Քաղաքականություն

Աշխարհն առաջ է գնում, իսկ մենք` դեպի միջնադար, երբ եկեղեցին ու պետությունը պայքարում էին իշխանության համար

Աշխարհն առաջ է գնում, իսկ մենք` դեպի միջնադար, երբ եկեղեցին ու պետությունը պայքարում էին իշխանության համար

Համեմատեք, թե ինչ է կատարվում աշխարհում, ինչ խնդիրների են բախվում ու փորձում լուծումներ գտնել աշխարհի տարբեր երկրների հասարակությունները, եւ հայ հասարակությանն ամենօրյա ինչ ուղերձներ է հղում երկրի թիվ մեկ պաշտոնյան, ու դուք կհամոզվեք, որ գործ ունենք մի մարդու հետ, որը, բացի իշխանությունից ու փողից, ուրիշ որեւէ բանի մասին ո՛չ պատկերացում ունի, ո՛չ էլ մտածելու կարողություն: Արդեն վեց ամիս նա պայքարում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, կալանավորում Եկեղեցու պաշտպաններին, բանտերը լցնում քաղբանտարկյալներով, Եկեղեցու սպասավորներին է գաղտնալսում, գաղտնանկարահանում, իբրեւ թե ինչ-որ մութ դավեր է բացահայտում, կեղծ պատարագներ է կազմակերպում, իր ունեցած իշխանության ուժով կեղծ աղանդ է ձեւավորում եւ այդ նույն իշխանության ուժով աղանդավորներ հավաքագրում:  

Բրիտանական The Telegraph պարբերականում վերջերս տպագրված մի հոդված չափազանց ծանր տպավորություն գործեց ինձ վրա, մտածեցի, թե քանի տասնամյակ կամ գուցե հարյուրամյակ ենք մենք հետ աշխարհից ու ոչ մի հնարավորություն չունենք կրճատելու այդ տարբերությունը: Հոդվածագիրը զրուցել էր Չինաստան այցելած արեւմտյան խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք պատմել էին, թե ինչ են տեսել եւ ինչ զգացողություններ են ունեցել Չինաստան իրենց այցերից հետո: «Սա ամենաապշեցնող բանն է, որ ես երբեւէ տեսել եմ», - ասել էր Ford-ի գլխավոր տնօրեն Ջիմ Ֆարլին՝ Չինաստան կատարած իր վերջին այցի մասին։ Մի շարք գործարաններ այցելելուց հետո Ջիմ Ֆարլին զարմացած ասել էր. «Նրանց արժեքն ու մեքենաների որակը շատ ավելի բարձր են, քան ես տեսնում եմ Արեւմուտքում: Մենք համաշխարհային մրցակցության մեջ ենք Չինաստանի հետ, եւ դա միայն էլեկտրական մեքենաները չեն։ Եվ եթե մենք պարտվենք դրանում, մենք ապագա չունենք Ford-ում»։

Ավստրալացի միլիարդատեր Էնդրյու Ֆորեսթը, որը կանգնած է հանքարդյունաբերական հսկա Fortescue-ի հետեւում, ասել էր, որ Չինաստան կատարած իր այցերը համոզել են իրեն հրաժարվել իր ընկերության կողմից էլեկտրական մեքենաների շարժիչային համակարգեր արտադրելու փորձերից: «Ես կարող եմ ձեզ տանել Չինաստանի գործարաններ, որտեղ դուք կլինեք մեծ փոխադրիչի կողքին, երբ դուք քայլում եք այս փոխադրիչի կողքով, մոտ 800, 900 մետր անց մի բեռնատար է դուրս գալիս։ Մարդիկ չկան՝ ամեն ինչ ռոբոտացված է»։

Այլ ղեկավարներ նկարագրում են հսկայական, «մութ գործարաններ», որտեղ ռոբոտներն այնքան շատ աշխատանք են կատարում միայնակ, որ նույնիսկ անհրաժեշտություն չկա լույսերը միացված թողնել մարդկանց համար։ «Մենք այցելեցինք մութ գործարան, որն արտադրում էր աստղաբաշխական քանակությամբ բջջային հեռախոսներ»,- լրագրողին պատմել է բրիտանական էներգամատակարար Octopus-ի ղեկավար Գրեգ Ջեքսոնը։
Վերջերս ամերիկյան ամենամեծ գործատուներից մեկը` Amazon-ը հայտարարել էր, որ մինչեւ 2033 թվականը մտադիր են կրճատել իրենց ունեցած աշխատատեղերի 75 տոկոսը`մոտ 600 հազար մարդ: Անդրադառնալով Amazon-ի այս հայտարարությանը՝ ամերիկացի միլիարդատեր, «Տեսլա» եւ բազմաթիվ այլ նորարարական ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն ասել էր. «Առաջիկա տարիներին արհեստական բանականությունը եւ ռոբոտները կստանձնեն բոլոր աշխատանքները։ Մարդիկ կկարողանան աշխատել այնպես, ինչպես ցանկանում են։ Օրինակ՝ դա նման կլինի սեփական բանջարեղեն աճեցնելուն` խանութից գնելու փոխարեն»։ 

Մտածում ես` այս մարդի՞կ են Մարս մոլորակի վրա, թե՞ մենք, բայց որ մենք նույն մոլորակի վրա չենք, դա՝ հաստատ: Տարբեր երկրների ներկայացուցիչներ խոսում են արհեստական բանականությունից, հումանոիդ ռոբոտների ներդրումից, աշխատանքի արտադրողականությունից, իրար հետ մրցակցության մեջ են, փորձում են հետ չմնալ կամ եթե հնարավոր է՝ առաջ անցնել այդ մրցակցության մեջ: Իսկ մենք, որպես պետություն եւ հասարակություն, ո՞ւմ հետ ենք մրցակցում կամ` ի՞նչ հարցում, ո՞ր ոլորտներում: Փաշինյանի ուշքնումիտքը Մայր Աթռը գրավելն է, եկեղեցականների աշխատած փողերից փայ ունենալը, Եկեղեցու հարստություններին տիրանալը, նրան այլեւս չի բավարարում այն, որ կարող է նախարար ու պատգամավոր, դատախազ ու դատավոր նշանակել ու ազատել, հիմա էլ ուզում է կաթողիկոս ու թեմի առաջնորդ նշանակել ու ազատել: Վեց ամիս երկիրն ու հասարակությունը ներքաշել է մի անիմաստ, անպտուղ եւ որեւէ առաջընթաց չապահովող վեճ ու կռվի մեջ, ու դեռ որքան է դա շարունակելու:
The Telegraph-ի հոդվածագիրն իր հոդվածն ավարտում է հետեւյալ եզրահանգմամբ. «Մարդիկ շատ են խոսում այն մասին, թե ինչպես է ավտոմատացումը հանգեցնելու աշխատատեղերի կորստի: Բայց իրականում աշխատատեղերի կորուստներն անհամաչափ կլինեն այն երկրներում, որոնք չեն ավտոմատացնում իրենց տնտեսությունը։ Այլ կերպ ասած, արդիականացման չհաջողվելը գրեթե անկասկած կհանգեցնի Արեւմուտքում ավելի շատ մութ գործարանների։ Բայց այնպիսին, որտեղ ընդհանրապես աշխատանք չի կատարվում»։

Փաշինյանն իր մտածողությամբ, ժամանակի եւ դրա պահանջների ընկալման անընդունակությամբ, Հայաստանը վերածել է «մութ երկրի». մի երկիր, որն առաջ գնալու, աշխարհում ընթացող պրոցեսներին համընթաց քայլելու փոխարեն անընդհատ հետ է գնում` դեպի միջնադար, երբ Եկեղեցին ու պետությունը պայքարում էին իշխանության համար, երբ մարդուն ընդամենը կես խոսքի համար կարող էին զրկել աշխատանքից, ունեցվածքից, ազատությունից եւ անգամ՝ կյանքից, ուր առաջընթացի ու զարգացման գաղափարը դիտվում էր որպես գործող վարչախմբի գոյության սպառնալիք եւ վերացվում էր հրով ու սրով: Հայաստանին լուսավորություն է պետք, այլապես կշարունակենք խարխափել սրանց ստեղծած ու սրանց կողմից սնվող մթության մեջ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image