Հարցազրույց

«Հրապարակ»․ Այստեղ են ասել՝ ով էլ խոսի՞ գիտությունից

«Հրապարակ»․ Այստեղ են ասել՝ ով էլ խոսի՞ գիտությունից

«Հրապարակի» զրուցակիցը կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանն է: 

- Շրջանառության մեջ է դրվել Գիտության ոլորտի մինչեւ 2030թ․ զարգացման ծրագիրը: Կրթվելը «նորաձեւ» հռչակողների այս իշխանության օրոք սա ի՞նչ է, հերթական դեկորային ցուցադրությո՞ւնը, երբ գրի, դպրության ու գիտության հանդեպ պետական «իմպոտենտություն» է:

- Գիտության զարգացման նոր ծրագիրը՝ մինչեւ 2030 թ., իր ձեւաչափով եւ ընդգրկումով առաջին հայացքից կարելի է գնահատել որպես դրական քայլ․ այն ընդգծում է գիտության դերը երկրի զարգացման քաղաքականության մեջ եւ փորձ է՝ համակարգային մոտեցմամբ արձագանքել ոլորտի խնդիրներին։ Սակայն փաստաթուղթը միայն տեսլական չէ, այն նաեւ պարտավորություն է, որի իրականացումը պետք է չափվի ոչ թե խոսքերով, այլ կոնկրետ արդյունքներով՝ ֆինանսավորմամբ, պատասխանատվությամբ, գնահատման մեխանիզմներով։ Ցավոք, նախորդ նման ռազմավարական փաստաթղթերը հաճախ մնացել են որպես դեկլարատիվ հայտարարություններ։ Եթե այս նոր ծրագիրն էլ չունենա իրացման մեխանիզմ, բյուջետային երաշխիքներ եւ հստակ հաշվետվողականություն, ապա այն էլ կդառնա հերթական «դեկորային ցուցադրություն»՝ առանց իրական ազդեցության։ Օրինակ, կրթության ոլորտին վերաբերող նմանատիպ փաստաթղթով արդեն առնվազն 2 բուհ պիտի ունենայինք աշխարհի լավագույն 500 համալսարանների ցանկում, մինչդեռ ՀՀ լավագույն բուհը՝ ԵՊՀ-ն, 1200-ի ցանկում էլ չի դեռ… Իսկ այն, ինչ այսօր մենք տեսնում ենք՝ գիտության, գրի եւ դպրության նկատմամբ պետական վերաբերմունքի մակարդակով, կարելի է բնորոշել ոչ թե որպես անտարբերություն, այլ որպես համակարգային անգործունակություն․ գիտական ներուժը տարեցտարի նվազում է, գիտնականների միջին տարիքը՝ բարձրանում, երիտասարդների ներգրավումը՝ նվազում։ Այս իրավիճակում պարզապես կրթությունը «նորաձեւ» հռչակելը բավարար չէ․ պետությունը պետք է ոչ թե ձեւակերպի գեղեցիկ լոզունգներ ու դրա վրա մսխի պետական բյուջեի միջոցները, այլ ստեղծի գիտությամբ զբաղվելու իրական միջավայր՝ արժանապատիվ ֆինանսավորմամբ, պայմաններով եւ հստակ ռազմավարությամբ։ Մինչդեռ ՀՀ կառավարությունը «թշնամական» քաղաքականություն է վարում. իջեցնում է Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը, գիտական կազմակերպություններն ուղիղ ենթարկեցնում է նախարարությանը՝ սպառնալով «բոլորին տեղափոխել ակադեմիական քաղաք», որի երբեւէ գոյությունը դեռ հայտնի չէ:

- Հայաստանը վերջին տարիներին անընդհատ հետընթաց է ապրել եւ այսօր 1 մլն բնակչությանը հասնող գիտնականների թվով համաշխարհային միջինին (3 հազար 560) զիջում է 3.5 անգամ: Այդ թվում՝ Ադրբեջանին է զիջում, բուհերի միջազգային վարկանիշային տարբերությունը եւս մեր օգտին չէ: Ի՞նչ ցուցանիշներ են, կթվարկե՞ք:

- Հայաստանը վերջին տարիներին իր գիտական ներուժի մասով էական հետընթաց է ապրել, եւ դա արտացոլվում է մի շարք ցուցանիշներում։ Եթե դիտենք UNESCO / UNECE researchers (in full-time equivalent) per million inhabitants ինդիկատորը, ապա կտեսնենք, որ Հայաստանում մեկ միլիոն բնակչության հաշվով այսօր ունենք մոտ 1,000-1,040 գիտնական, մինչդեռ համաշխարհային միջին ցուցանիշը 3 հազար 560 գիտնական է։ Այսինքն՝ մենք զգալիորեն, մոտ 3,5 անգամ զիջում ենք համաշխարհային միջինին։ Հարկ է նշել նաեւ, որ վերջին տարիների հետընթացը բերել է նրան, որ արդեն զիջում ենք տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին։ Բացի գիտնականների թվից, կարեւոր են նաեւ որակական ցուցանիշները. բուհերի միջազգային վարկանիշային աղյուսակներում Հայաստանը մեր տարածաշրջանում վերջին տեղն է գրավում․ Շանհայի ARWU, QS, Times Higher Education եւ այլ վարկանիշային համակարգերում մեր առաջատար համալսարանների դիրքերը ցածր են՝ հիմնականում միջազգային տեսանելիության, կրթության որակի եւ հետազոտական գործունեության ծավալների առումով։ Այս համադրությունները ցույց են տալիս, որ, անկախ պետական ծրագրերից եւ հայտարարություններից, Հայաստանի գիտական միջավայրում դեռեւս առկա են կայուն մարտահրավերներ՝ մարդկային ռեսուրսների պակաս, արտագաղթ, ոչ բավարար ֆինանսավորում եւ միջազգային մրցունակության սուղ հնարավորություն։ Ուստի, վիճակագրական թվերը չեն պատկերվում միայն որպես վիճակագրություն՝ դրանք փաստում են երկարաժամկետ կառուցվածքային խնդիրների մասին, որոնք պահանջում են համակարգային լուծումներ՝ հստակ պլանավորված քաղաքականությամբ ու ունակ կադրերով (որ այսօր բացակայում են ՀՀ կառավարությունում)։

- Ընդհանուր առմամբ, փաստերը վկայում են, որ անկախության տարիներին ՀՀ գիտնականների թիվը պակասել է շուրջ 10 անգամ: Ինչո՞վ է պայմանավորված դա:

- Անկախության տարիներին Հայաստանում գիտնականների թվի կտրուկ նվազումը՝ մոտ 10 անգամ, պայմանավորված է մի շարք համակարգային գործոններով։ Գիտնականների զգալի հատվածը, հատկապես՝ երիտասարդները, ընտրել են արտերկրում աշխատանք ու հետազոտություններ՝ պետական ֆինանսավորման, լաբորատոր ենթակառուցվածքների ու համաշխարհային գիտական ցանցերի սահմանափակ հնարավորությունների պատճառով։ Հանրային ֆինանսավորումը գիտության ոլորտում երկար տարիներ եղել է անբավարար՝ ինչպես աշխատավարձերի, այնպես էլ հետազոտական նախագծերի եւ տեխնոլոգիական միջոցների համար։ Սա հանգեցրել է ոչ միայն արտագաղթի, այլեւ ոլորտի մասնագիտական գրավչության կրճատման։ Բարձրագույն կրթության եւ հետազոտական ինստիտուտների առարկայական հնարավորությունների սահմանափակումն ու խոչընդոտները, մասնավորապես՝ դոկտորական կրթության եւ հետազոտական գործունեության նկատմամբ աջակցության բացակայությունը, նվազեցրել են նոր սերնդի գիտնականների ներգրավումը։ Գիտնականների տարիքային կառուցվածքը հօգուտ ավագ սերնդի է, իսկ երիտասարդ եւ միջին սերնդի ղեկավարների պակասն առաջացնում է կադրային խզում, որը տարիներ շարունակ չի լրացվում։ Այս բոլոր գործոնների միաժամանակյա ազդեցությունը հանգեցրել է նրան, որ, 90-ականներից սկսած, Հայաստանի գիտական ներուժը զգալիորեն նվազել է։ Հռետորական հարցն այստեղ այն է, թե որքանով ենք պատրաստ՝ այս խնդիրները համակարգային եւ հետեւողականորեն լուծելու՝ ոչ միայն ռազմավարական փաստաթղթերով, այլեւ կոնկրետ գործնական քայլերով։

- Շատ ենք սիրում խոսել գիտելիքահենք պետությունից, տնտեսության ու պետության զարգացման գլխավոր գրավականներից մեկը, անշուշտ, գիտելիքն է: Իսկ ինչո՞ւ փաշինյանական ռեժիմի հռչակած «Խաղաղության խաչմերուկի» եւ «չորրորդ հանրապետության» կերտման հիմքերում դա չի դրվում:

- Հայաստանում քաղաքական կարգախոսների մակարդակում շատ ենք լսում «գիտելիքահենք պետության» մասին, եւ բոլորն էլ գիտակցում են, որ երկրի զարգացման գլխավոր գրավականներից մեկը հենց գիտելիքն է։ Բայց իրական քաղաքական պրակտիկայում այս մոտեցումը հազվադեպ է դառնում առաջնահերթություն։ «Խաղաղության խաչմերուկ» կամ «չորրորդ հանրապետություն» հռչակված դատարկ կարգախոսները տեղավորվում են առաջիկա համապետական ընտրությունների տրամաբանության մեջ, հեշտ ընկալելի են հասարակության լայն շերտերի համար։ Գիտելիքահենք պետության ու տնտեսության կառուցումը, ընդհակառակը, պահանջում է երկարաժամկետ, հետեւողական եւ համակարգային աշխատանք, որում, անխոս, իրենց կարեւոր դերը պիտի ունենան գիտնականները, այդ թվում՝ սփյուռքի: Այս կառավարության պարագայում առկա են միայն ցուցադրական հայտարարություններ, որոնք երբեք իրականություն չեն դառնում համապատասխան ռեսուրսների բացակայության ու ապաշնորհ կառավարման պատճառով։ Այստեղ են ասել՝ ով էլ խոսի՞ գիտությունից... 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image