Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է գլխավորել իր կուսակցության նախընտրական ցուցակը 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում օրեր առաջ գրել է Վահան Բաբայանը։ «Հանդիպել եմ ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՌԴ-ում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ: Քննարկել ենք ինչպես Հայաստանի արտաքին եւ ներքին մարտահրավերները եւ ստեղծված իրավիճակը, այնպես էլ առաջիկա ընտրություններում հնարավոր մասնակցության ձեւաչափերը: Շատ քաղաքական հարցերում ունենալով միեւնույն մոտեցումները՝ առաջարկել եմ միասնական հանդես գալ հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին, եւ հաշվի առնելով պարոն Հարությունյանի մեծ փորձը՝ նաեւ առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին»,- գրել էր Բաբայանը: Այս հայտարարությունը բուռն քննադատությունների տեղիք է տվել` մարդիկ կարծում են, որ հերթական կեղծ ընդդիմադիրն է հայտնվել, որի միակ նպատակը ձայներ փոշիացնելն է: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Վահան Բաբայանի հետ:
- Մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե նկատենք, որ բոլոր այն ուժերը, ովքեր անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն եւ ռեսուրս չունեն, ձայներ են փոշիացնելու եւ Փաշինյանին հեռացնելու կամ խանգարելու փոխարեն մեծ լավություն են անելու նրան: Ինչպես 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին` փոշիացված ձայները խիստ օգտակար են իշխող թիմի համար, ինչքան շատ են չանցնող կուսակցությունները, այնքան շատ է «փոշին»: Ինչո՞ւ եք որոշել մասնակցել ընտրություններին: Չկա՞ մտավախություն, որ Դուք ձայներ եք փոշիացնելու:
- Ես արդեն հոգնել եմ այդ մասին լսելուց: Գիտեք, այդ ձայներ փոշիացնողներին կոչ եմ անում՝ սրբել իրենց վրայից քաղաքական փոշին, որովհետեւ իրենց վրա արդեն փոշի է դրված: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե մենք ինչ արդյունքներ կարձանագրենք, ցույց կտա ժամանակը, մենք մեր ուժերի վրա վստահ ենք, եւ եթե ինչ-որ մարդիկ ուզում են միանալ մեզ` խնդիր չկա, մենք հիմա էլ բանակցում ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, որպեսզի կոնսոլիդացվենք, սակայն դեռեւս չեմ նշի անուններ: Ամեն դեպքում, կներեք, բայց մենք պարտավոր չենք գնալ եւ ինչ-որ խոշոր ուժերի կողքին կանգնենք եւ դռների տակ սպասենք, թե մեզ ով ինչ է առաջարկելու: Մենք նման առաջարկություններ չենք ստացել, չունենք, սակայն գտնում ենք, որ թեկուզ փոքր ուժերը միավորվելով՝ կկարողանան ձեւավորել նոր, ավելի լուրջ ու ազդեցիկ բեւեռ, որը կկարողանա հաղթահարել խորհրդարանական անցողիկ շեմը եւ, ինչու չէ՝ ավելի լավ արդյունքներ ցուցաբերել: Հայաստանում այսօր այնքան բարդ իրավիճակ է, որ շատ դժվար է ասելը, թե ինչ կլինի: Ամեն դեպքում, իմ կուսակցությունն արդեն այս տարի իր տասնամյակն է նշելու, եւ ինձ մեղադրել, որ նոր եկել եմ եւ ձայներ եմ փոշիացնելու, լուրջ չեմ համարում: Կփորձենք գործով ապացուցել, ավելի քիչ կխոսենք ու կգործենք: Կփորձենք, կստացվի՝ կստացվի, ամեն դեպքում, մենք վստահ ենք մեր ուժերի վրա:
- Որտեղի՞ց այդ վստահությունը, ինչո՞ւ եք այդքան համոզված, որ անցողիկ շեմը հաղթահարելու եք:
- Ես վստահ եմ մեր ժողովրդի բանականության, խոհեմության վրա, իմաստնության վրա: Որոշողը լինելու է ՀՀ քաղաքացին, մեզ ընտրողը նա է, այլ ոչ թե նեղ շրջանակները, էլիտաներն ու օլիգարխները: Մենք վստահ ենք, որ մեզ քաղաքացին ձայն է տալու, մենք առաջ ենք քաշում միջին խավի խնդիրները: Մենք գալու ենք, որպեսզի միջին խավը պաշտպանենք, մարդիկ պետք է պաշտպանված լինեն: Հույս ունենք, որ այդ միջին խավն իր քվեն կտա մեզ:
- Վաղարշակ Հարությունյանն այնքան էլ լավ համբավ չունի, մեղմ ասած: Նրան մարդիկ մեղադրում են 2020-2021 թվականներին Փաշինյանի հետ միասին հողեր հանձնելու մեջ: Մտավախություն չունե՞ք, որ ձեր միավորումը կարող է պրոիշխանական երանգ ստանալ:
- Այդ տարածքների եւ նման հարցերի մասին ես կարծում եմ, որ պարոն Հարությունյանն առաջիկայում անպայման կխոսի: Նա պաշտպանության ոլորտում ունի մեծ փորձ, մեծ կենսագրություն ունի, հարգանք է վայելում թե՝ ներսում, թե՝ դրսում, իհարկե, կարող են հարցեր առաջանալ, քննադատություններ, իսկ մենք պատրաստ ենք այդ ամենը լսելուն:
- Կենսագրություն ունենալը բավակա՞ն է ձայներ հավաքելու համար: Արդյո՞ք կարեւորն այն չէ, թե ինչպիսի ընկալում ունի նա հանրության շրջանում:
- Հանրությունն իր գնահատականը տալիս է ընտրությունների միջոցով: Եթե Ձեր նշած բացասական երեւույթներն իսկապես հանրության մոտ կան, ապա հանրությունը մեզ կմերժի: Իսկ եթե ոչ, ապա մենք մեր ֆրակցիան կձեւավորենք խորհրդարանում:
- Գաղտնիք չէ, որ մի ժամանակ ջերմ հարաբերություններ ունեիք ՀՀԿ-ի հետ, Սերժ Սարգսյանի: Այժմ ինչպե՞ս են հարաբերությունները:
- Հանրապետականները իմ լավ ընկերներն են, ես նրանց շատ հարգում ու սիրում եմ, շատ հարգում եմ կուսակցությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, սակայն մենք առանձին կուսակցություն ենք եւ ունենք մեր օրակարգը: