Հասարակություն

Իրական նիկոլական Հայաստանի խորհրդանիշն Արարատը չէ, այլ՝ թմրամիջոցը

Իրական նիկոլական Հայաստանի խորհրդանիշն Արարատը չէ, այլ՝ թմրամիջոցը

ՆԳՆ-ն օրերս հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր. «ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառում»: Եթե սա տեղի ունեցած լիներ մինչեւ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը, կամ ընտրություններում հաղթած լիներ դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը, սրա վրա ոչ մեկն ուշադրություն չէր էլ դարձնի: Բայց աշխարհաքաղաքական նոր եւ անորոշ վիճակում արջի էլ չէ` արջերի սպանությունը եւ դրանց միսը վաճառքի հանելը հղի են անկանխատեսելի հետեւանքներով: Հենց դա հաշվի առնելով էլ ոստիկանության ծառայողներն օպերատիվորեն մեկնել են դեպքի վայր եւ բերման ենթարկել Չարենցավան քաղաքի 47-ամյա բնակչին, որը, ենթադրաբար, արջերի սպանության եւ վաճառքի հեղինակն է: Փաշինյանը հաստատ հրահանգած կլինի, որ նա արժանանա ամենադաժան պատժի:

Կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ կապ ունեն արջերի սպանությունը եւ դրանց մսի վաճառքնը ԱՄՆ նախագահական ընտրությունների եւ դրանցում Դոնալդ Թրամփի հաղթանակի հետ: Ասեմ` շատ ուղղակի. ինչպես հայտնի է, արջը Ռուսաստանի ազգային խորհրդանիշն է, ինչպես, օրինակ, սպիտակագլուխ արծիվը՝ ԱՄՆ-ի, առյուծը` Իրանի, կամ վիշապը` Չինաստանի:  Մինչեւ Թրամփի հաղթանակը Հայաստանի իշխանությունը հաստատուն քայլերով գնում էր Արեւմուտքի հետ ինտեգրացիայի ճանապարհով, եւ Փաշինյանը հայտարարում էր, որ Ռուսաստանը եւ նրա բանակի հայաստանյան ռազմաբազան սպառնալիք են Հայաստանի ինքնիշխանության համար: Այդ ժամանակ Ռուսաստանի խորհրդանիշ արջի սպանությունը կարող էր դիտարկվել նույնիսկ որպես հերոսություն, կարող էր անգամ գովազդվել: Կարող էին գովազդային հոլովակ նկարել՝ Չարենցավանի 47-ամյա բնակչի մասնակցությամբ, որտեղ նա կանգնած է սպանված արջերի մոտ, ոտքը դրած արջի գլխին, իսկ լրագրողը նրան հարցնում է. «Չվախեցա՞ք, երբ արջերը ձեր դեմ դուրս եկան», իսկ նա պատասխանում է. «Իսկ էդ ո՞ր օրվանից ենք մենք արջից վախեցել, որ հիմա վախենանք, 2018 թվականից հետո մենք մեր հզոր վարչապետի հետ ավելի համարձակ դուրս եկանք արջի դեմ: Ինչ վերաբերում է կոնկրետ սրանց, ուզում էին ինձ վրա հարձակվել, ես էլ մի կրակոցով մեկին գետնին տապալեցի, մի կրակոցով էլ՝ մյուսին»: Հայ մարդը չի վախենում ռուսական արջից՝ կեզրափակեր հոլովակի հեղինակը:

Բայց փոփոխությունները միշտ վտանգ են պարունակում, Փաշինյանին պետք է առավելագույն զգուշավորություն դրսեւորել նույնիսկ մանրուքներում: Իշխանության պահպանման հարցում մանրուքներ չեն լինելու: Թրամփի հաղթանակից հետո խիստ հավանական է դարձել, որ Միացյալ Նահանգները կարող են փոխել իրենց քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, Ռուսաստանին ամեն գնով հաղթելու փոխարեն Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային պարտադրել, որ ընդունի իր պարտությունը, հրաժարվի կորցրած տարածքները հետ վերադարձնելու գաղափարից եւ խաղաղության պայմանագիր ստորագրի։ Ռուսաստանն իր պահանջներն է դնում, բայց հավանական է, որ հնարավոր կլինի փոխզիջման գալ`Ռուսաստանը եւ ռուսական հասարակությունը եւս հոգնել են պատերազմից եւ շուտափույթ խաղաղություն են ուզում: Երբ արեւմուտքում` Ուկրաինայում խաղաղություն հաստատվի, Ռուսաստանը կարող է իր հայացքն ուղղել դեպի հարավ` Հարավային Կովկաս, եւ Փաշինյանին հիշեցնել, թե ինքն ինչպես էր ծաղրում Ռուսաստանը եւ Ռուսաստանի պաշտոնյաներին, ինչպես էին Հայաստանում մորթում ու մաս-մաս ուտում Ռուսաստանի խորհրդանիշ արջին: Ռուսաստանն էլ Հայաստան չէ, որ ամեն մի պահանջի դեպքում հրաժարվի կամ խմբագրի իր խորհրդանիշները. Թուրքիան պահանջի, որ Հայաստանը հրաժարվի Արարատ լեռն իր ազգային խորհրդանիշը համարելուց, Փաշինյանն ասի` խնդիր չկա, մեզ մոտ ուրիշ լեռներ էլ կան, թող ձեր ասածով լինի, եւ սկսի քարոզել Արարատից հրաժարվելու անհրաժեշտությունը եւ Արագածի նկարն իր աշխատավայրում փակցնի: Ադրբեջանը պահանջի, որ օրհներգից հանվի վերջին քառատողը, որը նվիրված է հայրենիքի համար իրենց կյանքը զոհածների հերոսականացմանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ մյուս թուրքահպատակ խամաճիկներն ասեն, որ անպայման կհանվի` ինչպե՞ս կարող է թուրքի կամ ադրբեջանցու դեմ կռված եւ զոհված հայը հերոս լինել: Պահանջեն Սահմանադրությունը փոխել, ասեն՝ մի քիչ ժամանակ տվեք, մի քանի տարուց կփոխենք, ու սկսեն Անկախության հռչակագրի դեմ պայքարել: Ռուսաստանը եւ աշխարհի մյուս ինքնիշխան երկրները հարգում են իրենց խորհրդանիշները եւ ստիպում են, որ մյուսներն էլ հարգեն դրանք:

Այնպես որ, Փաշինյանը պետք է հրապարակային քննություն իրականացնի եւ ապացուցի, որ ինքն ու իր իշխանությունը որեւէ կապ չունեն արջերի սպանության եւ դրա մսի վաճառքի հետ, պետք է ապացուցի, որ ՔՊ-ից որեւէ նախարար կամ պատգամավոր չի կերել այդ արջի մսից, եւ սեղանի շուրջ բաժակ չեն բարձրացրել ու «ոնց որ այս արջերին սպանեցինք եւ կերանք, այնպես էլ կփռենք ռուսական արջի լեշը» բովանդակությամբ կենացներ չեն ասել ու մինչեւ վերջ դատարկել բաժակի պարունակությունը: Թե չէ՝ մեկ էլ տեսար Վլադիմիր Պուտինը պահանջի, որ սրանք արյան եւ այլ անալիզներ հանձնեն, սույն փաստը հերքելու եւ հաստատելու համար: Ինչ է` իրենք Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանին կարող են պարտադրել թմրանյութի անալիզ հանձնել, իսկ Պուտինն իրենց չի՞ կարող արջի միս կերած չլինելու անալիզ հանձնել: Նոր պայմաններում արջ սպանելն ու ուտելը ավելի մեծ քաղաքական հանցագործություն է, քան թմրամիջոց օգտագործելը: Հա, ի դեպ, Հայաստանն էլ, Նոր եւ Իրական նիկոլական Հայաստանը, խորհրդանիշ ունի` թմրամիջոցը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image