Հաշված օրեր անց՝ հունիսի 9-ին, Հայաստանի մի շարք մարզերում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այս ընտրություններն ի ցույց են դնելու, թե թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց մեր հանրությունը որքանով է լուրջ վերաբերվում տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչ չափանիշներով է առաջնորդվելու ընտրություն կատարելիս։ Ընտրություններում առաջադրված, ավելի ճիշտ՝ ինքնառաջադրված թեկնածուների ցանկն ուսումնասիրելիս հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ այս մի ՏԻՄ ընտրություններն էլ անտեսել կամ աչքաթող են արել բազմաթիվ կուսակցություններ, որոնք նախկինում իրենց պասիվությունը բացատրում էին իշխանությունների կողմից բռնաճնշումներով եւ ընտրակեղծիքներով։
Բայց այս անգամ եւս առաջադրված թեկնածուների գերակշիռ մասն անկուսակցական է։ Ինչո՞ւ են կուսակցությունները խուսափում ակտիվ մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ ոչ թե քաղաքական կապիտալ կուտակել ԱԺ ապագա ընտրությունների համար։ Ինչպիսի՞ պատկեր ունենք ՏԻՄ ընտրություններից առաջ։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված ցանկի՝ Արարատի մարզի Սիս համայնքում ինքնառաջադրվել է երեք անկուսակցական թեկնածու, որոնցից մեկը համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ Արմավիրի Ապագա համայնքում ինքնառաջադրվել է երեք անկուսակցական թեկնածու, որոնցից մեկը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Նույն մարզի Նորակերտ համայնքում ինքնառաջադրվել է չորս անկուսակցական թեկնածու․ մեկը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։
Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում երկու անկուսակցական թեկնածու կա։ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ինքնառաջադրվել է վեց անկուսակցական թեկնածու․ մեկը համայնքի ղեկավարն է։ Նույն մարզի Ծովասար համայնքում ինքնառաջադրվել է երկու անկուսակցական թեկնածու․ մեկը դարձյալ համայնքի ղեկավարն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մեկ թեկնածու է առաջադրվել Լոռու մարզի Շենավան համայնքում, որը կմրցի երկու անկուսակցական թեկնածուի հետ։ Ի դեպ, ՔՊ-ական թեկնածուն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Նույն մարզի Քարաձոր համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ մեկ թեկնածուի հետ ինքնառաջադրվել է երեք անկուսակցական թեկնածու։ Բարդ եւ թեժ ընտրություններ են սպասվում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Այստեղ ինքնառաջադրվել է վեց թեկնածու, այդ թվում՝ համայնքի գործող ղեկավարը։
Թեկնածուներից մեկն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, մյուսներն անկուսակցական են։ Իսկ նույն մարզի Գետարգել համայնքում ինքնառաջադրված երկու թեկնածուներից մեկն անկուսակցական է, մյուսը՝ «Բարգավաճ Հայաստան»-ից, որը, ի դեպ, համայնքի ղեկավարն է։ Շիրակի Անուշավան համայնքում ինքնառաջադրվել է երկու անկուսակցական թեկնածու։ Նույն մարզի Սպանդարյան համայնքում ինքնառաջադրվել է երկու անկուսակցական թեկնածու, որոնցից մեկը համայնքի ղեկավարն է։ Երեք անկուսակցական թեկնածու էլ ինքնառաջադրվել է Սյունիքի մարզի Գորայք համայնքում։ ԱԺ ընտրություններին մասնակցած, սակայն խորհրդարան մուտք չգործած Դաշնակցությունից մեկ թեկնածու կա Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում։ Նա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է եւ կմրցի անկուսակցական թեկնածուի հետ։