Հարցազրույց

«Հրապարակ». Ախր, անգամ ամոթալի է այսպիսի թեմաներ քննարկելը

«Հրապարակ». Ախր, անգամ ամոթալի է այսպիսի թեմաներ քննարկելը

Հարցազրույց Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ

Սկիզբը` այստեղ

- Արցախահայերն արտագաղթում են, ինչո՞ւ են գնում, ի՞նչ անել, որ կասեցվի:

- Գնում են, որովհետեւ չեն կարողանում իրենց հայրենիքում բավարար սոցիալական ապահովվածություն ունենալ, գնում են, որովհետեւ ամեն ինչ պետք է սկսեն զրոյից, որի համար նախադրյալներ չեն տեսնում Հայաստանում կամ  ցանկանում են իրենց բախտը փորձել այլ երկրում, գնում են, որովհետեւ չեն համակերպվում միջավայրին, միմյանց հանդեպ լարվածության, ատելության, թշնամանքի այս մթնոլորտին: Պատճառները շատ են, ընդ որում՝ դրանք պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասի․ 1. պատճառներ, որոնք հնարավոր է չեզոքացնել ու կանխել արտագաղթը, 2. պատճառներ, որոնք չեզոքացնելու դեպքում հնարավորություն կա կանխել արտագաղթը, եւ 3. պատճառներ, որոնք կա՛մ անհնարին է չեզոքացնել, կա՛մ որոնց չեզոքացումը որեւէ կերպ ունակ չէ կանխելու արտագաղթը: Ամենամեծ թիվը կազմում են առաջին ու երկրորդ խմբի պատճառները, դրանք վերացնելու կամ նույնիսկ դրանց վերացման ուղղությամբ ակտիվ աշխատանքն էապես կրճատելու է արտագաղթը: Ցավոք, թույլ երկխոսությունը եւ հակադիր դասավորվածությունը որեւէ կերպ չեն նպաստում այդ խնդիրների կարգավորմանը: 

- Արցախ վերադառնալու շանսեր տեսնո՞ւմ եք, եթե նման հնարավորություն լինի, ինքներդ կվերադառնա՞ք։ 

- Այդքան էլ չեմ ընդունում, երբ Արցախ վերադառնալու հարցը սկսվում է քննարկվել «շանսի» կամ «հավանականության», կամ «հնարավորության», կամ նմանատիպ համեմատական գնահատականների խոսույթով: Դա կռահելով կամ ենթադրելով չէ, դա առարկայացված պիտի լինի: Իսկ այս պայմաններում Արցախի ժողովուրդն Ադրբեջանի տիրապետության տակ վերադառնալ ուղղակի չի կարող: Դուք չեք պատկերացնի, թե արցախցիներն ինչ արհավիրքների միջով են անցել 2020-ից հետո, այդ թվում՝ Արցախի շրջափակման ընթացքում, բայց ոչ ոք չի մտածել Արցախից դուրս գալու մասին նույնիսկ այդ պայմաններում, մինչեւ Ադրբեջանը չսկսեց ուղղակի ֆիզիկապես ոչնչացնել մարդկանց` տեւական շրջափակման մեջ ու մահվան սպառնալիքի առաջ կանգնած մարդկանց առջեւ մի քանի օրով բացելով «փակ դռները»` հասկանալի արդյունք ստանալու համար: Ամեն ինչ էլ հնարավոր է, եթե կշիռ ունես եւ քեզնից բան ես ներկայացնում, պետք է ամեն ինչ անել՝ կշիռ ձեռք բերելու, այն ամրացնելու եւ շահերի վրա հիմնված այս աշխարհում սեփական ծրագրերիդ մեջ շահավետություն ունեցող գործընկերներ ձեռք բերելու համար: Անվտանգ Արցախ կվերադառնամ առաջին իսկ հնարավորության դեպքում:     

- Արցախցիների վերաբերյալ ի՞նչ քրեական գործեր կան։ Իրավապահ մամինների կողմից արցախցիների նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունք, խտրականություն տեսնո՞ւմ եք։

- Քանակական տվյալի չեմ տիրապետում, որոշակիորեն տեղյակ եմ այն գործերից, որոնց մասին հրապարակային խոսվում է, եւ քաջածանոթ եմ այն գործերին, որոնցով անձամբ եմ ներգրավված՝ որպես պաշտպան: Գնահատականներ հնչեցնելու համար պետք է ծանոթ լինել քրեական վարույթի նյութերին, իմ մասնակցությամբ գործերով ես արցախցի պաշտպանյալներիս նկատմամբ տարբերակված մոտեցում չեմ արձանագրել, իսկ թույլ տրված ապօրինությունները կամ խախտումները հիմնականում փաստագրվել են դատարանների կողմից: Բայց, ամեն դեպքում, քիչ չեն նաեւ հրապարակայնորեն ներկայացված դեպքերը, երբ արցախցիները մեղադրվել են այս կամ այն հանցանքի կատարման մեջ, սակայն հետո արդարացվել են: Այդ դեպքերից որոշները, կարծում եմ, մոտեցումների տարբերակման հետեւանք էին: Բայց այս եւ մյուս իրավիճակները խնդիրը ճիշտ չախտորոշելու հետեւանք են: Վերջին շրջանում արձանագրվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին կամ սեփականության դեմ ուղղված հանցագործություններին արցախցիների մասնակցության դեպքեր: Անկասկած է, որ պետությունը կարող է բացահայտել հանցագործությունները, հանցանք կատարած անձանց ու նրանց ենթարկել պատասխանատվության, ուղարկել քրեակատարողական հիմնարկներ` արցախցիները բացառություն չեն: Բայց վերջապես պետք է ընդունել, որ Հայաստանի Հանրապետությունում բնակվող արցախցիները սոցիալական, կրիմինոլոգիական, սոցիալ-տնտեսական բնութագրիչներով ընդհանրացման ենթակա խումբ են, որոնց հետ պետք է առանձին աշխատանք տարվի, այդ թվում՝ հանցավոր երեւույթներից զերծ պահելու համար: Ցավալի է, որ երկու պատերազմով անցած երիտասարդ նախկին զինվորականը, իր փորձն ու հմտությունները Հայաստանի Հանրապետությանը ծառայեցնելու փոխարեն, այսօր նստած է մեղադրյալի աթոռին հափշտակության կամ թմրամիջոցի անօրինական շրջանառությանը ներգրավված լինելու հիմքով։ Սա բոլորիս ամոթն է ու խայտառակությունը: Իսկ այսպիսի դեպքերը շատ են: Եթե մենք այս բնույթի հարցերի լուծումը տեսնում ենք հանցագործին հայտնաբերելու եւ դատապարտելու ձեւով, ապա այս ուղղությամբ եւս դատապարտված ենք անհաջողության: 

- Վերջին շրջանում իշխանականները, մասնավորապես` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, քննադատում են արցախցիներին պատերազմի ժամանակ «չկռվելու» համար` փորձելով Արցախի հայաթափման մեղավոր կարգել հենց արցախցիներին: Թե՛ 44-օրյա պատերազմի օրերին, թե՛ 2023թ. սեպտեմբերին Դուք եղել եք Արցախում եւ տեղյակ եք բոլոր իրադարձություններից, ինչպե՞ս կարձագանքեք այդ մեղադրանքներին: Ի վերջո, եթե պատասխան չի հնչում, տպավորություն է, որ մեղադրանքները ճշմարիտ են:

- Որքան էլ փորձում եմ հավասարակշռությունս չկորցնելու եւ նյարդերս խնայելու համար հեռու մնալ սոցիալական ցանցերում հնչող պառակտիչ ու միմյանց թիրախավորող խոսքից, բայց երբեմն չի ստացվում, եւ ստիպված եմ լինում լսել, բայց, ցավոք, հրապարակային խոսքի կուլտուրան թույլ չի տալիս դրանց վերաբերյալ ասել այն, ինչ իրականում գալիս է հոգուցս: Թե՛ 2020թ. 44-օրյա պատերազմը եւ թե՛ Ադրբեջանի 2023թ. սեպտեմբերյան հերթական ագրեսիան տեղի են ունեցել 21-րդ դարում, եւ ադրբեջանական ագրեսիայից Արցախի պաշտպանության հերոսական դրվագների մի քանի տասնյակ տերաբայտ ծավալի տեսանյութեր կան, որոնց ծանոթացել էի ի պաշտոնե` Արցախի Հանրապետության դատախազությունում: Ես ֆիլմի մասին չեմ խոսում, խոսում եմ իրական իրադարձությունների մասին, որոնք օբյեկտիվության բոլոր չափանիշները բավարարող ապացույցի տեսակով` տեսանյութով ապացուցված են: Նրանք, ովքեր ուզում են պատկերացում կազմել Արցախում տեղի ունեցած պատերազմների մասին, լավ կլինի՝ նախ փորձեն ծանոթանալ դրանց ու հետո միայն գնահատականներ հնչեցնեն, եթե, իհարկե, աչքով տեսածն ու լսածը չզրկեն նրանց խոսելու եւ հաղորդակցվելու ունակությունից: Ես ուղղակի զարմանում եմ, որ Արցախում տեղի ունեցած պատերազմների մասին գնահատականները մարդկային զոհերի թվով են չափվում, զոհերի քիչ ու շատ են քննարկում։ Այդպես չի կարելի, մենք մոռանում ենք, որ ամեն այդպիսի հարցի մասին խոսելուց մենք ցնցում ենք զոհերի հարազատներին: Գիտե՞ք, ծնողը` մայրը, կարողանում է իր մեջ ուժ գտնել եւ երեք որդուց մեկին ուղարկել պատերազմ` մահվան երախ, գիտակցելով, որ կարող է նրան զոհաբերել, բայց նույն մայրը երեք որդուն չի կարող ուղարկել պատերազմ, դա անգամ բնությունը չի հանդուրժում: Արցախցի մայրերը վերջին 30 տարում պատերազմ են ուղարկել իրենց եղբայրներին, ամուսիններին ու երեք որդիներին, եւ եթե դեռ կան մարդիկ, ովքեր կարող են խոսք անգամ ասել այս թեմայով, ուրեմն մեր վիճակն անչափելի վատ է:
Պատերազմի արդյունքը զոհերի քանակով չի որոշվում, իսկ զոհվելն իմաստ ունի, եթե այն արդյունք կտա: Մենք ի՞նչ էինք շահելու, եթե մեկ զոհի փոխարեն ունենայինք հարյուր զոհ, եթե իր ռազմական ռեսուրսներով բազմակի անգամ Արցախին գերազանցող Ադրբեջանն իր հարձակողական ուժին գումարել էր անգամ օտար ուժեր, վարձկաններ, վայելում էր Թուրքիայի ու այլ երկրների բացահայտ օժանդակությունն ու աջակցությունը եւ այդ ամբողջ պոտենցիալը ռազմական ագրեսիայի տեսքով թափել էր Արցախի ու հյուծված  արցախցիների գլխին: Ախր, անգամ ամոթալի է այսպիսի թեմաների մասին քննարկումներ երեւան բերելը, ուղղակի ամոթալի:  

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image