Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ անկախության տոնի առթիվ շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական աղբյուրները՝ նամակում նշվում է, որ Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախօրեին գոհունակությամբ է արձանագրվում «մի շարք ոլորտներում ռազմավարական բնույթ ունեցող երկկողմ հարաբերությունների դինամիկայի կապակցությամբ»։
«Խոշորամասշտաբ էներգետիկ նախագծերը, միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդումը, ահաբեկչության դեմ պայքարը,Աֆղանաստանում ՆԱՏՕ-ի վճռորոշ առաքելության շրջանակներում մեր սերտ համագործակցությունը ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները բնութագրող կարևոր ուղղություններ են։Մենք բարձր ենք գնահատում էներգամատակարարման երթուղիների դիվերսիֆիկացման, մասնավորապես՝ Հարավային գազային միջանցքի բարեհաջող ավարտման հարցում ԱՄՆ-ի աջակցությունը», - ասվում է նամակում։
Ալիևն ընդգծել է, թե 44-օրյա «Հայրենական պատերազմի» հետևանքով վերջ է տրվել Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների օկուպացիային, վերականգնվել է երկրի տարածքային ամբողջականությունը։ Ալիևն ասել է, թե հակամարտության ավարտը նոր աշխարհաքաղական իրողություն է ստեղծել տարածաշրջանում, ինչպես նաև կայուն խաղաղության, տնտեսական վերելքի և տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ միջավայր ստեղծել։
«Համարում եմ, որ ԱՄՆ-ն ստեղծված իրողություններին համապատասխան կարող է էական ավանդ ունենալ կայուն խաղաղության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի հաստատման հարցում, որը պետք է հիմնված լինի երկրների տարածքային ամբողջականությունների փոխադարձաբար ճանաչման, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության ճանաչման վրա»։