Քաղաքականություն

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի հեռացումն անհանգստացնում Թուրքիային և Ադրբեջանին

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի հեռացումն անհանգստացնում Թուրքիային և Ադրբեջանին

Փետրվարի 25-ին, երբ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր Շտաբը հանդես էր եկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, նույն օրը Թուրքիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, այնուհետև՝ ԹՀ նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարություն էին տարածել, որով դատապարտել էին ԳՇ պահանջը՝ այն որակելով «հեղաշրջում» կամ «հեղաշրջման փորձ»։

Իսկ արդեն հաջորդ օրը ԹՀ նախագահ, իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր հանդես եկել նույնաբովանդակ հայտարարությամբ։ 
Թուրքական այս բարձրաստիճան պաշտոնյաները, ըստ էության, աջակցություն հայտնեցին Նիկոլ Փաշինյանին ու իմքայլականներին։ Ինչ-որ չափով հասկանալի է, թե ինչու։ Որովհետև Թուրքիան, ներգրավված լինելով Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմում, հայկական կողմի պարտության հետևանքով մեծացրեց իր ազդեցությունը տարածաշրջանում։ Իսկ ադրբեջանա-թուրքական շրջանակները բավականին խանդավառությամբ են մոտենում Սյունիքի մարզի Մեղրի համայնքով հնարավոր միջանցքի/երթուղու բացմանը, որին դեմ չեն իմքայլական շրջանակները։ Միջանցքը կարևոր կապ է ապահովում արդեն իսկ «Մեկ ազգ, մեկ պետություն» նշանաբանով հանդես եկող Թուրքիայի և Ադրբեջանի կապը թյուրքախոս պետությունները միավորող «Թյուրքական խորհուրդ» («Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդ») կազմակերպության (որի անդամ են նաև իրենք) այլ պետությունների հետ՝ Ղրղզստան, Ղազախստան, Ուզբեկստան։ Բացի այդ, ավելի է հեշտանում կապը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինցզյան-Ույղուրյան ինքնավար մարզի հետ, որի բնակչության մի հատվածը թյուրքական ծագում ունեցող ույղուրական փոքրամասնությունն է։ 

«Հրապարակ» թերթի հետ զրույցում թյուրքագետ, Միջինարևելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, «Լրատվական Ռադիոյի»՝ Թուրքիայի մասին հեղինակային «Կիսալուսնի մայրամուտը» հաղորդման վարող Տիրան Լոքմագյոզյանի խոսքերով՝ Թուրքիային ձեռնտու է իմքայլական իշխանությունը։ «Տեսե՛ք՝ ի՞նչ կատարվեց 2020 թվակակին, գոնե։ Ադրբեջանցիները հասան իրենց նպատակին, իրենց երազին։ Անգամ Շուշին վերցրեցին, Թուրքիան մտավ այս տարածաշրջանը։ Եվ  մեր իշխանություններն անում են ամեն ինչ, որ պահանջում են Թուրքիան և Ադրբեջանը։ Այստեղ կարելի է ասել, որ միակ խանգարող էլեմենտը Ռուսաստանն է։ Թե չէ, ինձ թվում է, այսօր մի քիչ ավելի տարբեր կլիներ մեր քարտեզը։ Այսօր ադրբեջանցի զինվորներն անգամ, թուրք զինվորների մասին է խոսքը, մտնում են գյուղեր, ասում են․ «Գնացե՛ք էստեղից, մենք հեռանում ենք»։ Իշխանությունից [իմքայլական իշխանությունից] ասում են․ «Եթե ասում են, ուրեմն դուք էլ դուրս եկեք»», - նշեց թյուրքագետը։ 

Լրագրողի կարծիքով՝ թուրք-ադրեբջանական կողմն ուրիշ ծրագրեր էլ ունի, որոնք ուզում է ավարտին հասցնել։ «Նման իշխանություն Հայաստանում, իհա՛րկե, նրանք ո՛չ կարող էին երազել, ո՛չ էլ այս իշխանությունից հետո կարող են գտնել նմանը։ Այդ պատճառով, քանի կարողանում են, իրենք ուզում են մաքսիմումը վերցրած լինել։ Իրենք մինչև իրենց վերջի նպատակը չեն հասցրել, իրենց ձեռնտու չէ, դրա համար էլ իրենք հետաքրքրված են և տագնապած, որ կարող է իշխանությունը տապալվի», - շեշտեց նա։

Հարցին՝ սա կարո՞ղ է նաև պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Թուրքիայում նույնպես վախենում են իշխանափոխությունից, և փորձում են ներքին [Թուրքիայի] լսարանի համար էլ ինչ-որ մեսիջներ ուղարկել քաղաքական շրջանակներին կամ այլ ղեկավարություններին, Լոքմագյոզյանը պատասխանեց, որ կարող է նաև 1 տոկոս այդպես լինել։ «Բայց չէ։ Իրենք ներքին լսարանի հետ կապված իրենց գործերը վաղուց արդեն արել են։ Էրդողանն այսօր այնպիսի դիրքում է, որ հակառակ խոսողերին արդեն լռացրել է այս կամ այն կերպ։ Էրդողանը ոչ մեկից վախենալու բան չունի։ Սա ուղղակի իր արտաքին քաղաքականության և արտաքին նպատակների դրսևորման հետ կապված է», - եզրափակեց թյուրքագետը։ 

Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պատմագիտության դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Թուրքիայի այս հայտարարությունները շատ անսովոր են․ «Փաստորեն առաջին անգամ է, որ Թուրքիան նմանատիպ անսովոր հայտարարությամբ է հանդես գալիս կապված Հայաստանի հետ։ Չեմ կարող ասել՝ ինչու է նման բան անում։ Բայց ամեն դեպքում կարող եմ արձանագրել՝ նմանատիպ հայտարարություն թուրքական պաշտոնական ամենաբարձր մակարդակից Հայաստանի հետ կապված չի հնչել»։

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ իմքայլական իշխանությունները ձեռնտու են կամ ներքին լսարանի համար են անում, որ իշխանափոխություն չլինի, որ կուսակցությունները համաժողովրդական ցույցերով չհեռացնեն Էրդողանին իշխանությունից, ակադեմիկոսը պատասխանեց․ 
«Կարող եմ որոշակի ենթադրություններ անել։ Սա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ Արցախյան պատերազմում մեր պատրությունից հետո Թուրքիան մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, քաղաքական ակտիվացման այս նոր փուլում կարողացավ հաստատել որոշակի ներկայություն՝ նոր մակարդակի վրա հասցնելով այն։ Ես նկատի ունեմ, որ կարողացան ռուսների հետ Համատեղ մոնիտորինգային կետին մասնակցել [Ակնայում / Աղդամում]։ Այս նոր նախաձեռնության՝ «3+3», որով նրան հանդես եկան, եթե այս ամբողջ կոնտեքստում դատարկենք, Թուրքիան մեր տարածաշրջանում սկսում է իր քաղաքականության մի նոր փուլ, որի նպատակն է ավելի ուժեղացնել իր ազդեցությունը։ Եվ կամաց-կամաց, այսպես ասած, իր վրա է ուզում ստանձնել տարածաշրջանում «որոշիչ ուժի ֆունկցիաները»։ Եթե այդ կոնտեքստում դիտարկենք, հասկանալի կլինի Թուրքիայի հայտարարությունը»։

Թյուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքերով՝ երկու տարբերակ կա, թե ինչու է Թուրքիան դատապարտող հայտարարություններով հանդես եկել։ 

«Քանի որ իրենք այս ամենը հասկացել են ռազմական հեղաշրջման փորձի շրջանականերում, չէ՞, ինչպես իրենք են նշում, դատապարտում են «ռազմական հեղաշրջման փորձը»։ Քանի որ ծանոթ եմ Թուրքիայի պատմությանը, առավելևս՝ քաղաքական գործընթացների խրոնոլոգիային, այդ թվում՝ ռազմական հեղաշրջումներին։ Թուրքիայում ռազմական հեղաշրջումներն ունեցել են պարբերական բնույթ և քաղաքական իշխանությունների համար մեծագույն խնդիրներ են ստեղծել, բավականին ծանր հետևանքներ են ունեցել կուսակցությունների, հասարակական կյանքի․․․ մի խոսքով։ Էրդողանն ինքն էլ պոստմոդեռն հեղաշրջման «զոհերից է» [1999 թվականին հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից, ձերբակալվել ու կալանավորվել]։ Այդ հեղաշրջումը պայմանավորված էր պահպանողականների, ազգայնական իսլամիստների ակտիվացմամբ, Էրդողանը նրանց թևին էր պատկանում։ Իսկ Թուրքիայում, գիտեք, աշխարհիկ կարգերի երաշխավորը հենց բանակն է։ Կամ կարող ենք արդեն ասել բանակները, քանի որ Էրդողանն ամեն ինչ արեց այդ աշխարհիկներին հեռացնելու և ապահգովելու համար իր կայուն գործունեությունը Թուրքիայում», - նշեց թյուրքագետը՝ սա ներկայացնելով որպես առաջին տարբերակ։

Իսկ երկրորդը, ըստ Իսպիրյանի այն է, որ եթե «մի քիչ ավելի հեռու նայենք, տարածաշրջանի պրիզմայով նայենք, ապա Հայաստանի ներկայիս իշխանությունները նոյեմբերի 9-ի տխրահռչակ պայմանավորավածություններով ունեն ստանձնած պարտավորություններ, Թուրքիայի և Ադրբեջանի համար բավականին հարմար տարբերակ են»։

«Եվ իշխանափոխությունը կամ իշխանությունից հնարավոր հեռացումն [իմքայլականների հեռացումն] իրենց համար վտանգ է ներկայացնում։ Այսինքն՝ այդ պարտավորությունների չկատարման կամ հնարավոր ռիսկերի առաջացման հետ կապված, բնականաբար հիմնական ռիսկերն Ադրբեջանի համար են։ Եվ իրենք նաև անհանգստացած են նաև այդ հանգամանքով», - եզրափակեց թյուրքագետը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image