Հասարակություն

Ռուբեն Վարդանյանի նվերը՝ գյումրեցիներին

Ռուբեն Վարդանյանի նվերը՝ գյումրեցիներին

Տարիներ առաջ, գործարար, «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, այսօր ապօրինաբար Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը դիմել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին` ցանկություն հայտնելով սեփականաշնորհելու Գյումրու Բարեկամության այգին, այն դարձնելու ժամանցի կենտրոն: «Վերականգնված այգին կդառնա մի յուրօրինակ նախագիծ, որը կխթանի զբոսաշրջությունն ու կզարգացնի քաղաքի ենթակառուցվածքները: Մենք ուրախ ենք, որ գյումրեցիները ընդունել են եւ կարեւորում են այս նախաձեռնությունը: Այս նախագիծը միավորել է բազմաթիվ մարդկանց եւ իրապես դառնալու է բարեկամության եւ երախտագիտության այգի»,-ասել էր Վարդանյանը:

Երբ դեռ 2018 թ-ին մեծ բարերարն անձամբ այցելեց Գյումրի, հայտարարեց նոր նախագծի մասին, գյումրեցիները թերահավատ գտնվեցին։ Շատերի սրտով չէր այն, որ տարածքը պետք է մաքրվեր նաև տնակներից՝ «դոմիկներից», որտեղ շուրջ 20 ընտանիք էր ապրում։ Կարճ ժամանակ անց IDeA հիմնադրամը այգու վերականգնման համար հայտարարեց միջազգային բաց մրցույթ, որի արդյունքներով ժյուրիի անդամները ընտրեցին 20 մասնակցի՝ ճարտարապետական լուծումների մշակման համար: Մասնակիցները ստացան տեխնիկական առաջադրանք, որը ներառեց այգու դիզայն-նախագծի եւ օբյեկտների մշակման պահանջների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը: Երկրորդ փուլի արդյունքներով, ժյուրին ընտրեց հաղթողներին՝ 3 անվանակարգում: 

2020 թ.-ի հոկտեմբերին հայտարարվեցին հաղթողները եւ ներկայացվեց այգու վերջնական դիզայն-նախագիծը: Նախատեսվում էր մոտ 4 միլիոն դոլարի ատրակցիոններ տեղադրել, տարածքում, նաեւ սրաճարաններ ու կարուսելներ:

2024թ-ի հունիսի մեկին այգու զվարճանքների հատվածը հյուրընկալեց գյումրեցիներին: Ինչպես վստահեցնում են պատասխանատուները, մոտ մեկ շաբաթից շահագործման  կհանձնվի նաև սպորտային հրապարակի մի մասը՝ սքեյթը։ Այգին յուրահատուկ է նրանով, որ դիզայներական լուծումները Գյումրվա շնչով են, արտացոլում են Գյումրին եւ քաղաքի մշակույթը:

Հավելենք, որ Բարեկամության այգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-հանրային համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։
ՀՀ կառավարությունը 1,7 մլն դոլարով մասնակցում է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image