Գյումրեցի գործարար, ֆերմեր, ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող Տիգրան Ավագյանին հարազատ քաղաքի ճակատագիրը խիստ մտահոգում է: Տևական ժամանակ է՝ Գյումրին առանց քաղաքապետ է, քաղաքն օր օրի խորը տնտեսական ճգնաժամ է ապրում: «ՔՊ-ն «գցեց» «Բալասանյան դաշինք»-ին, «Բալասանյան դաշինքն» էլ՝ ՔՊ-ին, արդյունքում տուժեց շարքային գյումրեցին»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասում է գործարարը՝ մանրամասնելով․
«Երբ ավարտվեց էդ երկուսի մեղրամիսը, հուշագիրը խզեցին, սկսվեց գզվռտոցը: ՔՊ-ականները բալասանյանականների հետ ուտում-խմում էին, քաղաքապետարանից դուրս էլ էքսկավատորով իրար տակ էին փորում: Հետո պահանջեցին, որ քաղաքը վերջնական իրենց զիջեն, Ախուրյանի սցենարն էին մշակել, ոնց էնտեղ թուլամորթ Արծրուն Իգիթյանին վախեցրին կամ պայմանավորվածություն ձեռք բերեցին, գնաց, ասեց՝ առողջական խնդիրներ ունեմ, հրաժարվեց, ընտրեցին իրենց թեկնածուին, Գյումրիում Բալասանյանները, երբ հուշագիր խզեցին, հետ կանգնեցին, չարեցին ՔՊ-ի ուզածը, ՔՊ-ն էլ վերջում իր արածն արեց, բայց արդյունքում տապալվեց, ոտնահարվեց սահմանադրական կարգը:
Հիմա քաղաքն էնպիսի վիճակում է հայտնվել, որ ավագանու նիստ հրավիրող էլ չկա, համայնքապետարանի բաժինները կառավարող չկա, քաղաքն աղբի մեջ է, դիզվառելիք հատկացնող չկա, որ աղբը գան -տանեն: Նույնիսկ Փաշինյանն էր ասում, թե տեսեք՝ «Բալասանյան դաշինք»-ն ինչ վատություն արեց իր քաղաքին, բա՞ որ վատություն է արել, բա կա իրավական պատասխանատվություն, մի կտոր հողակտորի համար դատում եք, թե ապօրինի իրենցով են արել, բա սահմանադրական կարգ են տապալել, հրաժարվում են իրենց լիազորությունները կատարել, բա դրա համար պատասխանատվության ենթարկեք: Ամբողջ թիմով լիազորությունները դադարեցրին, մի բառ, մի պատճառաբանություն չասացին, գոնե էնքան տղամարդ լինեին, խոստովանեին, որ բռնաճնշումների հետևանքով ենք թողնում: Իրենց փոխարեն հայտարարությամբ հանդես եկավ Շիրակի մարզպետ, նախկին դաշնակցական Մուշեղ Մուրադյանը, հայտարարեց, թե «Բալասանյան դաշինքը» որոշել է քաղաքականությամբ չզբաղվել։
Ընկեր Մուշեղ, դու «Բալասանյան դաշինքի» մամլո խոսնա՞կն ես, ի՞նչն ես․․․, դու ես հելել խոսում․․․: Ու էս ֆոնին, ասպետի շորերով հայտնվել է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը, քաղաքն է փրկում, հայտարարում է, թե աշխատավարձերի հարցը լուծեց, դիմեց նախարարներին, տոնածառ ենք ունենալու: Մենք, որ իրավական երկիր լինեինք, մի քրեական գործ էլ դրա վրա պիտի հարուցվեր, որովհետև պատգամավորը նման լիազորություն չունի, աշխատավարձը համայնքի ղեկավարը պիտի ստորագրի, որ համայնքի բյուջեից դուրս գրեն, այսինքն՝ առանց համայնքապետի համաձայնության բյուջեից գումար է դուրս գալիս, էդ փողերը ո՞նց դուրս գրեցին, ուրիշ հարց, եթե Սարուխանյանն իր ջեբից է տվել կամ նախարարները՝ իրենց, թող ասեն, իմանանք»:
Տիգրան Ավագյանը համոզված է, որ ներկայիս իշխանությունը իր քայլերով հող է նախապատրաստում 2026 թ-ի խորհրդարանական ընտրություններին: Գյումրին առաջնային օղակ է: Բայց Ավագյանի խոսքով ամեն ինչ այդքան հեշտ չի լինելու: «Եթե 2021թ-ի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն Գյումրիում մոտ 6000-ից ավել ձայն տարավ՝ օգտագործելով նախկինների, ռուսներն արեցին, որ պարտվեցինք թեզերը, ապա այսօր վստահաբար կարող եմ ասել՝ իրենց էլեկտորատը նույնը չէ: Եթե մաքուր ընտրություն ընթանա, չնչին ձայն են տանելու: Ճիշտ է՝ «Բալասանյան դաշինքի» ձայները 8000-ից ավել էին, բայց ամենակարևոր պահը նա էր, որ ժողովրդի զգալի մասը ընտրության չմասնակցեց: Անդրադառնամ նախկիններին, Վարդան Ղուկասյանի ժամանակ ինքը քաղաքապետ ընտրվեց 30․000-ից ավել ձայն հավաքելով, մրցակիցը՝ Մարտուն Գրիգորյանը, 19․000-ից ավել էր հավաքել: Ի՞նչ է ստացվում․ ՔՊ-ի եւ «Բալասանյան դաշինքի» ձայները միասին միայն Մարտուն Գրիգորյանին ձայն տվածներից քիչ էին: Վստահեցնում եմ՝ եթե չկեղծեն, Գյումրիում իրենց համար շատ դժվար է լինելու»,- հավելեց մեր զրուցակիցը: