Քաղաքականություն

Անբանների ժամանակը

 Անբանների ժամանակը

Մարդու տնօրինած ռեսուրսը խիստ սահմանափակ է՝ օրը բոլորի համար կազմված է 24 ժամից, ուղեղի ընկալման եւ տեղավորած ինֆորմացիայի ծավալն էլ է  սահմանափակ։ Բացի այդ, ուզես- չուզես, պետք է կենցաղային հարցերին, քնելուն ու սննդի ընդունմանն էլ ինչ-որ ժամանակ հատկացնես։ Կա նաեւ մտավոր աշխատանքից հոգնելու հանգամանքը։ Վերջապես՝ մերձավորներն էլ են որոշակի ժամանակ խլում, եւ ստացվում է, որ աշխատանքային մաքուր ժամանակը կարող է լինել առավելագույնը 10-12, քարը տրաքի՝ 14 ժամ։ Հիմա պատկերացրեք, եթե կոնկրետ մարդը՝ երկրի ղեկավարը, այդ թանկ ժամանակի մի մասը ծախսում է հեծանիվ վարելու, հոլովակներ նկարելու, ստատուսներ գրելու, հետո ֆեյսբուքյան քոմենթները եւ կայքերում իր մասին գրվածը կարդալու, իր թիմակիցների հեռախոսները փորփրելու վրա։ Նաեւ՝ կուսակցական երկարուձիգ ժողովներ է անում։ Երբեմն անպտուղ այցեր է անում՝ արտերկիր, կամ շրջագայություններ՝ մարզեր։

Երեւի նաեւ թիմակիցներին է երբեմն-երբեմն ընդունում, լսում նրանց բամբասանքները, թիմակիցների մասին նրանց պատմածները։ Ուժայիններին է ընդունում եւ լսում, թե ինչ կոմպրոմատներ են հավաքել սրա-նրա վրա (հպարտանում էր, չէ՞, որ այս երկրում անգամ իրավապահներն իր չափ ինֆորմացիա չունեն, հաստատ՝ նկատի ունենալով մարդկանց անձնական, կուսակցական կյանքին, շփումներին վերաբերող ինֆորմացիան)։ Հիմա եկեք հաշվենք, թե «տակն» ինչ է մնում՝ երկրի խնդիրներով զբաղվելու, աշխատելու համար, որովհետեւ վերը թվարկվածն աշխատանք չէ։ Անգամ աշխատանք չեն այն ձեւական խորհրդակցությունները, որ ոլորտային կառույցների հետ երբեմն անցկացնում է՝ փիառ նպատակներով տեսանյութեր տարածելու համար, որովհետեւ, դատելով կառավարության նիստերի ժամանակ հնչած խոսույթից, պոպուլիզմից բացի սրանք ոչնչի ունակ չեն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image