Այլ

Եկեղեցու պատերը լռելու համար չեն, պիտի՛ խոսեն․․․

Եկեղեցու պատերը լռելու համար չեն, պիտի՛ խոսեն․․․

Այսօրվա իշխանության երազանքն  է, որ Եկեղեցու պատերը լռեն։ Որպեսզի Տեր օղորմեայից բացի ուրիշ բառ չհնչի։ Որպեսզի սրբազանները հիշեցնեն միայն հարսանիքի զանգի ու թաղման սուգի մասին։ Դա նրանց համար ամենաերանելի վիճակն է․ լռում են պատերը, լռում է ժողովուրդը։ Բայց եկեղեցու պատերը լուռ չեն։ Այդ պատերը ներծծված են ժողովրդի ցավով, փափագով, սպասումով։ Այդ պատերն են, որ պահել են մեր պետության ուժը դարերով։ Եվ եթե հայրենիքը վտանգի մեջ է, եթե խաչքարերը ավերվում են, իսկ իշխանությունը «խաղաղության» կեղծ խոստումներով աչք է փակում՝ պատերը պիտի խոսեն։
Եկեղեցին մեր պետության հենասյունն է, ամրությունը, և նրա պատերը պիտի խոսեն, երբ հայրենիքը վտանգի մեջ է, երբ հայոց եկեղեցիները, խաչքարերը  թշնամու կողմից ավերվում, ոչնչացվում են, երբ մեր պատմության էջը փակվում ու այսօրեական իշխանությունը լռում, համաձայնվում է։ Երբ հնչում են Եկեղեցու զանգերը՝ դա ոչ թե ի պաշտպանություն Աջապահյանի կամ որևէ հոգևորականի է, այլ ի պաշտպանություն ժողովրդի արդար ձայնի է։ Միքայել Աջապահյանը քաղաքական գործիչ չէ, այլ հոգոր առաջնորդ  և նրա խոսքը ոչ թե անձնական իշխանության ձգտում է, այլ ժողովրդի արդար ձայնը։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչերով ։ Բայց՝ լսենք նրան։  Սրբազանն իր պաշտպանական թռուցիկ թեզով հայտարարում է.

«Խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում. Ես բավարարված եմ իմ հոգևոր ծառայությամբ»։ Նա եկեղեցական է, ասում է իր բառերով, «Աստված պահապան»։ Երբ նրան կալանավորումը երկարաձգում են 10 օրով, նա ժպտում է․ «Արդարություն չկա Հայաստանում»։ Այսինքն նա խոսում է  ոչ թե իր, այլ բոլորիս մասին։ Նա խոսում է ժողովրդի մասին, մեր արդար ձայնն է բարձրացնում։ Սրբազանը տհաճ է միայն նրանց համար, ովքեր սովոր են, որ եկեղեցու պատերը լռեն։ Բայց եկեղեցու պատերը լուռ են հենց այն պատճառով, որ ներսում միշտ մեկ Աջապահյան չի եղել։ Իշխանությունը չի ուզում լսել։ Չէ՞ որ ավելի հեշտ է նրան ներկայացնել «քաղաքական ամբիցիաներով եկեղեցական», քան ընդունել, որ իրականում խոսքը ժողովրդի արդարացի դժգոհությունն է։ «Սրբազանի ձայնը պատերի միջից է գալիս․ իշխանությունը չի կարող լռեցնել ժողովրդի աղոթքը»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image