Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսիայում նախաձեռնել է “Mouvement arménien“ «Հայկական շարժում» կազմակերպությունը։
«Հրապարակի» տեղեկություններով՝ կազմակերպության ձևավորման աշխատանքներին մասնակցում է նաև «Ֆրանկ Մյուլլեր» ժամագործական ընկերության համահիմնադիր, հայազգի գործարար, միլիոնատեր Վարդան Սրմաքեշը։
Հաշվի առնելով իմքայլական իշխանությունների աշխատաոճը՝ այս կառույցը գործի է դրվել ի հակադրություն Ֆրանսիայում հայկական շահերն առաջ տանելու մեջ մեծ ներդրում ունեցած Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (Le Conseil de coordination des organisations arméniennes de France / CCAF)։ Ըստ էության՝ կառույցը կարող է նաև պառակտիչ դեր ստանձնել հայկական սփյուռքում՝ թուլացնելով նրա ազդեցությունը։ Քանի որ Նիկոլ Փաշինյանին հիմնականում մերժում են նաև հայկական սփյուռքի շրջանում՝ Սինանյանի ու Սրմաքեշի նախաձեռնած կազմակերպությունը կարող է ծառայել որպես իմքայլական իշխանություններին աջակցություն ապահովելու գործիք։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներն են ՀՅԴ Բյուրոյի անդամ (Ֆրանսիա) Մուրադ Ֆրանկ Փափազյանը և «Նորություններ Հայաստանից» (Les Nouvelles d'Arménie) պարբերականի և armenews.com կայքի հրատարակիչ, լրագրող Արա Թորանյանը։
Հունիսի 1-ին, երբ Փաշինյանը ժամանել էր Ֆրանսիա, հայ համայնքի ներկայացուցիչներից շատ քչերն էին համաձայնել նրա հետ հանդիպել։ Բացի այդ, ֆրանսահայերը բողոքի գործողություն էին իրականացրել իմքայլական վարչապետի դեմ՝ նրան անվանելով «դավաճան», «հողատու», «կապիտուլյանտ» ու հայհոյել։
Այդ օրը Փաշինյանին ընդունել էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը։ Մուրադ Փափազյանն այդ օրը հարցազրույց էր տվել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը և ասել, որ Ֆրանսիայի նախագահն առաջարկել էր, որ նրա (Մակրոնի) և Փաշինյանի միջև հանդիպումը տեղի ունենա հոկտեմբերին՝ ընտրություններից հետո, սակայն Փաշինյանը պնդել էր հունիսին հանդիպել։ CCAF-ի համանախագահի խոսքերով՝ Փաշինյանի այս քայլը պայմանավորված էր նախընտրական տրամադրություններով, և որ վերջինս պնդել էր հունիսին հանդիպել՝ իր PR-ի համար։ Պարոն Փափազյանը «մուրացկանություն» էր որակել Փաշինյանի այս քայլը, ում վարկանիշն առանց այդ էլ հողին է հավասարվել ու շարունակում է գահավիժել։
Հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց հրաժարվել էին նաև Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Վահան Սրբազանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանը, ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը։ Այդ օրվա հանդիպմանը իմքայլականների առաջնորդի հետ հանդիպել էին շատ քիչ թվով մարդիկ՝ հիմնականում պարզ չէ թե որտեղից։
2020 դեկտեմբերին, երբ բազմաթիվ հայաստանյան կառույցներ ու կազմակերպություններ կոչ էին անում Փաշինյանին ազատել վարչապետի աթոռը, դեկտեմբերի 12-ին ՀԲԸՄ-ն նույնպես հանդես եկավ հրաժարական տալու կոչով։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սփյուռքի խոշորագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է, որը նվիրվել է հայկական ժառանգության պահպանմանը՝ կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերի միջոցով: Միության առաջնորդների տեսլականի, ինչպես նաև նրա նվիրյալ բարերարների ու անդամների օժանդակության միջոցով միությունը տարիներ շարունակ ծանրակշիռ դերակատարություն է ունեցել հայկական արժեքների և ավանդույթների պահպանման գործում՝ որդեգրելով բոլոր ժամանակների պահանջներին ու կարիքներին համահունչ ծրագրեր:
Հատկանշական է նաև, որ այսօրվա դրությամբ իմքայլականների իշխանության ներքո Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում աշխատող Զարեհ Սինանյանը, որը նույնպես դարձել է «նախկիններին» մեղադրող, հենց նախկին իշխանությունների օրոք Սփյուռքում քաղաքական պաշտոններ է զբաղեցրել։ Սինյանը 2013 թվականին մասնակցել է ԱՄՆ Քալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամի ընտրություններին և ընտրվել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ: 2014-2015թթ. նշանակվել է Գլենդելի քաղաքապետ, իսկ 2015-18թթ.՝ եղել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ:
2018-19թթ.՝ կրկին նշանակվել է Գլենդելի քաղաքապետ: Իսկ արդեն 2019-ի հունիսի 14-ին նշանակվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Հատկանշական է, որ ամերկահայերը և գելդելահայերն այս շրջանում ցույց էր են անում իմքայլական իշխանությունների դեմ, պահանջում Փաշինյանի հեռացումը, վերջինիս անվանում՝ «դավաճան», «հողատու», «կապիտուլյանտ» և այլն։
Ինչ վերաբերում է Վարդան Սրմաքեշին, ապա նա նախկինների օրոք Հայաստանում հսկայական ներդրումներ կատարելու հնարավորություն է ունեցել, 2013 թվականին էլ նշանակվել էր Մարսելում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս։ 2013-ի նոյեմբերի 8-ին ՀՀ այն ժամանակվա արտաքին գործերի նախարար (2008-18) Էդվարդ Նալբանդյանը և Մարսելի քաղաքապետ (1995-2020), Ֆրանսիայի Սենատի անդամ (1998-2017) և նախկին փոխխոսնակ (2014-17) Ժան-Կլոդ Գոդենն էին կատարել Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը։