Քաղաքականություն

Ընտրություններ՝ առանց դիտորդների․ ԵԽ-ն չցանկացավ դառնալ Ալիեւի «սազանդարը»

Ընտրություններ՝ առանց դիտորդների․ ԵԽ-ն չցանկացավ դառնալ Ալիեւի «սազանդարը»

Փետրվարի 7-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ ընտրություններում Եվրախորհրդարանի դիտորդական առաքելություն չի լինելու՝ ասվում է այդ մարմնի հայտարարության մեջ, Եվրախորհրդարանը չի դիտարկի Ադրբեջանի նախագահական ընտրությունները եւ, հետեւաբար, չի մեկնաբանի ո՛չ գործընթացը, ո՛չ արդյունքները։ Նաեւ ընդգծվում է հայտարարության մեջ, «Եվրախորհրդարանի ոչ մի առանձին անդամ իրավասու չէ իր անունից դիտարկել կամ մեկնաբանել այս ընտրական գործընթացը»։ Այդ առթիվ Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանել է, թե Եվրախորհրդարանին հրավեր չի ուղարկվել։ Հարեւան երկրի փորձագիտական շրջանակները, սակայն, հակված են կարծելու, թե նման հրավերին կամ «չհրավերին» նախորդում է մտքերի գաղտնի փոխանակում, եւ դրա արդյունքների հիման վրա է պաշտոնական հրավեր ուղարկվում: Նշվում է, որ հենց ԵԽ ներկայացուցիչներն են հրաժարվել գալ Ադրբեջան։
Փաստն այն է, որ Եվրախորհրդարանը հրաժարվեց դառնալ Բաքվի բռնապետի վերընտրման «սազանդարը»։

Նախագահական արտահերթ ընտրություններում առաջադրված է 7 թեկնածու, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, իսկ մյուս գործիչները, որպես կանոն, հենց ալիեւյան վարչակազմի «սազանդարներն» են՝ իշխանամետ պատգամավորներ եւ այլն։ Ադրբեջանի փորձագիտական հանրության որոշ ներկայացուցիչներ էլ փորձել են հասկանալ ԵԽ մերժման «անատոմիան»՝ դրա շրջանակում հրապարակ նետելով, այսպես կոչված, մխիթարական ու ինքնարդարացման սնամեջ թեզեր։ Նրանք պնդում են, թե «Ադրբեջանը գտնվում է Եվրախորհրդարանի պատասխանատվության շրջանակից դուրս, քանի որ երկիրը Եվրամիության անդամ չէ, իր համար թեկնածուի կարգավիճակ չի պահանջում եւ ընդհանրապես մտադիր չէ «եվրոպական ընդունելությունների սենյակում» սպասել, որ իրենց «մեծ մարդ» պատկերացրած պաշտոնյաները գան այդ հանդիպմանը»։ «Հարց է, թե արդյո՞ք Եվրախորհրդարանը պետք է դիտորդական առաքելություն ուղարկի Բաքու, որն ակնհայտորեն ստանձնել է յուրօրինակ վերստուգիչ եւ գնահատող հանձնաժողովի դերը, հատկապես հիմա, երբ Եվրախորհրդարանի հետ Ադրբեջանի հարաբերությունները եվրոպացի պատգամավորների մեղքով ամբողջովին խաթարված են։ Եվրոպացի պատգամավորները պարզապես չկարողացան մարսել Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղում։ Այստեղ նրանք ծափահարեցին Փաշինյանին ու գրեթե փրփրաբերան պահանջեցին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ»,- գրում է ադրբեջանական Minval-ը։ Պարբերականի պնդմամբ, «եվրոպական գործիչների այս «հիստերիան» սկսվել է Ղարաբաղում Ադրբեջանի տեղական հակաահաբեկչական արշավանքներից եւ «խունտայի կազմաքանդումից» շատ առաջ։ «Մեր երկրում այդ ամենը չի մոռացվել եւ չի մոռացվելու»,- գրում է լրատվամիջոցը։

Նշվում է նաեւ, որ «եվրոպացի խորհրդարանականների ճամփորդությունը կոնկրետ այս ընտրություններին եւ դրանց հնարավոր փաստացի ճանաչումը չափազանց նյարդայնացնում է «հայերի իրավունքների համար պայքարի ջատագովներին»։ Միաժամանակ, ադրբեջանական մասմեդիան ողողված է «գալիք ընտրություններն աննախադեպ ու պատմական» համարելու բարբաջանքներով՝ ընդգծելով «երկրի տարածքային ամբողջականության լիարժեք վերականգնման» մասին։ Ի վերջո, Բաքուն՝ բռնապետ Ալիեւի խմբավարությամբ, 7 երգ գիտի՝ 7-ն էլ հայերի ու Հայաստանի մասին է։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image