Փետրվարի 5-ին Բաքվում ավարտվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս հայ բանտարկյալների դեմ շինծու մեղադրանքների գործով՝ ավելի քան մեկ տարի տեւած կեղծ դատավարությունը։ Ադրբեջանի կանխամտածված ու կանխատեսելի սցենարով, հանցավոր որոշումներով եւ մարդու հիմնարար իրավունքները կոպտագույնս խախտելով, ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ու ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։ Նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, իրենց տարիքով պայմանավորված, դատապարտվեցին 20 տարվա, իսկ մյուս հայ գերիները՝ 15-19 տարվա ազատազրկման։
Սպասելի էր նաեւ, որ հայ ժողովրդին, Արցախյան ազատագրական պայքարին, Հայաստանի պետականությանը հասցված այս հերթական ծանր հարվածը «պատմական արդարության վերականգնում» կորակեն Ադրբեջանում, մի երկրում, որը Հայաստանի հետ «խաղաղությունը» կառուցում է Արցախը հանձնած, Արցախից, արցախցիներից, ըստ էության՝ հայ գերիներից հրաժարված փաշինյանական դավաճանական ռեժիմի հետ։
Հիշենք․ մեր հայրենակիցներին հանիրավի բանտարկեցին Փաշինյան-Ալիեւ հանդիպման հաջորդ օրը, մեկ օր առաջ, երբ եղբայրության մրցանակ ստացան հայությանը գոյանաբանական աղետներ պատճառած հայ եւ ադրբեջանցի ղեկավարները։ Ադրբեջանական մասմեդիան՝ Ալիեւի խոսափող քարոզիչներից ու քարոզչակայքերից մինչեւ այլ ԶԼՄ-ներ, հերթական ցինիկ տարերքի մեջ էին՝ կապված ՀՀ քաղաքացիների «դատավարության» հետ, եւ սկսեցին կրկին մեղադրել Հայաստանին հին ու նոր «մեղքերի», «ռազմական եւ մարդկային հանցագործությունների» մեջ։ Ավելին, այն դեպքում, երբ միջազգային հանրությունը, տարբեր իրավապաշտպաններ եւ կառույցներ դատապարտում են Բաքվի կեղծ դատավարությունը հայ քաղաքացիների նկատմամբ, պահանջում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ նշելով նրանց առաջադրված մեղադրանքի անհեթեթությունը, դատավարական ֆարսը, իրավունքների եւ ազատությունների ակնհայտ խախտումները եւ այլն, Ադրբեջանում լկտիության չափերն ավելի են մեծանում։
Ադրբեջանցի իշխանական քարոզիչ, քաղաքագետ Նուրանին, օրինակ, գրում է․ «Միջազգային մարդասիրական իրավունքը չի վերացվել։ Աշխարհը սկսեց քննարկել պատերազմի կանոնները եւ սովորույթները Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Պատերազմական պայմաններում միջազգային մարդասիրական իրավունքը վերջապես ձեւակերպվեց ՄԱԿ-ի ստեղծմամբ։ Եվ, թերեւս, նյուրնբերգյան տրիբունալից ի վեր գերիշխող տեսակետն այն էր, որ պատերազմից հետո ռազմական հանցագործությունների դատարանը, անշուշտ, անհրաժեշտ է, բայց այն պետք է իրականացվի միջազգային հանրության կողմից։ Սակայն այստեղ Ադրբեջանը ստիպված էր ինքնուրույն լուծել ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու խնդիրը։ Ճիշտ այնպես, ինչպես մեր երկիրը անկախ իրականացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Ղարաբաղին» վերաբերող չորս բանաձեւերը, որոնք քառորդ դար մնացել էին թղթի վրա։ Սա պահանջեց հսկայական աշխատանք, այդ թվում՝ հետախուզական ծառայությունների կողմից, որոնք պետք է բացահայտեին եւ կալանավորեին մեղադրյալներին, գլխավոր դատախազության կողմից, որը պատրաստեց մեղադրանքները, եւ պաշտպանների կողմից, որոնք ապահովեցին, որ մեղադրյալների իրավունքները լիովին պաշտպանված լինեն։ Եվ հետո անընդհատ փորձեր էին արվում՝ մեղադրյալներին ներկայացնել որպես «անմեղ զոհեր», եւ պահանջում էին նրանց ազատ արձակել մինչեւ դատավարությունը»։
Բայց «խաղաղություն» կառուցող Բաքվի մառազմն այսքանով չի ավարտվում․ ադրբեջանական կողմը Բաքվի գերությունից 4 հայ գերիների՝ Վագիֆ Խաչատրյանի, Գեւորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի եւ Վիգեն Էուլջեքչյանի ազատ արձակումն ու Հայաստանին հանձնումը ներկայացնում է որպես Ալիեւի «մեծ մարդասիրության ու բարեհոգության աննախադեպ ակտ», իսկ, ահա, նախօրեին տարբեր պատժաչափերի դատապարտված մեր մյուս հայրենակիցների վաղաժամկետ կամ առհասարակ ազատ արձակումը համարում են անհնար։ «Դատավարությունն անհերքելիորեն ապացուցեց, որ նրանք հրամաններ են ստացել Երեւանից: Վերջապես, Հայաստանում են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ովքեր 1992 թվականից ի վեր Խոջալուի ցեղասպանության գործով մեղադրյալներ են: Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղություն, ապա պետք է որոշի այդ անձանց արտահանձնել Ադրբեջանին, ինչպես Սերբիայի իշխանությունները մի ժամանակ արտահանձնեցին Սլոբոդան Միլոշեւիչին՝ դատավարության համար: Բայց եթե Երեւանը քաղաքական կամք չունի, կարող ենք ձեզ վստահեցնել, որ Ադրբեջանն ունի այլ միջոցներ եւ լծակներ՝ հիմնականում միջազգային օրդերներ: Միջազգային պրակտիկան այս ոլորտում բազմաթիվ հետաքրքիր նախադեպեր ունի»,- եզրափակում է ադրբեջանցի փորձագետը՝ ուղիղ արտահայտելով Բաքվի հանցավոր ռեժիմի հերթական սպառնալիքը՝ ուղղված Հայաստանին։