Քաղաքականություն

«Հրապարակ». Հայաստանի արեւմտամետները չգիտեն, թե որ միությանն են ուզում միանալ

«Հրապարակ». Հայաստանի արեւմտամետները չգիտեն, թե որ միությանն են ուզում միանալ

Խոսքն իշխանության սորոսական փայատերերի մասին է կամ, այսպես կոչված, ժողովրդավարական հարթակի, որի մաս են կազմում Արամ Զավենիչ Սարգսյանի, Տիգրան Խզմալյանի կուսակցությունները, Հովսեփ Խուրշուդյանը եւ մյուս արեւմտամետները, որոնք, հիշեցնենք, 60 հազար ստորագրություն են հավաքել, ներկայացրել ԿԸՀ, իսկ առաջիկայում հարցը ներկայացվելու է խորհրդարան: Նրանք պահանջում են իշխանություններից՝ հանրաքվե կազմակերպել Եվրոպական միությանն անդամակցելու հարցով։ ԿԸՀ ուղարկված նախագծին ծանոթանալով պարզեցինք, որ նախաձեռնողներն անգամ չգիտեն այն միության ճիշտ անվանումը, որին ուզում են, որ Հայաստանն անդամագրվի։ Ըստ նրանց՝ դա Եվրոպայի Միությունն է, մինչդեռ ԿԸՀ-ն մի քանի տեղ ուղղումներ է մտցրել տեքստում՝ դարձնելով «Եվրոպական Միություն»։ 

Զավեշտն այն է, որ «Եվրաքվե» նախաձեռնությունը լոկ այս նեղ խմբինը չէ, եւ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ դարձավ, որ դա իշխանության հետ համատեղ նախաձեռնություն է: Փաշինյանը, սովորույթի համաձայն, չի դադարեցնում վտանգավոր լարախաղացությունը արտաքին խաղացողների հետ խաղում եւ մտադիր է «պար գալ» երկու՝ հյուսիսային եւ արեւմտյան լարերի վրա միաժամանակ։ Այսինքն՝ իշխանական մակարդակով սկսված գործընթացում չի եղել մի խելացի, գրագետ մարդ, որը 2 էջանոց գրագետ տեքստ գրի եւ որպես նախագիծ դնի շրջանառության մեջ։  

Իսկ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով ստորագրահավաքին, երկիմաստ հայտարարություններ արեց: Ավելի ճիշտ՝ գրեթե ուղիղ ասաց, որ չեն կարող խորհրդարանում մերժել արեւմտամետներին եւ, ըստ ամենայնի, ընդունելու են նախագիծը, մինչդեռ իր թիմում մինչեւ վերջերս կարծում էին, որ մերժելու են եւ ուղարկելու են 300 հազար ստորագրություն հավաքելու, որից հետո արդեն իրավունքի ուժով տվյալ հարցը դրվում է հանրաքվեի։ 

Փաշինյանն ասուլիսում հիշեցրեց Եվրախորհրդարանում ամիսներ առաջ իր ելույթը, որտեղ հայտարարել էր Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավորինս մոտ լինելու մասին եւ ընդգծել, որ դա սոցցանցերում ամենաշատ տարածում ստացած ելույթներից մեկն է եղել, ինչը, նրա խոսքով, վկայում է այդ օրակարգին հանրային լայն աջակցության մասին։ Անդրադառնալով «Եվրաքվե»-ի ստորագրահավաքի արդյունքների հնարավոր քննարկմանն Ազգային ժողովում՝ Փաշինյանը նկատել էր, որ քաղաքական տրամաբանության տեսակետից դժվար կլինի դեմ արտահայտվել նախաձեռնությանը։ «Ես գնացել եմ Եվրոպական խորհրդարան եւ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիությանը լինել այնքան մոտ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Իմ այդ ելույթից հետո Հայաստանում քննարկումներն ակտիվացել են, եւ այդ ակտիվ քննարկումները բերել են ստորագրահավաքի, եւ նախագիծ է մտնում Ազգային ժողով։ Քաղաքական տրամաբանությունն ասում է, որ այն կառավարող մեծամասնությունը, որի քաղաքական լիդերը հայտարարություն է արել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, եթե չընդունի այն, դա ոչ միայն մեր հանրության ներսում, այլեւ նույն եվրոպական հանրությանը դժվար կլինի բացատրել։ Նրանք կարող են հարց տալ՝ մի րոպե, դուք հայտարարեցիք այդ մասին, իսկ ձեր հանրությունն արձագանքեց դրան, հիմա դուք դրան դե՞մ եք»,- ասաց նա՝ հավելելով, սակայն, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է։

Ժողովրդավարական հարթակը, հիշեցնենք, 60 հազար ստորագրություն էր հավաքել՝ ԵՄ-ին անդամագրման մասով, եւ առաջիկայում հարցը ներկայացվելու է ԱԺ։ Դատելով ներկայացվելիք տեքստից՝ ըստ ամենայնի, խորհրդարանը ոչ մի պատճառ չունի այն մերժելու, քանի որ ընդունելու է բացառապես օրենքի նախագիծ, որով ուղենշվում են ապագա գործընթացները։ «Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով ՀՀ ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հռչակում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»,- նշված է արեւմտամետների նախագծում:

Իհարկե, ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ, անգամ նման նախագիծ ընդունելն է աշխարհաքաղաքական այս վայրիվերումների պահին արկածախնդրություն: Նման նախագիծ ընդունելով՝ իշխանությունը, ըստ էության, մեսիջ է հղում, որ ձգտում է ԵՄ անդամ դառնալ, այսինքն՝ մեխանիկորեն դա նշանակում է, որ պետք է հայտարարի, որ դուրս է գալիս ԵԱՏՄ-ից, բայց մերժելն էլ իր հերթին հնարավոր է վատ ընկալվի ոչ միայն Արեւմուտքի , այլեւ ներքին լսարանի` արեւմտամետ զանգվածի կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանին առաջիկա ընտրական զարգացումներից առաջ նման հարված պետք չէ:

Մեր աղբյուրի կարծիքով, հնարավոր է շարունակեն երկու լարի վրա խաղալ` ռուսներին համոզելով, որ նախագիծն ընդունելուց բացի այլ քայլ չեն անելու։ Մինչդեռ, իրականում, նման նախագիծ ընդունելով՝ իշխանությունը ոչ միայն մեսիջ է հղում, որ ձգտում է դեպի ԵՄ, այլեւ դա քայլերի հստակ հաջորդականություն է ենթադրում․ պետք է տրամաբանորեն եւ միջազգային ընդունված պրակտիկային համահունչ Հայաստանը ստորագրի ասոցացման համաձայնագիր, ինչը Սերժ Սարգսյանը չարեց 2013 թվականին՝ մեկ գիշերում նահանջելով գործընթացից եւ հայտարարելով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է դառնում: Ապա պետք է ԵՄ անդամության պաշտոնական հայտ ուղարկի, որից հետո, երբ ԵՄ-ն ընդունի, որ մեր պետության հետ կարող է սկսել բանակցություններ` անդամակցության շուրջ, ավարտին կհասցվի այդ օրակարգը։ Իսկ այս օրակարգը մինչեւ վերջ տանելու համար բավականին երկար ժամանակ կպահանջվի: Երբ ավարտին հասցվի, եւ պարզ դառնա, որ պետությունը պատրաստ է ԵՄ անդամակցության, նոր միայն այդ դեպքում կհայտարարվի հանրաքվեն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image