Մինչ ադրբեջանական այսպես կոչված «էկոակտիվիստները» փակ են պահում Հայաստանը ԼՂ-ին կապող ճանապարհը «բնապահպանական շարժառիթներից» ելնելով, պարզվում է, որ Ադրբեջանում իրական լրջագույն բնապահպանական խնդիրներ կան հասունացած, որոնք կարող են առաջիկայում ոչ այնքան հարմարավետ իրավիճակ ստեղծել այդ երկրի իշխող վարչակարգի համար։
Իրավիճակն այնքան լուրջ է, որ նույնիսկ տոտալ վերահսկողության ներքո գտնվող ադրբեջանական մամուլում որոշակի հրապարակումներ Ադրբեջանում տիրող բնապահպանական ոչ այնքան առողջ իրավիճակի մասին հայտնվում են։ Պարզվում է, որ Ադրբեջանում առաջնահերթ խնդիրը կապված է քաղցրահամ խմելու ջրի, կամ դրա դեֆիցիտի, վերջինիս համատեքստում՝ Կուր գետում տիրող ողբալի վիճակի հետ, որը հանդիսանում է Ադրբեջանը ջրով ապահովող գլխավոր աղբյուրներից մեկը։
Համաձայն ադրբեջանական մամուլում հայտնված հրապարակումների, Կուր գետի հետ կապված բնապահպանական իրավիճակը այնքան լուրջ է, որ գետը Կասպից ծով թափվելու տեղում չորացել է եւ դա կարող է պատճառ հանդիսանալ, որ հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր ընտանիքներ ստիպված լինեն թողնել իրենց տներն ու այլ բնակավայրեր փոխադրվել։
Բնապահպանական այս խնդիրն առնչվում է անմիջականորեն Նեֆթչալիի, Սալյանիի եւ Սաբիրաբադի շրջանների բնակիչներին։ Բացի այդ, քաղցրահամ խմելու ջրի մյուս աղբյուրները եւս անվերահսկելի կերպով շահագործվում են եւ ստիպված ադրբեջասնական պետական «Ազերսու» ընկերությունը մայրաքաղաք Բաքվի բնակչության համար ջրամատակարարման հատուկ գրաֆիկ է մշակել եւ մատակարարումն իրականացնում է ըստ այդ ժամային գրաֆիկի։
Մասնագետները արձանագրում են, որ անուշահամ խմելու ջրի դեֆիցիտը Ադրբեջանում շարունակելու է խորանալ եւ որպես իրավիճակից դուրս գալու լուծում առաջարկվել է նաեւ բարձրացնել խմելու ջրի վարձը, որը թույլ կտա «Ազերսուին» աշխատել եկամտով եւ կարգավորել եղած խնդիրները։
Պաշտոնական տվյալների համաձայն, ջուրն ադրբեջանցիներին պետությունը վաճառում է ինքնարժեքից էլ ցածր գնով, որի պատճառով ջրային ընկերությունը աշխատում է վնասով։ Ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներից կարելի է ենթադրել, որ այդ երկրում առաջիկայում կարող է տեղի ունենալ բնակչությանը մատակարարվող խմելու ջրի վարձի բարձրացում, քանի որ համապատասխան նախագիծ-առաջարկությունը արդեն կազմվել է եւ ներկայացվելու է Տարիֆային խորհրդին։
Ադրբեջանական փորձագիտական հանրույթը սա համարում է բավական ողջամիտ եւ տրամաբանական լուծում․ բարձրացնել վարձավճարը, աշխատել եկամտով, եկամուտները ներդնել ենթակառուցվածքների նորացման մեջ։ Որքան էլ ադրբեջանական իշխանությունները փորձում են ներադրբեջանական իրականությունում առկա սոցիալ-տնտեսական ու բնապահպանական խնդիրները կոծկած լինել, սակայն պարզվում է, որ հենց մայրաքաղաք Բաքվի բազմաթիվ շրջաններում եւ հարակից բնակավայրերում խմելու ջրի մատակարարման ենթակառուցվածքների թարմացման, նորերի անցկացման լուրջ խնդիր կա։
Մասնագետները արձանագրում են, որ մերձմայրաքաղաքային մի շարք բնակավայրերում առհասարակ դրանք շարքից դուրս են եկել, եւ դա բերում է ջրային մեծ կորուստների։ Հատկապես նաեւ, որ Ադրբեջանում բնակչությունից ջրի վարձավճարների գանձման գործընթացն առանձնապես մեծ կատարողականությամբ չի փայլում եւ կան նաեւ տարիներով կուտակված պարտքեր։ Սակայն այս հարցն ունի նաեւ իր «երկրորդ երեսը»։
Մի շարք լրագրողներ եւ փորձագետներ այդ երկրում խոսում են այն մասին, որ տարիներ շարունակ նման առաջարկներ ադրբեջանական պետական ջրային ընկերությունը ներկայացրել է եւ մշտապես պետությունը որոշակի ընդառաջումներ կատարել է։ Ֆինանսական ներդումները կատարվել են, բայց խմելու ջրի դեֆիցիտի հարցը այդպես էլ չի լուծվել։
Պարզվում է նաեւ, որ վերջին մի քանի տարում երկու անգամ ջուրը Ադրբեջանում թանկացել է։ Վերջինը՝ 2021 թվականի հունվարին է խմելու ջրի մատակարարման վարձավճարն այդ երկրում թանկացել։ Սակայն իրավիճակը, ըստ էության մնում է չլուծված եւ սա հիմք է տալիս խոսելու, որ ադրբեջանական ջրային պետական ընկերությունում կոռուպցիոն դեգրադացիան շարունակվում է, քանի որ այլ կերպ իրավիճակը բացատրել հնարավոր չէ։
Պաշտոնական տվյալների համաձայն, Ադրբեջանի պետական ջրային ընկերության՝ «Ազերսուի» կուտակած պարտքերն ու վնասները կազմում են ոչ պակաս, քան 8 միլիարդ մանաթ (դա ավելի քան 4-5 միլիարդ դոլար է)։
Այդ երկրի լրագրողական եւ փորձագիտական հանրույթում կասկածամտորեն են վերաբերվում այն բանին, որ եթե ջրի գինը հերթական անգամ բարձրացվի, ինչ երաշխիք, որ խնդիրները կլուծվեն ու խմելու ջրի դեֆիցիտ էլ չի լինի։ Կասկածամտությունը հիմնավորվում է նրանով, որ ադրբեջանական հասարակությունում առկա մտայնությունների համաձայն, «Ազերսու»-ն հանդիսանում է այդ երկրի ամենից կոռումպացված պետական ձեռնարկություններից մեկը։
Ավելին, ջրային ոլորտը ադրբեջանական տնտեսության ամենից կոռումպացված ոլորտներից մեկի համբավն ունի ադրբեջանական հասարակության մեջ։ Դա նաեւ պայմանավորված է նրանով, որ «Ազերսուի» նախկին ղեկավար Գորխմազ Հուսեյնովը Ադրբեջանի ամենից հարուստ պաշտոնյաներից է։
Համաձայն ուսումնասիրությունների, նա միայն Կասպից ծովի ափին ունի 5 հեկտար ընդհանուր մակերեսով առանձնակի շքեղությամբ աչքի ընկնող առանձնատուն։ Հայտնի է, որ նրա ղեկավարության օրոք «Ազերսու»-ում ջրային կորուստները հասել են 40 տոկոսի։ Ջրային կորուստների ներկա վիճակի մասին տվյալներ կարծես թե չկան, սակայն դժվար թե 40 տոկոսանոց այս ցուցանիշը նվազած լինի։
«Մեկնաբան»