Սփյուռքը կրկին բռունցքվում է։ Երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, լուծարվեց Սփյուռքի նախարարությունը․ այն կառույցը, որը տարիներ շարունակ ոչ միայն համակարգում էր հարաբերությունները, այլև պահում էր Հայաստանի ու աշխարհի հայության բնական կապը։ Պաշտոնապես դա ներկայացվեց որպես «արդիականացում», բայց գործնականում Հայաստանի վրա Սփյուռքի ազդեցությունը թուլացավ։ Նրա փոխարեն ստեղծված համակարգը ոչ թե միավորեց, այլ աստիճանաբար խորացրեց բաժանումները։
Այսօր Հայաստանը հիշեցնում է այն ծնողին, ով ամբողջ կյանքում պահել ու պաշտպանել է իր զավակին, իսկ հիմա ինքն է նրա կարիքը զգում։ Սփյուռքը միշտ օգնել է՝ հնարավորի չափով․ գումարով, կապերով, խոսքով, լոբբինգով, մշակույթով։ Բայց այսօր հարցը օգնությունը չէ․ հարցը գոյությունն է, ինքնությունն է։
Այդ պատճառով էլ Սփյուռքը նորից բռունցքվում, հավաքվում է՝ այս անգամ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ։
Եկեղեցու ղեկավարության դեմ շարունակական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները Սփյուռքում ընկալվում են ոչ թե որպես ներքին վարչական վեճ, այլ որպես սպառնալիք ամբողջ ժողովրդի համար։ Սփյուռքից արդեն ահազանգում են՝ կառավարության այս մոտեցումը վտանգում է կտրել Հայաստանի կապը իր աշխարհասփյուռ ժողովրդի հետ․ մի բան, որը չկարողացան անել անգամ Օսմանյան կայսրություն-ը կամ Խորհրդային Միությունը։
Հայտարարությունների հեղինակները ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են, համաշխարհային եկեղեցու անդամներ, համայնքային գործիչներ։ Նրանք պահանջում են՝ եկեղեցական կառավարման հարցերը լուծել եկեղեցու ներսում, ոչ թե պետական ճնշմամբ։
Իշխանությունը հայտարարում է, որ թույլ չի տա կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձերի հետ միասին։ Բայց նույն պահին, սահմանափակելով եկեղեցու բնականոն գործունեությունը, փորձում է լռեցնել նրան։ Այդ բառերն ակամա բացահայտում են ակնկալիքը․ ոչ թե համագործակցություն, այլ ենթարկում ու ճնշում։
Պատմությունը ցույց է տվել՝ երբ պետությունը թուլանում է, ժողովուրդը ինքն է իրեն հավաքում։ Այսօր այդ հավաքման առանցքը կրկին հոգևորն է։
Կարծում եմ՝ այս շրջափակումների, կորուստների ու անվստահության պայմաններում Սփյուռքը թուլացած Հայաստանին՝ իր ծնողին, դարձյալ կտա իր արյունը։ Բայց այս անգամ ոչ միայն ապրեցնելու, այլ նաև հիշեցնելու՝ ով է տան տերը, և որտեղ է ժողովրդի իրական միասնականությունը։