Երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց աննախադեպ հանրահավաքի ու դրան հաջորդած զարգացումների վերաբերյալ զրուցեցինք Արցախի «Արդարություն» կուսակցության գործող համանախագահ Հակոբ Հակոբյանի հետ։
- Պարոն Հակոբյան երեկ աննախադեպ բազմամարդ հանրահավաք ու երթ տեղի ունեցավ Ստեփանակերտում։ Ինչպե՞ս եք այն գնահատում։ Արդյո՞ք կարող ենք ասել, որ դրանով արցախցին մերժում է այսպես ասած «խաղաղության օրակարգը», որը պարտադրվում է ՀՀ իշխանությունների կողմից։
- Երեկ Արցախում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության քաղաքացիների ուժի ցուցադրումն առ այն, որ ոչ ոք և ոչինչ չի կարող կոտրել արցախցու կամքը և նրա ուժը: Այն ապացուցեց, որ արցախցին իր մեջքը ուղղել է և այլևս բոլորը պետք է հաշվի նստեն իր հետ: Արցախում արցախցիները ոչ միայն մերժում են այսպես ասած «խաղաղության օրակարգը», որը պարտադրվում է ՀՀ իշխանությունների կողմից, այլև թելադրում են իրենց օրակարգը որը նախ հնչեցվել է ապրիլի 14-ին ԱՀ ԱԺ հայտարարության ձևով, իսկ երեկ հնչեցվեց Վերածնունդի հրապարակից՝ ուղերձի ձևով:
- Մի շարք կարծիքներ կան, նաև Դուք եք ասել, որ երեկվա հանրահավաքում թևածում էր 88-ի ոգին։ Ինչո՞վ էր այն նման 88-ին։
- Այն ներքին էներգետիկան և ոգեղենությունը, այն սեղմված էմոցիանները, որոնք ժամանակ առ ժամանակ արտահայտում էին քայլերթի մասնակիցները նույնանման էր 88-ի օրերի հանրահավաքներին: Երեկ ազդարարվեց Արցախի փրկության համար պայքարի նոր փուլ, որը վերիշխանական, վերքաղաքական բնույթ ունի:
- Հայաստանյան իշխանամետ շրջանակներն, լրատվամիջոցները՝ ներկայացնելով երեկվա հանրահավաքը, փորձում էին խեղաթյուրել այն ՝ ներկայացնելով որպես համերգ։ Ինչպե՞ս կգնահատեք այն և Ձեր կարծիքով ինչի՞ հետ է սա կապված։
- Այդ մասին ես անդրադարձել եմ գրառմամբ, սակայն ուզում եմ ավելացնել, որ այս հարցում որևէ չհասկացված, կամ ոչ միանշանակ գրառում չի ընդունվելու հասարակության կողմից: Եվ պետք չէ նման վարքագիծ դրսևորել, կամ նման գրառում կատարել, այնուհետև փորձել երկար ու ձիգ գրառմամբ բացատրել: Հայաստանյան իշխանությունները, իշխանամետ շրջանակներն ու նրանց լրատվամիջոցները պետք է հասկանան, որ ամենօրյա պայքարի դուրս եկած հայ ժողովուրդը երբեք թույլ չի տա, որ իր պատմությունը և հաղթանակները ջնջեն: Պետք է հասկանան, որ հայ ժողովուրդը իր ձեռքով իր պատմության կերտողն է՝ ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում և թույլ չի տալու, որ ուրիշի ձեռքը գրի այդ պատմությունը: