Հասարակություն

Հ1-ի համար Արցախն այլեւս Լեռնային Ղարաբաղ է

Հ1-ի համար Արցախն այլեւս Լեռնային Ղարաբաղ է

Երեկ Հ1-ի երեկոյան լուրերի հիմնական թողարկումից հետո առաջիկա օրվա եղանակային կանխատեսումների մասին Գագիկ Սուրենյանի հավելվածը դիտելիս տհաճ անակնկալի եկա, թեեւ այդ մասին նախորդ օրերին համացանցում ինչ-որ բաներ կարդացել էի։

Ինչպես գիտեք, ընդունված ավանդույթ է, որ առաջիկա օրվա եղանակային կանխատեսումներն ասելիս ներկայացվում են նաեւ Արցախում սպասվելիք եղանակային կանխատեսումները։ Եվ ահա, երբ արդեն պետք է ասվեր Արցախի հաջորդ օրվա եղանակը, Սուրենյանի կողմից հնչեց «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը, էկրանին էլ «Արցախ»-ի փոխարեն «Լեռնային Ղարաբաղ» կապակցությունը գրվեց։ Ինչ խոսք՝ զարմանալի էր։ Եթե հիշենք, որ Բաքուն արդեն եղանակային կանխատեսումների մակարդակում Հայաստանի տարածքի մի ստվար հատվածն անվանում է «Արեւմտյան Ադրբեջան» ու այդպես տարածում իր ժողովրդի մեջ, «նստեցնում» նրանց ուղեղներում, ապա առնվազն տարակուսելի է, թե ինչու Հայաստանում Հանրային հեռուստաընկերությունը գնում է հակառակ ուղղությամբ՝ «Արցախ» եզրույթը փոխարինելով «Լեռնային Ղարաբաղ»-ով։

Գագիկ Սուրենյանին անձամբ ասելիք չկա՝ մարդը շարքային աշխատող է, ասել է թե՝ «վերեւից» եկած հրամանը կատարող անձ։ Ասելիքը թերեւս Հ1-ի ղեկավարությանը պետք է հասցեագրել, հեռուստատեսության ոլորտի պատասխանատուներին եւ Հայաստանի գործող իշխանություններին, անշուշտ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոնց հրամանը միայն դա կարող էր լինել, որովհետեւ լավ ենք հասկանում, որ հեռուստատեսությունում, այն էլ՝ պետական կամ ավելի կոնկրետ՝ իշխանական (ավելորդ բառախաղն իմաստ չունի այստեղ՝ «հանրային» թե «պետական» կամ ավելի կոնկրետ՝ «իշխանական»), ինչպիսի տոտալ վերահսկողություն է եղել բոլոր ժամանակներում, որը գուցե ավելի խիստ կերպով առկա է նաեւ այսօր։

Մանավանդ չմոռանանք, որ հայկական երկրորդ պետության անունն Արցախ է` նրա Սահմանադրության մեջ դա է ֆիքսված, իսկ այն, որ ՀՀ իշխանությունները 2020-ից հետո համառորեն «Լեռնային Ղարաբաղ» եզրույթն են օգտագործում, Ադրբեջանի հերթական պահանջն է եւ մեր իշխանությունների հերթական զիջումն ագրեսորին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image