Դիլիջան համայնքի Հովք գյուղից բողոք եմ ստացել, որ այս տարի գյուղի մանկապարտեզում որպես դաստիարակ աշխատանքի են ընդունել մասնագիտությամբ բուժքրոջ, այն դեպքում, երբ Հովքում եւ Դիլիջան համայնքի այլ բնակավայրերում կան աշխատանք չունեցող, մանկավարժական բարձրագույն կրթությամբ բազում անձինք։ Այդ առթիվ տեղեկատվական հարցում եմ ուղարկել ՀՀ կրթական տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատակյանին՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել։
Հուլիսի 14-ին ստացել եմ Վ․ Մատակյանի պատասխանը, ուր նշված է․ «ՀՀ տեսչական մարմնին Ձեր գրությամբ հաղորդած հարցերին առնչվող կասկածների հիմքերով վարույթ է հարուցվել։ Վարույթի ընթացքում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումներ։ Խախտումները վերացնելու ուղղությամբ մանկապարտեզի տնօրենի պարտականությունները կատարողին տրվել են հանձնարարականներ: Վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտի՝ կարգադրության պատճենն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարին»:
Որոշ ժամանակ անց վարույթի ընթացքի վերաբերյալ նոր հարցում եմ արել Վաղարշակ Մատակյանին։ Օգոստոսի 8-ին ստացել եմ կրթական տեսչական մարմնի ղեկավարին փոխարինող Ռաիսա Գալստյանի պատասխանը, որտեղ նշված է․ «Վարույթի արդյունքում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումներ, որոնց վերացման ուղղությամբ մանկապարտեզի տնօրենի պարտականությունները կատարողին տրվել են հանձնարարականներ՝ համաձայն տեսչական մարմնի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 14-ի № 30-Ա կարգադրության 1-ին եւ 2-րդ կետերի՝ Հովքի մանկապարտեզի դաստիարակի թափուր պաշտոնը համալրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 17-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 08-Ն հրամանի Հավելվածի 3-րդ կետի պահանջներին համապատասխան․
1. Հովքի մանկապարտեզի դաստիարակի պաշտոնում նշանակումն իրականացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական եւ վարչատնտեսական աշխատողների անվանացանկը եւ պաշտոնների նկարագրերը սահմանելու եւ կրթության եւ գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 20-Ն հրամանի Հավելված 1-ի 5-րդ գլխի 14-րդ կետի պահանջներին համապատասխան։ Վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտի՝ կարգադրության պատճենն ուղարկվել է նաեւ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին: Առաջարկվել է քննարկել վարույթի արդյունքները, ձեռնարկել համապատասխան միջոցներ եւ արդյունքների մասին տեղեկացնել տեսչական մարմնին:
Հանձնարարականների կատարման եւ տեսչական մարմին տեղեկացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ մինչեւ 2025 թվականի սեպտեմբերի 12-ը»:
Սեպտեմբերի վերջին նոր հարցում եմ արել կրթական տեսչական մարմնի ղեկավարին։ Հոկտեմբերի 1-ին ստացել եմ Վ․ Մատակյանի պատասխանը․ «Տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հովք գյուղի մանկապարտեզի (Դիլիջան համայնքի «Հաղարծնի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաճյուղ) տնօրենի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավարի կարգադրությամբ տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ գրություն չի ներկայացվել: Միաժամանակ, Դիլիջան համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 22-ի N 1886-25 գրության համաձայն՝ դաստիարակի պաշտոնը զբաղեցրած անձն ազատվել է աշխատանքից, սակայն դաստիարակի թափուր պաշտոնի համար դեռեւս մրցույթ չի հայտարարվել»։