Հետընտրական զարգացումները Վարդենիսում լի են դրամատիզմով, ինտրիգներով, զավեշտով:
Դրամատիզմ։ Հետընտրական զարգացումներին դրամատիզմ են հաղորդում ընդդիմադիր դաշինքների ներկայացուցիչներին քրեական հետապնդման ենթարկելու փորձերը: Հենց ընտրության հաջորդ օրը՝ դեկտեմբերի 9-ին, երբ «Ահարոն Խաչատրյան» (առաջին համարը՝ Տորֆավանի գյուղապետ Ահարոն Խաչատրյան) եւ «Միավորված Վարդենիս» (առաջին համարը՝ Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյան) դաշինքները հայտարարեցին միավորվելու մասին, ու պարզ դարձավ, որ մանդատների քանակով նրանք հաղթելու են ՔՊ-ին (14/13), ձերբակալվեց, ապա կալանավորվեց Արամ Հարությունյանը, իսկ քաղաքապետի թեկնածու Ահարոն Խաչատրյանի տանը խուզարկություն սկսվեց: Այսօր Արամ Հարությունյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է:
Նրան մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման, խարդախությունների գործով, որը վերաբերում է 2019 թվականին՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում հայտնաբերված չարաշահումների համար: Այս գործով կալանավորումը նախկինում մերժվել էր մի անգամ, բայց այս անգամ անհրաժեշտ է խոչընդոտներ ստեղծել, որ Արամ Հարությունյանը չկարողանա մասնակցել քաղաքապետի ընտրություններին, իսկ եթե ՔՊ-ականների բախտը բերի՝ նաեւ չհասցնի իր մանդատը փոխանցել հաջորդ համարին: Սա միանգամայն հնարավոր է, քանի որ մանդատը փոխանցելու գործընթացն առնվազն երեք-չորս օր կարող է տեւել եւ իրականացվում է ԿԸՀ-ի ու նոտարով վավերացված փաստաթղթի՝ հայտարարության հիման վրա, ինչը ժամանակ է պահանջում: Ընդդիմությունը հիմա մեկ մանդատ չկորցնելու համար պետք է հասցնի կազմակերպել Արամ Հարությունյանի մանդատը հաջորդ համարին հանձնելը:
Զավեշտ։ Այն, ինչ կատարվեց ընդդիմության` քաղաքապետի միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանի հետ, հումորային սերիալի սցենար է հիշեցնում: Դեկտեմբերի 9-ին նրա կողմնակիցներից մոտ 20 հոգու ձերբակալել են, ապա կարճ ժամանակ անց բաց թողել: Այդ ընթացքում, ըստ Վարդենիսի ընդդիմադիրներից մեկի, Խաչատրյանի համակիրների հետ կոնկրետ քաղաքական զրույցներ են եղել, իսկ վերջիններս իրավապահներին պատասխանել են, որ եթե անգամ իրենք այլեւս չկանգնեն ընդդիմության կողքը, միեւնույն է, թիմը գնալու է մինչեւ վերջ: Ահարոն Խաչատրյանի տներն են խուզարկել, մեքենան:
Նրան ներկայացնելու մեղադրանք իրավապահները չեն ունեցել: Քննչական կոմիտեն ընդամենը հաղորդեց, որ խուզարկությունները տեղի են ունեցել քրեական ինչ-որ գործի շրջանակում, եւ որ Ահարոն Խաչատրյանը վկայի կարգավիճակ ունի: Թե ինչին է վերաբերում գործը, ստույգ հայտնի չէ: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ խոսքը կաշառքի մասին է, որ Ահարոն Խաչատրյանին փորձում էին ընտրակաշառք տալու մեջ մեղադրել, բայց ի սկզբանե ձախողվեցին: Նախ, սխալ հասցեով էին խուզարկության գնացել: Փոխանակ Ահարոնի տուն գնային՝ Տորֆավան, ներկայացել են նրա կնոջը պատկանող Վանեվանի տուն: Խաչատրյանի փաստաբանն այնտեղից քննիչներին դուրս է արել: Հետո խուզարկել են մեքենան: Ի վերջո, գտել են մի ընտիր առիթ՝ ցուցմունք են գրել տվել Ահարոն Խաչատրանի տան բանվորի մորը:
Բանվորը զինծառայող է, որն առողջական խնդիր է ունեցել: «Էդ երեխեն Ահարոնի տանն աշխատել է, զինծառայող է հիմա, առողջական խնդիր է ունեցել, վիրահատել են: Ահարոնի կինը գնում ա իրանց տուն, ասում ա՝ երեխի համար մենք էլ վեշ դնենք, որ գնում եք հիվանդանոց: Հիմա սա ուզում են սարքեն, թե իբր ընտրակաշառք ա առաջարկել: Էդ տղու մորն ասել են՝ արի գրի, գրել ա, հետո արդեն որ ջոկել ա, ոնց ա եղել, գնացել, ցուցմունքը փոխել ա, գրել ա, որ իրականությունն այլ է»,- պատմում են Վարդենիսում: Փաստորեն, ընդդիմության քաղաքապետի թեկնածու Ահարոնի Խաչատրյանի վրայով մեղադրանք կարել ոչ մի կերպ չի հաջողվում, եւ իշխանությունը որոշել է գնալ այլ ճանապարհով:
Ինտրիգ։ Մեր տեղեկություններով, իշխանությունը Վարդենիսում տեսնելով, որ չի ստացվում ճնշել ընդդիմությանը եւ համոզիչ ձեւով քրգործեր կարել, անցել է «պլան Բ»-ի իրագործմանը: Այն է՝ փոխել քաղաքապետի ՔՊ թեկնածուին՝ Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանին, մեկ այլ՝ միավորված ընդդիմադիր գյուղապետերի համար ավելի ցանկալի կերպարով: Ըստ էության, սա Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ծրագիրն է, իսկ նոր «քաղաքապետացուն» նրան շատ հավատարիմ Վարդենիսի փոխքաղաքապետ, ՔՊ ցուցակի երկրորդ համար Արտակ Մանուկյանն է:
Հիշեցնենք, որ քաղաքապետ Արամ Մելքոնյանը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի մտերիմն է, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի աջակցությունն է վայելում: «Այս պահին, կարելի է ասել, ՔՊ-ն էլ չի պայքարում, որ Արամ Մելքոնյանը քաղաքապետ դառնա: Հիմա մեզ ասում են՝ եթե խնդիրը Մելքոնյան Արամն ա, մենք իրան ասում ենք` մանդատը վայր դնի: Մարզպետի համար մեզ հետ բարիշելն ու իր մարդուն բերելը պատվի հարց է: Կոպիտ ասած՝ առաջարկում են, որ Արամին քցենք խաղից դուրս ու իրար հետ լեզու գտնենք: Բայց մենք չենք ուզում այդ տարբերակը, որեւէ համագործակցություն իրենց հետ չենք տեսնում: Մենք խոստացել ենք «Միասնական Վարդենիսի» մեր գործընկերներին, որ ոչ մի համագործակցության տարբերակ չի լինելու: Անկախ քաղաքական մտածողությունից, մենք իրենց հետ բան ենք պայմանավորվել ու մեր պայմանավորվածությունը չենք թողնելու ճամփի կեսից»,- ասում է ընդդիմադիր գործիչներից մեկը:
Ընդդիմության «պլանն» էլ հետեւյալն է՝ Ահարոն Խաչատրյանին ընտրում են քաղաքապետ, նրա տեղակալը լինում է «Ահարոն Խաչատրյան» դաշինքի երկրորդ համարը, իսկ երկրորդ փոխքաղաքապետն Արամ Հարությունյանն է դառնում: