Քաղաքականություն

Ատելությո՞ւն, թե՞ սեր. արդյո՞ք մենք բանական էակներ ենք

Ատելությո՞ւն, թե՞ սեր. արդյո՞ք մենք բանական էակներ ենք

Կարդացեք ցանկացած օրվա լրահոսը, հետեւեք սոցիալական ցանցերին, զրուցեք փողոցում քայլող մարդկանց հետ, եւ դուք չեք տեսնի որեւէ մարդու, որն ինչ-որ դրական բան կասի գործող իշխանության ղեկավարի եւ նրա ենթակաների մասին: Երկրի նախկին նախագահներից սկսած, մինչեւ շարքային բանվորը, լրագրողն ու գյուղացին քննադատում, հայհոյում կամ, լավագույն դեպքում` անիծում են նրանց: Մի մասը համոզված պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը հոգեկան հիվանդ է, մի մասը նրան խորհուրդ է տալիս հոգեներգործուն դեղերը չխառնել տնական օղու հետ, մյուսները վստահ են, որ նա, վախի եւ աթոռը պահելու մոլուցքով տարված, ամբողջովին հայտնվել է Էրդողանի եւ Ալիեւի ազդեցության տակ եւ կատարում է մեր թշնամիների կողմից իջեցված ցանկացած հրահանգ, մյուսները վստահաբար պնդում են, որ նա սովորական դավաճան է, եւ նրա անունն արդեն իսկ գրված է հայ ազգի հայտնի դավաճանների ցանկում, այդ ցանկն են հրապարակում եւ գրում, որ, ամենայն հավանականությամբ, նա գլխավորելու է ցանկը, որովհետեւ պատմությանը հայտնի դավաճաններից եւ ոչ մեկը չի զբաղեցրել երկրի ղեկավարի պաշտոնը, պատմության ընթացքում եղել են դավաճան նախարարներ, նույնիսկ՝ սպարապետներ, բայց որ երկրի ղեկավարը դավաճան լինի ու արդյունքում իրեն շրջապատի իր նմաններով, ամբողջ իշխանությունը լինի դավաճանական, նման բան երբեւէ չի եղել: Սխալներ Հայաստանի իշխանավորները թույլ են տվել, հավատացել են սին խոստումների, իրենց ցանկություններն իրականության տեղ են անցկացրել ու պետությունը սխալ ուղղությամբ տարել, բայց որ դավաճանեին հայի եւ Հայաստանի շահին, նման բան չի եղել մեր պատմության ընթացքում:

Հայաստանում ձեւավորվել է հանրային համախմբում` ընդդեմ Փաշինյանի եւ նրա փոքրաթիվ խմբակի, չկա քիչ թե շատ ազդեցիկ քաղաքական ուժ, հասարակական կազմակերպություն, մանդատ, որը կաջակցի Փաշինյանին եւ նրա իշխանությանը: Բոլորի համար պարզ է, որ Հայաստանի եւ Փաշինյանի համատեղ գոյությունն անհամատեղելի է. կա՛մ Հայաստանն է լինելու, կա՛մ` Փաշինյանը, կա՛մ Փաշինյանը հեռացվում է իշխանությունից, եւ Հայաստանը գոյության հնարավորություն է ստանում, կա՛մ Փաշինյանը կեղծիքով, բռնությամբ, արտաքին ուժերի աջակցությամբ, տարբեր մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով պահում է իշխանությունը, որի արդյունքում Հայաստանը դադարում է գոյություն ունենալ: Թվում է, թե նման իրավիճակում Փաշինյանն իշխանությունը պահելու ոչ մի հնարավորություն չունի, նրա եւ նրա իշխանության ճակատագիրը կանխորոշված է` հարյուր կամ նույնիսկ հազար մարդը չի կարող, թեկուզ կեղծիքով, թեկուզ բռնությամբ, իրենց իշխանությունը տարածել իրենց ատող ու մերժող հարյուր հազարավոր, միլիոնավոր մարդկանց նկատմամբ:

Բայց խնդիրն այն է, որ Փաշինյանին մերժող, Հայաստանը նրանից ազատել ձգտող քաղաքական ուժերի, անհատների միջեւ եւս կան ներքին հակասություններ, նույնիսկ՝ հակամարտություն, ատելություն եւ թշնամանք: Այս ուժերը եւ գործիչները Հայաստանի Հանրապետության գոյության տարբեր տարիներին իրար հետ տարբեր հարաբերություններ են ունեցել, իրար հետ համատեղ իշխանություն են կիսել, մեկը մյուսին պաշտոնանկ է արել, ընտրություն են կեղծել ու իրարից իշխանություն գողացել: Տարիներով կուտակված ու բազմապատկված այդ ատելությունն ու թշնամանքը նրանց թույլ չեն տալիս հանդես գալ միասնական ճակատով, հնարավորություն չեն տալիս համատեղ բռնել Հայաստանը ոչնչացնող ոճրագործի ձեռքը: Սովորական, շարքային պայմաններում այդ ամենը բացատրելի եւ ինչ-որ տեղ նույնիսկ ընդունելի կլիներ, բայց ոչ հիմա, երբ բոլորին համակել է մոտալուտ կործանման զգացողությունը, երբ մթնոլորտում կախված է Հայաստանի թուրքացման եւ ոչնչացման վտանգը: 

Ժամանակն է կողմնորոշվելու՝ միմյանց նկատմամբ ատելությո՞ւնն է ավելի մեծ, թե՞ Հայաստանի նկատմամբ սերը, իրար միս ուտելով, իրար հոշոտելով կործանվե՞լն է ավելի գերադասելի, թե՞ ապրելու եւ սերունդներին հայրենիք ու սեփական երկիր թողնելու պատասխանատվությունը: Մարդուն կենդանական աշխարհի մյուս ներկայացուցիչներից տարբերում են նրա մոտ բանականության առկայությամբ, Homo sapiens - բանական մարդ, այդպես են բնորոշում գիտնականները ժամանակակից մարդուն՝ համարելով, որ մարդկության բոլոր ձեռքբերումներն ու արձանագրված առաջընթացը պայմանավորված են բանականության առկայությամբ, բանականությամբ առաջնորդվելու ընդունակությամբ: Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում պարզ կդառնա՝ մենք, որպես հասարակություն, առաջնորդվո՞ւմ ենք բանականությամբ, Homo sapiens-նե՞ր ենք, թե՞ բանականությունից զուրկ կենդանիներ, որոնք կորցրել են անգամ ինքնապահպանման բնազդը եւ շարժվում են դեպի ինքնաոչնչացում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image