Այլ

Ադրբեջանում զինկոմ է ձերբակալվել՝ կաշառակերության համար

Ադրբեջանում զինկոմ է ձերբակալվել՝ կաշառակերության համար

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն օրերս տարածել է հայտարարություն՝ Խաչմազի շրջանի զինկոմիսարին ձերբակալելու վերաբերյալ։ Համաձայն ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների՝ Ադրբեջանի իրավապահների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտվել են վերոնշյալ զինկոմիսարի կողմից իրականացված հակաօրինական գործողությունները։ Մասնավորապես, վերջինս քաղաքացուց պահանջել է 8 հազար մանաթ, որպեսզի նրան ձեւակերպի որպես զինվորական ծառայության համար առողջական հիմքով ոչ պիտանի, սակայն իր պահանջած 8 հազարից ստացել է ընդամենը 5 հազար մանաթը։ 
Զինկոմի աշխատասենյակում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են գործի համար կարեւոր նյութեր։ Ներկայացվել է մեղադրանք առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցադրվագներով։ Դատարանի որոշմամբ՝ նա վերցվել է նախնական կալանքի տակ։ 

Ադրբեջանական մեդիայում տեղ գտած հրապարակումների համաձայն, իրավապահները հատուկ գործողություններ են իրականացրել նաեւ Ջալիլաբադի եւ Լաչինի շրջանային զինկոմիսարիատներում։ Կարելի է ենթադրել, որ առաջիկայում այս մասին աղմկոտ հրապարակումների պակաս չի լինի։ Ըստ ամենայնի, կարելի է ասել, որ ալիեւյան վարչակարգը հերթական հակակոռուպցիոն պայքարի բեմականացումն է իրականացնում՝ թե՛ ներսի լսարանին «կերակրելու» համար, թե՛ դրսում «համոզմունք առաջացնելու», որ ռեժիմը կոռումպացված չէ։ Այն, որ Ադրբեջանում բոլոր ոլորտներում համակարգային ահռելի կոռուպցիա կա, փաստ է։ Ուշագրավն այստեղ բանակի հետ կապված դրվագներն են, հատկապես որ, այսպես ասած, պատերազմում հաղթած եւ «երկաթյա բռունցք» ունեցող երկրում մարդիկ, փաստորեն, պատրաստ են մի քանի հազար դոլար տալ՝ բանակային ծառայությունից խուսափելու համար։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image