Հասարակություն

Մահացել է Խրիմյաններից վերջինը 

Մահացել է Խրիմյաններից վերջինը 

Անցյալ շաբաթ Մոսկվայում մահացավ եւ հուղարկավորվեց Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի՝ Խրիմյան Հայրիկի (1820-1907թթ) տոհմի վերջին ներկայացուցիչը՝ Էլֆա (Գայանե) Գեորգիի Խրիմյանը: Էլֆա Խրիմյանը Խրիմյան Հայրիկի եղբոր ծոռնուհին էր: 

Էլֆայի հորը՝ Գեորգիին, եւ նրա քույրերին Խրիմյան Հայրիկն իր եղբոր՝ Խորենի վաղաժամ մահից հետո պահել եւ դաստիարակել էր Սուրբ Էջմիածնի իր նստավայրում: Գեորգիին, որին փաղաքշաբար անվանում էր Թոռնիկ, նա փայլուն կրթություն էր տվել: 

Խրիմյան Հայրիկի մահից հետո ընտանիքը տեղափոխվել էր Թուրքիա, իսկ արդեն 1915 թվականի եղերական օրերին Խրիմյանները փախուստի էին դիմել ու արմատավորվել Թիֆլիսում: Թոռնիկ Խրիմյանն ամուսնացել էր, Թիֆլիսում ծնվել էր Էլֆա Խրիմյանը: 

Նա ավարտել է Երեւանի կոնսերվատորիան, եղել է Առնո Բաբաջանյանի աշակերտներից: Ավարտել է նաեւ Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական տեխնոլոգիական ֆակուլտետը: Թբիլիսիի 41-րդ միջնակարգ դպրոցում 40 տարի քիմիա է դասավանդել, եղել է Վրաստանի վաստակավոր մանկավարժ, մեթոդիստ, ապրել է համեստ աշխատավորի կյանքով: Էլֆա Խրիմյանը բազմիցս այցելել է Էջմիածին: Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը նրան հաճախ է հրավիրել Մայր Աթոռ՝ եկեղեցական տոների կապակցությամբ: Այցելություններից մեկի ժամանակ Էլֆա Խրիմյանը Ամենայն հայոց կաթողիկոսին է փոխանցել Խրիմյան Հայրիկին պատկանող նվիրական հուշաիրերն ու մասունքները, որոնք այժմ պահվում են Էջմիածնի թանգարանում: 

Լրահոս

Ամենաընթերցված

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

×
Gallery Image