Հասարակություն

«Հրապարակ». Սանիտարը կարո՞ղ է բժշկության վերաբերյալ բարեփոխում անել ու արդյունք ունենալ

«Հրապարակ». Սանիտարը կարո՞ղ է բժշկության վերաբերյալ բարեփոխում անել ու արդյունք ունենալ

Վերջին տարիներին ակնհայտորեն աճել է ծանր հանցագործությունների, հատկապես սպանությունների քանակը: Վերջին 3 օրում 4 սպանություն է տեղի ունեցել։ Արտաշատում կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի հետեւանքով նոյեմբերի 8-ին սպանվել է 2 անձ, 1-ը՝ անչափահաս։ Նույն օրը Նոր Խարբերդի գերեզմանատանը սպանվել է անչափահաս երիտասարդ՝ 17 տարեկան։ Նոյեմբերի 11-ին տաքսու վարորդը փայտե մահակով հարվածել է քաղաքացու գլխին, ինչի արդյունքում 68-ամյա տղամարդը մահացել է։ Փաստորեն, որքան հաճախ են իրավապահ այս կամ այն կառույցի հիմնադրման տարեդարձները նշում, ճռճռան ելույթներ ունենում, մեդալներ ու կոչումներ շնորհում, որքան շատ են ցույց տալիս, որ գիշեր ու զօր պայքարում են, այդքան հանցագործությունների թիվն աճում է։ Սպանությունների հիմնական մասը կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճերի հետեւանքով է լինում` «մի կաթիլ մեղրի» պատմության օրինակով, երբ մարդիկ կորցնում են ինքնատիրապետումը եւ դիմացինին զրկում կյանքից, իրենց կյանքն էլ խորտակում:

Նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հանցագործությունների թվի աճը պայմանավորում է ոստիկանության անգործությամբ, շեշտում է՝ հասարակությունը գտնվում է դեգրադացման բարձրագույն փուլում, իսկ ոստիկանությունը ծառայում է իշխանության քմահաճույքներին։ «Երբ երկիրն են փոզմիշ անում, մարդ սպանելն ի՞նչ է, որ չլինի։ Սեւեռվել եք միայն վերջին օրերի 4 սպանությունների վրա, ընդհանուր վիճակը նայեք՝ ի՞նչ իրավապահ համակարգ, ի՞նչ հանցավորությունների դեմ պայքար։ Հանցավոր կլանի, իրենց ճիվաղների պաշտպանությանն են ուղղված ոստիկանության համակարգի ջանքերը»,- ասում է նա։ 

Հայաստանում հանցավորության վիճակի վերաբերյալ խորհրդարանական վերջին լսումներին ԱԺ հրավիրված ՆԳ նախարար Վահե Ղազարյանն էլ խոստովանեց՝ Հայաստանում հանցավորության աճ է գրանցվել։ Ըստ նրա՝ առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճը կազմել է միջինը 58 տոկոս, ծանր հանցագործություններինը՝ ավելի քան 13 տոկոս։ Եթե 2019 թվականին ավելի քան 4 հազար դեպք է արձանագրվել, ապա 2023-ին ծանր հանցագործությունների թիվը գերազանցել է 6 հազարը, ինչը, Վահե Ղազարյանի խոսքով, պայմանավորված է նաեւ խոշոր չափերի թմրանյութերի իրացման, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հետ։  

Ամենշաբաթյա ռեյդեր, խուզարկություններ, քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամովին զենք-զինամթերք հանձնելու կոչեր եւ այլն, բայց հանցավորության դեմ պայքարի այս մեթոդներն իրենց նպատակին չեն ծառայում՝ նկատում է գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը։ «Դուք գլխի չե՞ք ընկնում, որ այդպես թոզ են փչում մարդկանց աչքերին։ Բարեփոխում անողների մակարդակին նայեք, այդ մարդիկ առնվազն պիտի հասկանան այդ բնագավառը։ Սանիտարը կարո՞ղ է բժշկության վերաբերյալ բարեփոխում անել ու արդյունք ունենալ, ի՞նչ եք կարծում։ Սրտի վիրահատության վերաբերյալ սանիտարն առաջարկություն է ներկայացնում, թե որ անոթը սկզբից կտրեն, որը կարեն։ Եթե Դանիել Իոաննիսյանը Սահմանադրություն է գրում, Վահե Ղազարյանն էլ կբարեփոխի ոստիկանության համակարգը»,- նշում է նա։

Գեներալ-մայորի խոսքով՝ ոստիկանությունն իր տեղում չէ, օգտագործվում է միայն Նիկոլ Փաշինյանի ընտանիքի պաշտպանության համար։ «Նրանք զբաղված են այդ հանցավոր ընտանիքի պաշտպանության գործով։ Ոստիկանի աշխատանքը գնահատվում է՝ ոչ թե հանցավորության դեմ լավ է պայքարում, այլ թե որքան գազանաբար է ջարդում ընդդիմադիր որեւէ քաղաքացու գլուխը։ Դրան գումարեք այն ապատիան, որ տիրում է հասարակության մեջ, եւ թմրամիջոցների շրջանառության թվերը։ Կարծում եք, որ այս ֆոնին չպե՞տք է աճեր հանցավորությունը, իսկ Փաշինյանի գրքի հիման վրա տարածվող այլասերվածությունը, ինչի՞ մասին է խոսքը։ Ոստիկանությունը չի կարող պայքարել, որովհետեւ դեգրադացնում են ե՛ւ հասարակությանը, ե՛ւ ոստիկանությանը։ Այդ պայմաններում աշխատանքը չի կարող արդյունավետ լինել։ Լուծումը կլինի միայն այս ճիվաղներին վռնդելը։ Սրանց պայմաններում դրական որեւէ բան չի կարող լինել»։

Անդրադառնալով պատգամավոր Աշոտ Սիմոնյանին 60 ոստիկանով ծեծելու դեպքին, երբ գլխավոր ծեծողի պաշտոնավարումը դադարեցրին, ապա մեկ ամիս անց վերականգնեցին, եւ նա անպատիժ մնաց, Գագիկ Համբարձումյանը հիշեցնում է Փաշինյանի շարասյան կողմից հղի կնոջ սպանությունը։ «Երիտասարդ հղի կնոջը վայրենաբար գցեցին մեքենայի տակ` սպանեցին, պատասխան չտվեցին, մի պատգամավորի ծեծելու համար ինչո՞ւ պիտի պատասխան տան»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image