Յուվեցի Կարոյի որդու՝ Վիլեն Կարապետյանի, եւ ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի (Նովո) ու մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթները հասել են տրամաբանական հանգրվանի։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրները փոխանցում են, որ Վիլեն Կարապետյանը վերադարձել է եւ ներկայացել նախաքննական մարմնին:
Հիշեցնենք, որ նրա նկատմամբ կալանք էր սահմանվել, եւ հետախուզում հայտարարվել: Նա հեռացել էր Հայաստանից եւ, ըստ ամենայնի, դրսից վճարել է իրենից պահանջվող գումարը: Ուստի վերադարձել է, եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատախազությունը փոխել է գրավով, իսկ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանը շարունակում է հետախուզման մեջ մնալ։ Տեղեկացանք նաեւ, որ Վիլեն Կարապետյանն արդեն 2 օր է՝ բացել է իր փակված գազալցակայանները, որոնք արդեն աշխատում են: Վերացվել են նաեւ «Գազպրոմի» հետ եղած խնդիրները։ Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին․ «500 մլն դրամ վնաս է վերականգնել. ընտրվել է գրավ խափանման միջոց՝ 2 մլն դրամ»։
Նշենք․ նախաքննության ընթացքում մեղադրյալները պետական բյուջե են վերականգնել ընդհանուր 1 միլիարդ 600 հազար դրամ գումար: Ըստ ամենայնի, նաեւ «Գազպրոմի» հետ են համագործակցել` փոխել են հաշվիչները, որ հետագայում գազագողությունը բացառվի։ Հիշեցնենք․ ընդհանուր՝ 36 ԱԳԼՃԿ էր փակվել, հիմնականում` Արարատի եւ Արմավիրի մարզերում։ Սեփականատերեր Կարապետյանն ու Գեւորգյանը հետախուզման մեջ էին` փախուստի էին դիմել: Արտերկրից նրանք վճարել են նշված 1 միլիարդ 600 հազար դրամը։ Նախապես իրավապահները խոսում էին յուրաքանչյուրից 2 միլիարդ դրամ հարկերից խուսափելու մասին, սակայն, հավանաբար, կոմպրոմիսի են գնացել։ Նշենք, որ քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրօր․ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) եւ 5 անձի նկատմամբ՝ 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն օժանդակելը): Խոսքը գազի, այսպես կոչված, «լեւի» օգտագործման մասին էր: