Փարաքարում, «Լիա գարդեն» սրահի հարեւանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ թափառական խասկի էր ապրում իր ձագերով: Նրան երկար ժամանակ կերակրում էին Արմավիրի կենդանասերները: Օրերս նրանց լուր է հասել, որ բենզալցակայանների տնօրեն Արմեն Հարությունյանը, որը հանրությանը հայտնի է որպես Ֆլեշի Արմեն, վերացրել է խասկիին եւ նրա ձագերին: Ավելի ճիշտ՝ հանձնարարել է իր անվտանգության ծառայության Հակոբ անունով պետին` հեռացնել կենդանուն, ձագերով հանդերձ, տարածքից եւ վերացնել:
«Կերով խաբել են, մտցրել են ավտո, տարել են անհայտ ուղղությամբ: Պարզ չի՞, որ տարել են, մի տեղ գյուլլել են, էլ ի՞նչ պետք է անեին էդ վայրենիները շանը», - հարցնում է կենդանապաշտպան «Դոգմա» կազմակերպության ներկայացուցիչ Գոհար Տեր-Անտոնյանը:
«Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: ես ձեզ կզանգեմ», - «Հրապարակին» ասաց անվտանգության պետ Հակոբը եւ, իհարկե, չզանգեց: Նաեւ դադարեց մեր զանգերին պատասխանել:
Կենդանապաշտպանները դիմել են ոստիկանություն, պահանջելով պատասխանատվության ենթարկել Արմեն Հարությունյանին եւ նրա աշխատակցին: Նաեւ ներկայացրել են հեռախոսազրույցի ձայնագրություն, որում Արմեն Հարությունյանը նրանց ասում է. «Լավ եմ արել, վերացրել եմ, ս-ր եղեք ստուց»:
«Ոստիկանները մեր ներկայությամբ զանգեցին Հակոբ անունով անձնավորությանը, եւ նա համարյա նույն լկտի պատասխանը տվեց ոստիկանության աշխատողներին, ցույց տալով, որ ինչ կուզեն կանեն», - ասում է Գոհար Անտոյանը:
Արմեն Հարությունյանը «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենն է, իսկ այդ ընկերությունը կապակցված է եղել «Ֆլեշ» ապրանքանիշի հետ: Ի դեպ, Արմեն Հարությունյանը ներգրավված է բենզալցակայանի տարածքում առանց համապատասխան թույլտվության շինարարություն իրականացնելու գործով: Նրան մեղադրում են այն բանում, որ 2023 թվականի մայիսին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի 32/1 հասցեում գտնվող բենզալացակայանի տարածքում, առանց համապատասխան թույլտվության, կատարել է շինարարական աշխատանքներ, ինչպես նաև մեղադրվում է այդ կապակցությամբ կաշառք տալու համար։