«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարծում է, որ պետք է իշխանափոխության համար բոլոր եղանակները փորձել, այդ թվում՝ փողոցային պայքարը, իմպիչմենտը։ Արտախորհրդարանական ընդդիմադիր «Արթուն ենք» նախաձեռնության անդամները Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթաց են սկսել․ պատգամավորներին նամակներ են ուղարկել՝ առաջարկելով սկսել այդ գործընթացը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունն էլ համաձայնել էր սկսել գործընթաց, ընդդիմադիր պատգամավորներին առաջարկելով՝ վարչապետի միասնական թեկնածուի շուրջ քննարկումներ սկսել, քանի որ սեփական թեկնածու չունեն։ Սերժ Սարգսյանի թիմակիցներից Հայկ Մամիջանյանը հայտարարել էր, որ պատրաստ են սատարել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: «Որպեսզի այս գործընթացը բարդույթներ, ամբիցիաներ, քաղաքական նկրտումներով չբարդանա, մենք պատրաստ ենք թեկնածուի շուրջ քննարկումներին՝ 0 ամբիցիայով, ինչպես եղել է այս 7 տարիների ընթացքում, նստել ու նախաձեռնել այդ գործընթացը»,- ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Մամիջանյանը:
Երեկ ճշտեցինք, որ այս հայտարարությունից առնվազն 7 օր անց «Պատիվ ունեմ»-ը «Հայաստան» խմբակցության հետ իմպիչմենտի գործընթացի շուրջ քննարկում չի ունեցել։ «Հրապարակ»-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց՝ նման քննարկում չի եղել, եթե եղած լիներ, ինքը կիմանար։ «Տրամաբանությունն ասում է, որ պետք է լիներ նախնական քննարկում, հետո դա հրապարակայնացվեր։ Մենք ասել ենք՝ պատրաստ ենք 28 հոգով ստորագրել։ Նախաձեռնության հեղինակները պետք է գործողություններ անեն, չեն կարող ասել՝ նախաձեռնում են, գաղափարը տալիս են․․․ Դուք տեսե՞լ եք, թե էդ նամակների մեջ ինչ է գրված, պատգամավորները սահմանադրության, կանոնակարգի հոդվածներ են ուղարկել, թե կառավարությունը ծրագիրը չի կատարել։ Երբ իշխանությունն առաջին անգամ բերեց ծրագրի կատարողական հաշվետվությունը, մենք ասացինք, որ ծրագիրն ու կատարողականն իրար հետ կապ չունեն։ Այսինքն՝ մեզ ուղարկված նամակների մեջ նախաձեռնողները ոչ մի նոր բան չեն ասում»,- ասաց Խաչատրյանը։
Այդ դեպքում ինչո՞ւ է «Հայաստան» դաշինքը հայտարարություն տարածում առ այն, որ 28 պատգամավորները պատրաստ են ստորագրել։ «Եթե պրոցես լինի, պատրաստ ենք տալ մեր ստորագրությունները։ Իմպիչմենտի յուրահատկությունն այն է, որ պետք է թեկնածու առաջարկես, այս խորհրդարանում ես չեմ տեսնում, որ 20 ՔՊ-ական կքվեարկի որեւէ ընդդիմադիրի օգտին»։
Ի տարբերություն «Պատիվ ունեմ»-ի, որը Փաշինյանին հեռացնելու միակ ճանապարհը հենց իմպիչմենտի գործընթացով է տեսնում, «Հայաստան» խմբակցությունը նախապայման է դնում․ պատրաստ են ստորագրել, եթե նախաձեռնողները կարողանան հավաքել բավարար ստորագրություններ եւ փողոցային ճնշում գեներացնել։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, իսկ որոշումն ընդունելու համար՝ առնվազն 54 կողմ ձայն: Սերժ Սարգսյանի թեւը խորհրդարանում ունի 6 մանդատ, Ռոբերտ Քոչարյանինը՝ 28։ Ստացվում է, որ անհրաժեշտ է լինելու եւս 2 պատգամավորի ստորագրություն՝ միայն սկսելու համար։ ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն էլ իր հերթին է սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, սակայն անգամ նրա կուսակից, ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանը դրան չի միացել։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Ասլանյանը շեշտեց՝ ինքը չի մասնակցելու այդ գործընթացին, դրա իմաստը չի տեսնում։ «Ես սովոր չեմ մասնակցել մի գործընթացի, որի վերջը չեմ տեսնում, որի հաջողությունը եւ իմաստը չեմ տեսնում։ Ես սովոր չեմ խալաստոյ կրակելուն»,- ասաց նա։