«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն իր խմբագրականներից մեկում անդրադարձել էր ներհայաստանյան քաղաքական կյանքում առկա մի երեւույթի, որը հայաստանյան հանրային-քաղաքական դիսկուրսում կրում է «ընդդիմությունից հասարակության հիասթափություն» անվանումը։ Նա գրում է․ «Պետք է իրատես լինել եւ խոստովանել, որ ընդդիմությունից կա մեծ հիասթափություն, ինչից, բնականաբար, շահում է իշխանությունը, նրա վարկանիշը որոշակիորեն աճում է: Իհարկե, հիասթափվել ընդդիմությունից՝ դեռ չի նշանակում հիանալ իշխանությամբ, բայց ինչ-որ կապ այս երկու պրոցեսների միջեւ կա. մարդիկ տեսնում են, որ ընդդիմությունը հայտարարում է իշխանափոխությունը որպես նպատակ, ինչ-որ ջանքեր է գործադրում եւ հաջողության չի հասնում, իսկ Նիկոլ Փաշինյանը կարողանում է «հաջողությամբ» հասնել իր նպատակին` պահել իշխանությունը: Անշուշտ, պետական լծակները փոքր գործոն չեն, բայց մարդիկ արդարացիորեն հարց են տալիս` իսկ ինչո՞ւ դրանք չծառայեցին 2018-ին իշխանության գլխին կանգնած անձին, ուրեմն անձից էլ է շատ բան կախված: Ստիպված ենք արձանագրել, որ մեր ընդդիմությունը, մեծ հաշվով, ծույլ է, կրեատիվ չէ, աշխատասեր չէ, համառ չէ, հետեւողական չէ»։
«Հրապարակի» խմբագիրը ներկայացրել է նաեւ, թե ինչ պետք է աներ ընդդիմությունը։ Բաց թողնենք այդ անելիքների հատվածը եւ խոսենք գրառման առաջին հատվածի մասին, որը եւ մեջբերել ենք։ Ինքնին դրական է այն, որ արդեն բարձրաձայնվում է, այն էլ՝ չորրորդ իշխանության կողմից, այն խնդիրը, որն արդեն տեւական ժամանակ կա հայաստանյան քաղաքական կյանքում։ Ինչպես ասում են՝ հիվանդության մասին հստակ ախտորոշմամբ խոսելն արդեն իսկ կարեւոր է եւ կարող է դիտարկվել որպես առաջին քայլ՝ բուժման երկարատեւ պրոցեսի։ Իսկ հարց է ծագում՝ ինչո՞ւ է այդ հիասթափությունն առաջացել։ Դիտարկումը, թե իշխանափոխության մասին հայտարարվում է, սակայն գործընթացը չի հասնում դրան, եւ դա բերում է հիասթափության, լիովին ճշմարիտ է։ Սակայն այստեղ մի նրբերանգ կա։
Ինչո՞ւ հնարավոր չի լինում հասնել իշխանափոխության, կամ ինչո՞ւ է ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժ միանգամից հայտարարում, որ իր նպատակն իշխանափոխությունն է։ Մեր կարծիքով, սխալների արմատը հենց այստեղ է։ Իշխանափոխության հասնելն իրականում դյուրին գործ չէ։ Դա պահանջում է երկարատեւ ու համբերատար աշխատանք, ուժերի ճիշտ գնահատում՝ թե՛ երկրի ներսում եւ թե՛ արտաքին աշխարհում։ Հայաստանում որեւէ քաղաքական ուժ, երբ ընդդիմադիր դրոշով իջնում է ասպարեզ, կարծում ենք, որ չի գնահատում իր ուժերը երկրի ներսում, ընկալելիության մակարդակն արտաքին խաղացողների մոտ, ընդհանուր աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ-քաղաքական իրավիճակը։ Եվ, բացի այդ, իշխանափոխության հասնելու համար, մեր կարծիքով, ամենից կարեւոր սկզբունքներից մեկը պետք է լինի որեւէ քաղաքական ուժի համար հարաբերականորեն փոքր քայլերով առաջ ընթանալու սկզբունքին հետեւելը։
Իշխանությունը մեկ մարդ չէ։ Այն համակարգ է, որն ունի բազմաթիվ պտուտակներով իրար ագուցված մասեր։ Իշխանության ղեկին գտնվողը չի կարողանա մնալ իշխանության, եթե համակարգի բոլոր մասերի պտուտակներն այնքան թուլացած լինեն, որ համակարգը պարզապես սկսի չգործել։ Իշխանափոխությունը, հետեւաբար, հետեւելով ընկեր Լենինի հայտնի սկզբունքին, պետք է սկսել «ներքեւներից» ու աստիճանաբար բարձրանալ «վերեւներ»։ Ընդ որում, այդ գործընթացը պետք է իրականացնել «ներքեւների» համար հասկանալի լեզու կիրառելով՝ փորձելով օգտվել իշխանության բացթողումներից, որոնք առնչվում են անմիջականորեն «ներքեւների» կյանքին ու առօրյային։ Հայրենասիրական թեզերը, ինչպես փորձն է ցույց տալիս, ներկայում Հայաստանի հասարակության մեջ մեծ մասամբ այնքան էլ մեծ համարում չեն վայելում՝ իշխանափոխության համար կրիտիկական մարդկային զանգված հավաքելու համար։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն էլ հենց նույն սկզբունքն է կիրառել՝ 2018-ից առաջ եւ ընթացքում խոսելով ոչ թե, օրինակ, Մեծ Հայքի վերականգնման, այլ իշխող խավի թալանը հետ բերելու մասին։ Սա է, թերեւս, այն առաջնահերթ սկզբունքը, որը պետք է կիրառել՝ իշխանափոխության ուղին բռնած քաղաքական ուժի համար։ Մյուս սկզբունքների մասին կխոսենք հաջորդիվ։