Հասարակություն

Մենք Սևանն ուզում ենք տեսնել որպես մաքուր ջրային ռեսո՞ւրս, թե՞ ջրի կաթսա․ այս է խնդիրը

Մենք Սևանն ուզում ենք տեսնել որպես մաքուր ջրային ռեսո՞ւրս, թե՞ ջրի կաթսա․ այս է խնդիրը

Սևանա լիճը վերածվել է ջրով լցված կաթսայի, գրեթե առանց կենսաբազմազանության․ հայտարարում է բնապահպան Սիլվա Ադամյանը։ 

«Այս իշխանությունը ժամանակ առ ժամանակ տարփողում էր, որ էս ենք արել, էն, դրա արդյունքում Սևանի մակարդակը, ահա, այսքան սմ-ով բարձրացել է, ջրի մակարդակը, հա, մի քիչ բարձրացել էր, մի քիչ կայուն էր դարձել, բայց դրանից ջրի որակը չէր փոփոխվել, որովհետև մեր ձկնապաշարների քանակութունն ահավոր քիչ է, ո՞նց բացատրեմ՝ ջրի կաթսա է։ Լրիվ համամիտ եմ Բորիսի հետ (Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի նախագահ Բորիս Գաբրիելյան), որը hրաշալի ելույթ ունեցավ ու ասաց՝ ի վերջո, պետք է հասկանալ՝ մենք Սևանը որպես ի՞նչ ենք ուզում տեսնել՝ մաքուր ջրային ռեսո՞ւրս, որտեղ կունենանք հրաշալի կենսաբազմազանություն, թե՞ ուղղակի ջրային ռեսուրս, որը կարող ենք օգտագործել ոռոգման համար։ Հրաշալի հարց, բայց դրա պատասխանն այսօր մենք դեռ չունենք»։   

Ընդ որում, հիմա Սևանի մակարդակի բարձրացումով գլուխ գովելու առիթ էլ չկա, որովհետև համաձայն բնապահպանական  Ecolur.org կայքի տվյալների՝ 2021թ. հունվարի համեմատությամբ հուլիսին ջրի մակարդակն իջել է 16 սմ-ով: 2021թ. հուլիսի 19-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900,75 մ, ինչը 2020թ. նույն օրվա ցուցանիշի համեմատ ցածր է 3 սմ-ով (1900,78 մ), իսկ 2019թ. հուլիսի 19-ի համեմատ՝ 6 սմ-ով (1900,81 մ): Լճի մակարդակն ավելի ցածր է նախորդ 2 տարիների համեմատ՝ չնայած նրան, որ ջրառից շատ ջուր է ներհոսել Սևանա լիճ: Տարեսկզբից Արփա-Սևան ջրատարով լիճ է ներհոսել 129,686 միլիոն խմ ջուր։ Ի դեպ, մոտ այդքան էլ բաց է թողնվել լճից։

Սրան գումարվում է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը լճի էկոհամակարգի վրա․ ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ նվազել են դեպի լիճ գետային հոսքերի ծավալները, ավելացել է գոլորշիացումը, լիճը ծաղկում է, մակարդակը՝ օրեցօր իջնում: 

Ապրիլ, մայիս և հունիս ամիսներին Գեղարքունիքի մարզի 10՝ Ծակքար, Լիճք, Արծվանիստ, Լուսակունք և այլ համայնքների վարչական տարածքներով հոսող և Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների արդյունքում հավաքվել են 229 հազար 364 կգ աղբ և 283 կգ վերամշակման ենթակա թափոն։

Բնապահպանն ավելացրեց՝ ջրի մակարդակը իջնում է, և բոլորս, այդ թվում` վերին ատյաններում, հրաշալի գիտեն, թե ինչու է իջնում։ Սիլվա Ադամյանի ակնարկն արդյոք սովորականից մեծ կամ չհայտարարված ջրառի՞ն է վերաբերում։ Այո։ Ասաց․ «Թեև չեմ ստուգել, բայց, այո, համոզված եմ, որ ջրառ է իրականացվում Սևանում։ Որովհետև ահավոր է իրավիճակը․ ամբողջ դաշտերը չորանում են, և առանց դրա հնարավոր չէ։ Եվ դա կապված է նաև կլիմայի փոփոխության հետ, որովհետև ահավոր չոր տարիներ են լինում։ Եվ, այո, կարող եմ պնդել, որ թաքուն, առանց որևէ մեկին իրազեկելու անում են»։

Նկատեցինք, որ նույն անջուր վիճակով պայմանավորված՝ նախկինները ամեն տարի մեծ ջրառներ էին կազմակերպում ԱԺ արտահերթ կամ հերթական նիստով․ ընդդիմությունը գալիս, ինչ ասես ասում էր իշխանությանը, ի վերջո, կոճակներ էին սեղմվում, և մեծամասնության որոշմամբ՝ Սևանից իրականացվում էր ջրառ։ Բայց թաքու՞ն, առանց ԱԺ որոշմա՞ն։ Սիլվա Ադամյան․ «Իհարկե։ Ու այլ ոլորտներում օրինակները չե՞ն համոզում, ինչի մեզ մոտ օրե՞նք կա․․․ ինչի պատերազմը, էս ամեն ինչնը, ինչ կատարվեց, հեչ ոչ մի բան չե՞ն ասում Ձեզ։ Ու եթե նախկինում մենք հնարավորություն ունեինք վերին էշելոններին քննադատելու հենց իրենց ներկայությամբ, այսինքն՝ խորհուրդներում, հանձնաժողովներում ու հանդիպումներում, հիմա՝ ոչ։ Էս կառավարությունը ոչ մի մասնագետի հետ չի աշխատում։ Եվ դրա համար էլ էս վիճակում ենք։ Մի ինչ-որ հանձնաժողով են կազմել՝ Ջրային ռեսուրսների կառավարման հետ կապված միջգերատեսչական հանձնաժողով։ 10 անգամ գրել եմ, որ տվեք էդ հանձնաժողովի անդամների անունները, խնդրում եմ՝ հրապարակեք, մի հատ հասկանանք՝ ովքեր են։ Էդպես էլ չհրապարակեցին։ Կլիմայի փոփոխության հետ կապված, էլի, միջգերատեսչական հանձնաժողով էին կազմավորել, շրջակա միջավայրի նախարարության կայքում գրեցի, որ խնդրում եմ՝ ներկայացրեք, թե ովքեր են լինելու։ Ոչ ծպտուն, ոչ արձագանք։ Ու կողքից մարդիկ, մանագետներ, գրել էին, որ իրենք սկի խաբար չեն ու չգիտեն»,-հավելեց բնապահպանը։

Վերջերս լսեցինք՝ մշակվում է կլիմայի փոփոխությանը Հայաստանի ջրային ոլորտի հարմարվողականության ծրագիր՝ ՋՈՀԾ կոչվող հապավումով։ Հարցրինք Սիլվա Ադամյանի կարծիքը։ Անկեղծորեն ասաց, որ ծանոթ չէ, բայց որպես տարիներ ի վեր Սևանի համար պայքարած բնապահպան, մի բան գիտի՝ Հայաստանում նման ծրագրերն իրենց չեն արդարացնում, մնում են թղթի վրա։ «Ես բազմիցս փորձել եմ հասկանալ, կարդալ, մասնակցել էդ քննարկումներին, ու, հա, թղթի վրա շատ բան է գրված, բայց պրակտիկորեն այդ ծրագրերից ոչ մի բան Հայաստանում չի իրականացվել։ Օրինակ՝ կլիմայի փոփոխության հետ կապված․ ես ներկա եմ եղել, ինչ-որ շինությունների մասին էր խոսքը, որ դրանք կառուցվեն էնպես, որ ամռանը հով լինեն, ձմռանը տաքությունը պետք ա պահեն․ մի խոսքով, էնպիսի տեխնոլոգիաներ պետք է կիրառվեն, որ կլիմայի փոփոխությունը չազդի էդ շինությունների վրա։ Այ, էդ կարգի բաների մասին էին խոսում։ Ես բարձրացրեցի կենսաբազմազանության հարցը, 3-4 տարվա բան եմ ասում, ինձ ասացին, որ մեզ մոտ դեռ էդ խնդիրը չկա․ մենք չենք անդրադառնում դրան, որովհետև կարծում ենք, որ Հայաստանը դեռ լավ վիճակում է։ Բայց պարզվում է, որ հեչ էլ լավ վիճակում չէ»,-ասում է Սիլվա Ադամյանը։

Նա նշում է, որ երբ ժամանակին խոսում էին այն մասին, որ ջերմաստիճանը ՀՀ-ում կբարձրանա, ասում էին՝ նման խնդիր չկա, խոսում էին, որ ձկնապաշարների կորուստ կունենանք, լուրջ չէին ընդունում։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Ըստ բնապահպանի՝ ամռան ամիսներին բնակլիմայական պայմաններն ավելի մոտ են «անապատային իրավիճակին»։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image