«Կարմիր խաչը Վիգենին ծխախոտ եւ ուտելիք էր տանում, կարողանում էի Վիգենի վիճակի մասին տեղեկանալ, իսկ հիմա ոչ մի կապ չունեմ Վիգենի հետ»,- ասում է Բաքվի բանտում գտնվող ռազմագերի Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդան: «Ես կարծես խելագարված լինեմ, չգիտեմ՝ արդյոք երբեւիցե նորից կլսե՞մ նրա ձայնը: Կարմիր խաչն արգելափակված է Ադրբեջանում, չգիտեմ, թե հիմա ինչ է կատարվելու Վիգենի հետ»: Լինդան ամուսնու հետ վերջին անգամ զրուցել է փետրվարին, Վիգենը կատակել է:
«Ավելորդ քաշ էի հավաքել` նա առաջին անգամ ծիծաղեց ու կատակեց, ասելով, որ տեսնելով նկարս՝ չի ճանաչել ինձ: Վիգենն էլ չգիտեր, որ դա մեր վերջին զրույցն է լինելու… փետրվարին եմ զրուցել իր հետ վերջին անգամ»: Լինդան պատմում է, որ անընդհատ նորություններին է հետեւում, որ եթե հանկարծ ռազմագերիների վերաբերյալ որեւէ տեղեկատվություն լինի, առաջինն իմանա այդ մասին: Իսկ ՀՀ կառավարությանը դիմե՞լ է։ «Իսկ ի՞նչ հարցով դիմեմ: Բոլորն էլ գիտեն, որ գերիներին ազատելու մասով գործ գրեթե չեն անում»: Շատ միջազգային կազմակերպություններ են փորձել օգնել Վիգենին, սակայն բախվել են Ադրբեջանի արգելքներին: «Ոչ մի տեղեկատվություն չկա, ոչ մի նորություն չկա, չգիտենք, թե ինչ է լինելու՝ անորոշությունը խեղդում է, քամում է, սպանում է ինձ»,-ասաց Լինդա Էուլջեքյանը: Նա մշտական կապի մեջ է գերիների հարցերով զբաղվող Սիրանուշ Սահակյանի հետ, որն ամեն ինչ անում է՝ գերիների հարցով որեւէ դրական առաջընթացի հասնելու համար: Հիշեցնենք, որ Ադրբեջանը փորձում է արգելել Կարմիր խաչի գործունեությունն իր տարածքում: