Քիչ առաջ 5-րդ ալիքի ուղիղ եթերում հաղորդավարուհին բառացիորեն մթության մեջ կորավ․ ՀԷՑ-ի անջատման պատճառով ստուդիան հոսանքազրկվեց։ Նա փորձեց ներողություն խնդրել ու վստահեցնել, որ «ներքին ռեսուրսներով» կհաղթահարեն իրավիճակը։ Բայց հենց այդ պահին էլ խորհրդանշական դարձավ պատկերը․ մի քանի րոպե անց նորից ներողություն խնդրեց ու հայտարարեց, որ ներքին ռեսուրսներն արդեն սպառվել են։ Հաղորդումն ընդհատվեց։
Այս տեսարանը կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի կառավարման ամենակարճ, բայց ամենապարզ բացատրությունը։ Երբ մեղադրանքներն ուղղվում են Սամվել Կարապետյանի կամ այլոց վրա, իրականությունը մեկ բառով է բնութագրվում․ անգործունակություն։ Քանի օր է՝ քաղաքացիները տարբեր թաղամասերում հոսանքազրկումների տակ են, և ոչ ոք լուծում չի տեսնում։ Հայաստանը մթության մեջ է, իսկ կառավարությունը՝ խավարի մեջ։
Փաշինյանը, բարեփոխումների փոխարեն, ամեն ինչ այնպես է կազմակերպում, որ ավելի վատանա։ Մարդիկ տեսնում են, որ նա իր անտեղյակ կադրերով փորձարկումներ է անում Հայաստանի վրա։ Արդյունքում՝ թե՛ հեռուստատեսությունը, թե՛ քաղաքացիների կյանքը մնում են մթության ու անորոշության մեջ։ Փաշինյանի կառավարումը հոսանքի նման է․ անջատում, ներողություն, խավար։ Իսկ խավարի մեջ նա միշտ մեղավոր է փնտրում, ինչպես մութ սենյակում կատու կփնտրեն։ Սամվել Կարապետյանն էր մեղավոր, նշանակեց գործից անգիտակ մեկին՝ Ռոմանոս Պետրոսյանին։ Նրան էլ մեղավոր կհանի ու դա կտևի այնքան ժամանակ, որ ընդունի՝ երկրի մթության թագավորն ինքն է։ Իշխանության ռեսուրսը վաղուց սպառվել է, մնացել է միայն մթությունը։ Փաշինյանին հիշեցնեմ, որ էլեկտրականությունը կգա, լույս կլինի, կնայենք ընդհատված հաղորդումը , բայց այս իշխանության լույսը չի վառվելու։ Այն վաղուց մարած է։ Հոսանքը վերականգնվում է, վարչապետը՝ երբեք։ Գուցե ՀԷՑ-ը բացատրի, թե՝ ինչու։