իսկ դուք ի՞նչ էիք մտածում. հե՞շտ է լինել ամերիկյան վասալ կամ ստրուկ, գնացեք եւ հարցրեք այն միլիոնավոր աֆրոամերիկացիներին, որոնք հարյուրամյակներ շարունակ բանում էին ամերիկացի պլանտատորների դաշտերում՝ հանուն նրանց եւ ԱՄՆ բարեկեցության: Մենք էլ հիմա կսկսենք բանել ամերիկացիների եւ նրանց բարեկեցության համար, անկախ նրանից՝ հասկանում ենք դա, թե ոչ, ընդունում ենք, թե ոչ: Իսկ Խաղաղության հիմնադրամին միանալուց հետո ստիպված կլինենք հօգուտ ամերիկացիների բանել ավելի շատ: Երբ տիրոջ գործերը վատանում են, ամբողջ ծանրությունն ընկնում է ստրուկների վրա:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image