Գրել էինք, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշվել է՝ Մոսկվան ելնում է նրանից, որ Երևանը պահպանում է ֆինանսական պարտավորությունները ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան։
Գերատեսչությունում ընդգծել են, որ միջազգային կազմակերպությունների ֆինանսական կարգապահությունը պահպանվում է անկախ կողմերից մեկի՝ անդամակցությունը կասեցնելու կամ դադարեցնելու ցանկությունից:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել էր, որ Երևանը մտադիր է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:
ՀԱՊԿ-ի ընթացիկ տարվա բյուջեն ճշգրտում է պահանջում, քանի որ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է վճարել հաշվարկված վճարը։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Այժմ մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը։ Ընդ որում, ներդրումների վերաբաշխման մասին խոսք չկա»,– նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։
ՌԴ ԱԳՆ-ում պարզաբանել են, որ ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են ծախսային մասը Երևանի կողմից իր աշխատակիցներին քվոտային պաշտոններում չնշանակելու հաշվին: Քարտուղարությունը նաև կօգտագործի առկա պահուստները՝ աշխատանքը բնականոն ռեժիմով շարունակելու համար։