Քաղաքականություն

Նոր կուսակցությունն առաջացնելու է հարցեր եւ խանդ

Նոր կուսակցությունն առաջացնելու է հարցեր եւ խանդ

«Հրապարակը» երեկ գրել էր, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն եւ գյումրեցի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը մտադիր են առաջիկայում նոր քաղաքական կուսակցություն բացել, որը գուցե սկզբում որպես նախաձեռնություն գործի։ Ըստ «Հրապարակի», վերոնշյալ եռյակը երեք ամիս է նոր կուսակցության ստեղծման հետ կապված ակտիվ քննարկումների մեջ է։ 

Ինչ խոսք՝ նոր կուսակցության ստեղծումը որեւէ երկրի քաղաքական կյանքում, երբ այդ երկրի պետականության պատմությունը չի հատել իր կեսդարյա շրջանը, կարեւոր իրադարձություն է։ Դա կարեւոր է այն իմաստով, որ նոր կուսակցությունը նշանակում է նոր գաղափարախոսություն կամ արդեն հայտնի քաղաքական թեզերի՝ նորովի մեկնաբանում, ընդհանուր առմամբ՝ հասարակության քաղաքական մտքի զարգացման մեջ ներդրում, քաղաքական գիտակցության բարձրացում եւ այլն։ Սա, իհարկե, տեսականորեն։ 

Մի կողմ թողնելով նոր կուսակցությունը հիմնադրողների անձը եւ հնարավոր փոխկապակցվածությունները, մի քանի դիտարկում կատարենք։ 

Նախ՝ առաջին հայացքից կարող է հարց ծագել՝ իսկ ինչո՞ւ է ձեւավորվում այդ նոր կուսակցությունը, Հայաստանում կարծես թե քաղաքական կուսակցությունների պակաս չկա։ Ավելին՝ երեւի քաղաքական գաղափարների եւ թեզերի այսքան մեծ բազմազանություն եւ ընտրություն չկա ոչ մի երկրում եւ մեր կյանքի ոչ մի ասպարեզում։ 
Եթե այդ կուսակցությունը լինելու է դասական իմաստով գաղափարական կուսակցություն, ապա՝ ի՞նչ գաղափարախոսություն է այն ունենալու՝ լինելու է, օրինակ, պահպանողակա՞ն, թե՞ ազատական, ազգայի՞ն, թե՞ գլոբալիստական գաղափարներ դավանող, կենտրոնամետ, աջամե՞տ, թե՞ ձախամետ։ Բացի այդ, ո՞րն է լինելու այդ կուսակցության առաջնային նպատակը։ Եթե գործող քաղաքական ուժին իշխանությունից հեռացնելն է, ապա այս թեզին ծառայող մեծ թվով կուսակցություններ, խմբեր, նախաձեռնություններ կան, որ նոր կուսակցության ստեղծումը, մեծ հաշվով, ինչ որ արմատական նորույթ չի բերելու։ 

Ու ամենակարեւորը՝ ո՞ր լսարանի հետ է այն աշխատելու։ Եթե ընդդիմադիր, ապա՝ դա կարող է նշանակել ընդդիմադիր զանգվածների հերթական վերաբաշխում-մասնատում, ինչը հղի է ընդդիմադիր զանգվածների ուժերի ջլատմամբ։ Եթե աշխատելու է քաղաքականապես պասիվ խավի հետ, որոնք այսօր մեծամասնություն են կազմում, որպես ընտրությունների չգնացող զանգված, ապա դա շատ երկար ու դժվարին աշխատանք է։ Կարողանալ համոզել քաղաքականապես պասիվ մարդուն, որ սկսի հետաքրքրվել քաղաքականությամբ եւ մասնակցել իշխանության ձեւավորմանը, բարդ խնդիր է։ Եվ վերջապես, նոր կուսակցությունն անպայման առաջացնելու է հների դիմադրությունն ու խանդը եւ քաղաքական դաշտում տեղ զբաղեցնելը դյուրին չի լինելու։ Սրանք այն ամենապարզ հարցերն են, որոնք առաջանում են, երբ իմանում ես, որ Հայաստանում նոր կուսակցություն է ստեղծվելու։ Եւ այդ կուսակցության նախաձեռնողները պետք է ունենան այդ հարցերի պատասխանները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image