Հունիսի 5-ին Արարատի ավագանին արտահերթ նիստ է գումարել, որն «Ապրելու երկիր» խմբակցությունըվբոյկոտել է` չի մասնակցել, իսկ ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Հզոր համայնքը», ոչ միայն մասնակցել եւ քվորում է ապահովել, այլեւ օրակարգին կողմ քվեարկել։
Մենք գրել էինք, որ Արարատի մարզում քաղաքական ճգնաժամ է հասունանում։ Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցության՝ ավագանու խմբակցության ղեկավարի կալանավորումից հետո իշխանությունն այս համայնքում կորցրել է մեծամասնությունը, ընդդիմադիր ուժերը բոյկոտում են ավագանու նիստերը՝ նպատակ ունենալով հասնել նրան, որ ավագանին լուծարվի, եւ գնան արտահերթ ընտրությունների։ Արդեն երեք ամիս է՝ իշխանությանը չի հաջողվում ավագանու նիստեր անցկացնել եւ որոշումներ կայացնել։ Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններից հետո ՔՊ-ն Արարատում կարողացավ իշխանություն ձեւավորել Արման Բաբաջանյանի հետ կոալիցիա կազմելով, սակայն ուժերի հարաբերակցությունը նվազագույն էր` ընդամենը մեկ մանդատ: Ուստի նոր ընտրություններ անելու և համայնքում իշխանություն վերցնելու հավանականությունը բավականին ռեալ էր:
«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վահե Հարությունյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել էր, որ «Հզոր համայնքը», որը դիրքավորվել է որպես ընդդիմություն, այս պային փաստացի իշխանափոխություն չի ցանկանում։
«Մենք տեղյակ ենք պահել իրենց, որ եթե 3 ամիս օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ ավագանին որոշում չի կայացնում, ավագանին լուծարվում է, եւ նշանակվում են նոր ընտրություններ։ Սակայն «Հզոր համայնք»-ը օգնեց քվորում ապահովել, մասնակցել հարցերի քվեարկությանը, օգնեց ՔՊ-ի իշխանության մնալու ժամկետի երկարացմանը մեր համայնքում»,-նշել էր նա։
«Հզոր համայնքից» հավատացրել են, թե վերջին երկու նիստերը արտահերթ են եւ ազդեցություն չունեն չկայացած հերթական նիստերի հաշվարկի վրա։ Մինչդեռ «Ապրելու երկիրը» կարծում է, որ «Հզոր համայնքը» նիստերին մասնակցել է իշխանական շանտաժի արդյունքում` նրանց առաջարկել են քվորում ապահովել, որ Ավշարի նախկին գյուղապետ Սուրիկ Գրիգորյանին կալանքից ազատեն:
«Իրենց տեղյակ ենք պահել, որ նախորդ արտահերթ նիստի օրակարգին դեմ քվեարկելը կարող է օգնել ՔՊ-ի իշխանազրկմանը համայնքում, եթե այս անգամ էլ հարցերի շուրջ քվեարկություններ չլինեն։ Այսինքն, իրենց պնդմամբ Սուրիկ Գրիգորյանի ձերբակալումը կապ չի ունեցել իրենց կողմից քվորումն ապահովելու հետ, այլ իրենք նույնպես սպասում են հունիսի 20-ին կայանալիք հերթական ավագանու նիստին, եւ 20-ի հերթական նիստը բոյկոտելով ստացվում է 3 հերթական նիստ չի եղել, հետեւաբար կազատվենք համայնքային իշխանությունից։ Սպասենք իրադարձությունների զարգացմանը»,-հավելեց Հարությունյանը: Ստացվում է, իշխանությունը կարող է ցանկացած համայնքում ընդդիմադիր անձի կալանավորել, հետո առեւտրի մեջ մտնել ընդդիմադիր ուժերի հետ եւ անձին ազատելու դիմաց պահանջել, որ զիջումների գնան:
«Հրապարակ»-ը կապ հաստատեց «Հզոր համայնք»-ի ավագանու անդամ Լուսինե Աղախանյանի հետ՝ պարզելու իրենց մտադրությունները իշխանափոխություն անելու առումով, ճշտելու՝ բոյկոտու՞մ են ավագանու նիստերը, թե ոչ, եւ այլն։
-Տիկին Աղախանյան, երեկ Արարատի ավագանու արտահերթ նիստ է եղել, եւ ընդդիմադիր ամենամեծ ուժը՝ «Հզոր համայնքը», որի անդամ եք նաեւ Դուք, նիստին մասնակցել է, ավելին՝ դրական է քվեարկել, այն դեպքում, երբ մյուս ուժը՝ «Ապրելու երկիրը» բոյկոտում է եւ մերժում գործող իշխանությանը։ Ձեր ուժը բոյկոտին չի միանո՞ւմ։
-Կներեք, ես հենց հիմա դասապատրաստման մեջ եմ, եւ ինձ հարմար չէ խոսելը։
-Իսկ ե՞րբ զանգեմ։
-Երեկոյան, հետո ի՞նչ կարիք կա որ, ասենք, ինչ-որ ինֆորմացիա տամ։
-Ընդդիմադիր չե՞ք, ձեզ մեկ այլ ընդդիմադիր ուժ մեղադրում է իշխանության հետ գործարքի գնալու մեջ։
-Իսկ այդ ընդդիմադիր ուժերը ինչի չեն գալիս մեզ ասում, որ բողոքում են մեր դեմ, էդ մասին լրագրողն է ասում։
-Դուք ընդունո՞ւմ եք իշխանությանը, որ մասնակցում եք նիստերին, այն դեպքում երբ մյուս ընդդիմադիր ուժը բոյկոտում է։
-Երբ անհրաժեշտություն է լինում՝ մենք բոյկոտում ենք, երեւի Դուք չեք հետեւում։
-Դուք ուզո՞ւմ եք, որ իշխանություն փոխվի Արարատում։
-Ես շատ զբաղված եմ, հիմա ինձ մոտ աշակերտներ են նստած ու Դուք ինձ քաղաքական հարցեր եք տալիս։
-Քաղաքականությամբ եք զբաղվում, ավագանու անդամ եք, իսկ ի՞նչ հարցեր տամ։
-Աշխատանքի մեջ եմ հարգելիս, երբ որ համար կլինի, ես այդ մասին կխոսեմ։ Ցտեսություն, կխոսեմ, երբ հարմար կլինի։