«Հրապարակի»-ի զրուցակիցը ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդան է
Ուկրաինայի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի դեմ քրեական գործ է հարուցվել։ Ուկրաինայի Հակակոռուպցիոն ազգային գրասենյակն ու Հակակոռուպցիոն դատախազությունը խուզարկել են Տիմոշենկոյի կուսակցության գրասենյակը, իսկ ավելի ուշ նախկին վարչապետին պաշտոնական մեղադրանքն է առաջադրվել։ Իրավապահները պնդում են, որ Գերագույն Ռադայում կարևոր քվեարկություններից առաջ Տիմոշենկոն և նրա կողմնակիցները փորձել են կաշառել իշխող մեծամասնությունը ներկայացնող օրենսդիրներին։ Ինքը՝ Տիմոշենկոն ներկայացված մեղադրանքները «աբսուրդային» է անվանել՝ պնդելով, որ հակակոռուպցիոն մարմինները «քաղաքական պատվեր են կատարում» և նպատակ ունեն չեզոքացնել մրցակիցներին։
-Յուլիա Տիմոշենկոյի դեմ քրեական գործ է հարուցվել՝ կոռուպցիոն սկանդալի շրջանակում։ Նախկին վարչապետն ու կուսակցության առաջնորդը հերքում է մեղադրանքները և համարում քաղաքական պատվեր։ Ի՞նչ է կատարվում իրականում։
- Ուկրաինայի հակակառուպցիոն գերատեսչությունները Յուլիա Տիմոշենկոյին մեղադրել են այլ խմբակցությունների պատգամավորներին կաշառելու փորձի մեջ՝ իր օգտին քվեարկելու համար: Անկեղծ լինենք. քաղաքական կոռուպցիան Ուկրաինայում նախկինում էլ է եղել, բայց սա առաջին դեպքն է, երբ խորհրդարանական խմբակցության ղեկավարին ինչպես ասում են «տաք» վիճակում են բռնում: Տիմոշենկոն, ակնհայտ պատճառներով, հերքում է մեղադրանքները՝ իրեն անվանելով Ուկրաինայի «միակ ընդդիմությունը»: Սա «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդի համար ծանոթ մարտավարություն է:
- «Բատկիվշչինա» կուսակցության Կիևի գրասենյակի խուզարկության ժամանակ առգրավվել են փաստաթղթեր, դոլարներ և Տիմոշենկոյի անձնական իրերը: Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալություններն արդեն հրապարակել են գաղտնի ձայնագրություն, որը հանցագործության կասկածի հիմք է հանդիսանում: Հունվարի 12-ով թվագրված ձայնագրության մեջ Տիմոշենկոն մեկ այլ խմբակցության մի քանի պատգամավորների առաջարկում է ամսական 10,000 դոլար վճար՝ իր հրահանգներին համապատասխան քվեարկելու համար: Այս անգամ, ի տարբերություն նախորդ սկանդալների, իրավապահ մարմինների արձագանքը, կարծես, արագ է եղել։
- Որքան հասկանում եմ, Տիմոշենկոյի հետ բանակցությունները վարել է ազգային հակակոռուպցիոն բյուրոյի կողմից համապատասխանաբար հավաքագրված խորհրդարանականը։ Ես կարծում եմ, որ շատ ուկրաինացի և եվրոպացի քաղաքական գործիչների համար նման սցենարը կհանգեցներ նրանց քաղաքական կարիերայի ավարտին, բայց Յուլիա Տիմոշենկոն մտադիր է պայքարել իր կարիերայի համար։
- Կարծիք կա, որ Վլադիմիր Զելենսկու՝ իշխանության գալուց առաջ աշխարհում ավելի ժողովրդականություն վայելող ուկրաինացի քաղաքական գործիչ չկար, քան Յուլիա Տիմոշենկոն։ Նա երկու անգամ ղեկավարել է կառավարությունը, երեք անգամ առաջադրվել է նախագահի պաշտոնում, երկու նախագահների օրոք բանտում է անցկացրել, և հիմա կրկին հետապնդման մեջ է։ Իրականում արդյո՞ք Զելենսկին գլխավոր մրցակից չի համարում «Երկաթե» լեդիին, ով ժամանակին գործարքի գնաց Պուտինի հետ։
- Տիմոշենկոն հայտնի քաղաքական գործիչ է ոչ միայն Ուկրաինայում, բայց նրան Զելենսկու հետ համեմատելն այսօր դժվար թե իմաստ ունենա։ Նա, անկասկած, ականավոր քաղաքական գործիչ է, բայց նրա խորհրդարանական խմբակցությունն ունի մի փոքր ավելի քան 20 անդամ։ Նրա հիմնական ձգտումը վարչապետ դառնալու ցանկությունն է, և հեգնանքն այն է, որ վեց ամիս առաջ վարչապետ դարձավ մեկ այլ Յուլիա՝ Սվիրիդենկոն։
- Իրականում ինչպիսի՞ն է հիմա Տիմոշենկոյի վարկանիշը բուն Ուկրաինայում։ Եթե խաղաղություն հաստատվի, նշանակվեն նախագահական ընտրություններ․ նա երկիրը ղեկավարելու հայտ կներկայացնի՞։ Առհասարակ նման ակնարկ եղել է նրա կողմից։
- Տիմոշենկոյի վարկանիշը բարձր չէ. փետրվարի սկզբին կտեսնենք, թե ինչպես են հակակոռուպցիոն գերատեսչության մեղադրանքները ազդել նրա ժողովրդականության վրա։ Բայց շատ հավանական է, որ Յուլիա Տիմոշենկոն կառաջադրվի նախագահի պաշտոնում։
- Պատերազմող Ուկրաինայում սա առաջին կոռուպցիոն սկանդալը չէ․ անցած տարի հայտնի դարձավ «Մինդիչի գործի» մասին, երկու նախարար և մեկ նախկին փոխվարչապետ պատասխանատվության ենթարկվեցին պետական «Էներգոատոմ» ընկերության միջոցով միջոցներ հափշտակելու համար, իսկ գործարար Թիմուր Մինդիչը, Զելենսկու նախկին գործընկերը, որը ներգրավված էր սխեմայում, ստիպված էր փախչել երկրից: Ե՞րբ է կտրվելու այս շղթան․ Կիևի արևմտյան ու եվրոպացի գործընկերներն արդեն սկսել են մտահոգվել։
- Ես կասեի, որ Ուկրաինան ներկայումս ապրում է ճգնաժամ, որը նման է բարձր ջերմություն ունեցող մարդու ճգնաժամին։ Սակայն Մինդիչի և Տիմոշենկոյի կոռուպցիայի մասշտաբները տարբեր են։ Մինդիչը «95-րդ թաղամաս»-ի նախկին առևտրային տնօրենն է։ Ակնհայտ է, որ պատերազմի ժամանակ կոռուպցիոն սկանդալները չեն բարձրացնում Վլադիմիր Զելենսկու հեղինակությունը, բայց Արևմուտքը չի խոսում Ուկրաինային օգնելուց հրաժարվելու մասին։