Սահմանադրական դատարանը կրկին կասեցրել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված բողոքի քննությունը։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները վիճարկել էին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականությունը։ Դեռեւս 2021-ի նոյեմբերի 23-ին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մեծ մասը՝ 26 պատգամավոր, դիմել էր Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Մոտ 2 տարի անց՝ հուլիսի 7-ին, բարձր դատարանը վերջապես որոշել է դիմումը քննության առնել ՍԴ աշխատակարգային նիստում, սակայն քննելով դիմումը` այն կասեցնելու որոշում է ընդունել` հարցաշար ուղարկելով Գլխավոր դատախազություն եւ պահանջելով խնդրին առնչվող ավելի քան երկու տասնյակ հարցեր պարզաբանել։
Սահմանադրական դատարանից մեր հարցմանն ի պատասխան, թե երբ է ՍԴ-ն նախատեսում վերջապես սկսել այս գործի քննությունը, պատասխանեցին. «Երբ կասեցման հիմքերը վերանան, կվերսկսվի»։
Նշենք, որ ավելի վաղ էլ կասեցրել էին վարույթի քննությունը, քանի որ ՍԴ-ն դիմել էր Վենետիկի հանձնաժողովին, եւ նույնիսկ պատասխանը ստանալուց հետո երկար ժամանակ չէին վերսկսում գործի քննությունը։ Հիմա էլ որոշել են դատախազությանը հարցեր ուղղել՝ այդպիսով էլի երկարաձգելով քննությունը եւ որոշում կայացնելու պատասխանատվությունից խուսափելով։ Նշենք, որ այս գործով զեկուցող ՍԴ դատավորը Վահե Գրիգորյանն է, ով ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հավակնություններ ունի։
Թեմայի առնչությամբ զրուցեցինք փաստաբան Արամ Օրբելյանի հետ: Նախ հարցրինք, թե ՍԴ-ի կողմից Գլխավոր դատախազությանն ուղղված հարցադրումները, իր կարծիքով, որքանով են առնչվում դիմումի քննությանը, իրականում կարո՞ղ է այդ հարցերի պատասխաններից կախված լինել ՍԴ-ի վերջնական որոշումը, թե՞ ցանկանում են ընդամենը ժամանակ ձգել:
«Սահմանադրական դատարանը կարող է որոշակի հանգամանքներ ուսումնասիրել։ ՍԴ որոշման մեջ, որում այդ հարցադրումներն են արվել, որոշ հարցերի տրամաբանությունն ընկալելի է, որոշ հարցերի տրամաբանությունն այս փուլում ինձ համար պարզ չէ, բայց չեմ էլ կարող բացառել, որ սահմանադրական որեւէ հիպոթեզ ստուգելու համար անհրաժեշտ են նաեւ տեղեկություններ: Ամեն դեպքում, մի բան է խիստ անհանգստացնում, որ փաստացի ժամկետի վերջին օրն են վերսկսել` Վենետիկի հանձնաժողովի որոշումը ստանալուց բավականին երկար ժամանակ հետո կասեցրել են ու դիմել դատախազություն, եւ Վենետիկի հանձնաժողովի կողմից ստացված դիրքորոշման ու դատախազություն ներկայացրած հարցերի միջեւ էլ օրգանական կապ չեմ տեսնում։ Այսինքն՝ չեմ կարող ասել, որ Վենետիկի հանձնաժողովից պատասխանները ստացան, եւ անհրաժեշտություն առաջացավ դիմել դատախազությանը։ Որոշ հարցեր, կարծես, բխում են Վենետիկի հանձնաժողովի որոշումից, օրինակ՝ հանցագործություն հետ կապին վերաբերող հարցը, բայց որոշ հարցեր էլ, կարծես, ուղղակի կապ չունեն, եւ ինքնին ՍԴ-ում քննության ժամկետը բավականին խնդրահարույց եմ դիտում ընդհանրապես պետական եւ հանրային ռեսուրսների կառավարման տեսակետից՝ ի հավելումն սահմանադրականության հարցին: Որովհետեւ այս պահին բազմաթիվ գործեր ներկայացվում են դատարան, այդ գործերի շրջանակներում դատավարական հսկայական աշխատանք է տարվում՝ ե՛ւ դատախազության կողմից, ե՛ւ մասնավոր սեկտորի, եւ դատախազությունը հարցումներ է անում տարբեր պետական մարմինների, հսկայական ծավալի անձնական տվյալներ են մշակվում, այդ թվում՝ նաեւ այդ անձանց կապը համապատասխան ուսումնասիրվող գույքերի հետ այդքան էլ պարզ չի լինում, եւ այդ ընթացքում Սահմանադրական դատարանը բավականին․․․, չասեմ՝ չի շտապում, բայց հնարավորություն ունենալով այդ հարցադրումներն անել ամենասկզբից, ավելի պատասխանատու մոտենալ հարցին... այսինքն՝ ես այստեղ խնդիր եմ տեսնում, գուցե «պատասխանատու» բառը լավ չհնչի։ Այսինքն՝ երբ ի սկզբանե գործը ստացել է զեկուցող դատավորը եւ խորացել է գործի մեջ, հարցադրումներն ամենասկզբնական փուլում պարզ պետք է լինեին, եւ պատասխանը ստանալուց հետո նոր հարցադրումներ կարող էին անել, եթե դրա անհրաժեշտությունը լիներ։ Այս դեպքում ես տպավորություն ունեմ, որ գործել են «դե թողնենք, վերջում կնայենք» տարբերակով»,- պատասխանեց Օրբելյանը։
Փաստաբանին հարցրինք՝ իսկ կոնկրետ ժամկետ կա՞, որի ընթացքում դատախազությունը պարտավոր է պատասխանել հարցադրումներին։ «Եթե ես ճիշտ եմ նայել կասեցման հիմքերը, ապա սա այն հիմքերից է, որն անժամկետ է։ Ենթադրվում է, որ դատախազությունը պետք է ողջամիտ ժամկետում պատասխանի, բայց ես տպավորություն ունեմ, որ մոտեցումն ավելի շատ ձգձգելուն է ուղղված, քան ինչ-որ պատասխան ստանալուն։ Կրկնեմ՝ որոշ հարցեր բավականին ակտուալ են, եւ ինձ էլ շատ հետաքրքիր են այդ հարցերի պատասխանները՝ որպես «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով գործերով ինտենսիվ զբաղվող փաստաբանի, եւ բավականին շատ հարցադրումներ կան, որոնք խնդրահարույց են։ Կան մի շարք հարցեր, որոնք կարելի էր բարձրաձայնել, բայց այս հարցաշարում չկան: Բայց Սահմանադրական դատարանն ինքն է որոշում սահմանները՝ հիմք ընդունելով դիմումը։ Հիմա պետք է հասկանանք, թե ինչ ուղղությամբ է դատաքննությունը գնում, եւ ինչ հանգամանքներ են առավելապես կարեւորվում Սահմանադրական դատարանում։ Ամենաբարդ խնդիրն այն է, թե ինչու չեն ամենասկզբից հարցրել նույն բանը։ Պայմանական ասած՝ բացի 1-2 հարցից, մյուսները կարող էին ավելի վաղ տրվել դատախազությանը, դա էլ է շատ հարաբերական... Որոշ հարցեր գուցե ակտուալ են հիմա, որովհետեւ մեկ տարի առաջ գուցե որոշակի վիճակագրական տվյալները դեռեւս չլինեին, բայց եթե հիմա այդ տվյալների ստացումն արագ չի տեղի ունենալու եւ ձգձգվելու է, ինչը բացասաբար է ազդում իրավագիտակցության վրա, այսինքն՝ պրոցեսը դառնում է էլ ավելի քաղաքական»,- պատասխանեց Օրբելյանը։