Վերջին 35 տարում Տավուշի անտառներում օրինական, ավելի հաճախ՝ ոչ օրինական կարգով մեծածավալ հատումներ են կատարվել։ Դիլիջանի ազգային պարկը համարվում է բնության հատուկ պահպանվող տարածք, սակայն ազգային պարկի տարածքում եւս մեծ ծավալի անօրինական հատումներ են կատարվել։ Տավուշի մարզում ապօրինի հատումներից առավել տուժել են Իջեւանի ու Սեւքարի անտառտնտեսությունները։
Վերջին տարիներին ապօրինի մեծ հատումներ են կատարվում Բերդ համայնքի անտառները տնօրինող Արծվաբերդի անտառտնտեսությունում։ «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պարտականությունները կատարող Գարեգին Միրզոյանից տեղեկատվություն եմ ստացել 2024 եւ 2025 թվականներին Տավուշի 4 անտառտնտեսություններում հատումների մասին։ 2024-ին Տավուշի մարզի «Անտառտնտեսության» մասնաճյուղերում մթերվել է հետեւյալ ծավալների փայտանյութ․ «Արծվաբերդի անտառտնտեսություն»` 5657,5 խմ, որից շինափայտ՝ 235 խմ, «Իջեւանի անտառտնտեսություն»` 353,52 խմ, որի մեջ շինափայտ չկա, «Նոյեմբերյանի անտառտնտեսություն»`6721,1 խմ, որից շինափայտ՝ 220,38 խմ, «Սեւքարի անտառտնտեսություն»` 2733,66 խմ, որից շինափայտ՝ 162,25 խմ:
2024-ին նշված 4 անտառտնտեսություններում ընդհանուր մթերվել 15465,78 խմ, որից շինափայտ՝ 617,63 խմ։ 2025-ին Տավուշի մարզի «Անտառտնտեսության» մասնաճյուղերում մթերվել է հետեւյալ ծավալի փայտանյութ՝ «Արծվաբերդի անտառտնտեսություն»` 5394,13 խմ, որից շինափայտ՝ 229,4 խմ, «Իջեւանի անտառտնտեսություն»` 769,84, որի մեջ շինափայտ չկա, «Նոյեմբերյանի անտառտնտեսություն»` 4751,21, որից շինափայտ՝ 170,41 խմ, «Սեւքարի անտառտնտեսություն»` 3054,64, որից շինափայտ՝ 89,86։ Ընդհանուր 4 անտառտնտեսությունում այս տարի մթերվել է 13 969,82 խմ, որից շինափայտ՝ 489,67։ 2024-2025 թվականներին Տավուշի մարզում օրինական կերպով հատվել է 29 465,6 խմ փայտանյութ, ինչը վերջին 30 տարում նոսրացած անտառների պարագայում մեծ թիվ է։