Մշակույթ

Հրաչքեշիշյանական խաչագողություն

Հրաչքեշիշյանական խաչագողություն
width=400Ամիսներ շարունակ հեռուստաընկերություններով գովազդվող Հրաչ Քեշիշյանի Խաչագողի հիշատակարանը  ֆիլմը  հերթական տաղավարային, տեսահոլովակային,  սարքած, շինծու ֆիլմն էր, եւ ոչ ոք ավելին չէր էլ սպասում: Գլամուրային սարքած տաղավարներ, դրանց վրայով սահող տեսախցիկ, ստերեոտիպեր ու դերասանների անհաջող, անտաղանդ խաղ: Սամվել Թոփալյանն (Մուրադի դերակատար) ի դեպ, որ թատրոնում բավական հաջող երիտասարդ դերասան է, եւ հատկապես հաջող են նրա դերերը Մալյան թատրոնի բեմում, բնականաբար եւ ցավոք, Հրաչ Քեշիշյանի շոու-բիզնեսային շնչի տակ լրիվ սպառել էր իրեն, եւ չէիր հասկանում՝ ֆիլմում Մուրադն ի վերջո պրոֆեսիոնալ խաչագո՞ղ է դառնում, ինչպես դա Րաֆֆու վեպում է, թե՞ մինչեւ վերջ երկչոտ աշակերտ է մնում՝ Քավոր Պետրոսի ձեռքի տակ վազվզող:



Երկուսուկես ժամ տեւողությամբ ֆիլմում կերպարների հոգեբանական ոչ մի փոփոխություն, ոչ մի խորություն կամ հոգեվիճակի արտահայտում: Հրաչ Քեշիշյանը գեղարվեստական ֆիլմ է նկարում եւ միայն տեսարաններ է փնտրում, այն էլ տեսահոլովակներին հատուկ. ասենք, ծովի ափ եւ քայլող Նազենի Հովհաննիսյան (Նենե), անտառ եւ քայլող Նազենի Հովհաննիսյան, եւ երաժշտությունն էլ այդ ժամանակ՝ պարտադիր արաբաթուրքական ինչ-որ սրտաճմլիկ մեղեդի, որն ինձ հիշեցնում է թուրքական հայտնի Ֆերիդե սերիալի երաժշտությունը, որ 90-ականներին կարելի էր ամեն քայլափոխի լսել: Չգիտես ինչու, ֆիլմի տիտրերում գրվում է, որ այն արգելվում է 16 տարեկանից ցածր երեխաներին: Դա լսելով եւ դրան ինադու՝ մի խումբ դպրոցականներ էին եկել դիտելու արգելված պտուղը:



Տոմսավաճառները նրանցից, բնականաբար, տարիք չհարցրին, երեխաները էլ բացահայտ ասացին. Եկել ենք տեսնենք, թե էդ ինչ կա, որ մեզ չի կարելի: Դրան հետեւեց երկուսուկես ժամանոց հիասթափությունը, որովհետեւ երեխաներն այդպես էլ իրենց հետաքրքրող ոչինչ չտեսան: Սա էլ Քեշիշյանի հերթական շոու-բիզնեսային խորամանկության արդյունքն է՝ անտեղի գովազդ դեռահասներին գրավելու համար: Մի խոսքով, քեշիշյանական խաչագողություն: Տեսարաններից մեկում Նազենի-Նենեն վազում է անտառում, նրան ուզում են բռնաբարել ու սպանել: Օգնեցե՜ք,- գոռում է Նազենին, եւ այդ պահին դպրոցահասակ տղաներից մեկն ասում է՝ Սուլեյման, բռնաբար: Դահլիճը ծիծաղում է, որովհետեւ բոլորը հիշում են Կարգին հաղորդման հայտնի համարը եւ բռնաբարվող Նազենիին:



Երեխաների աչքից ու ականջից ոչինչ չի վրիպում. նրանք միանգամից նկատեցին, որ Նազենիի օգնեցեք-ը ոչնչով չի տարբերվում անեկդոտային օգնեցեք-ից: Պետք է նշել, որ քեշիշյանական անտաղանդությունն այդքան ուժ չէր ունեցել, որպեսզի փչացներ Հրաչյա Հարությունյանին, եւ Քավոր Պետրոսի կերպարն այս ֆիլմի միակ փրկող հանգամանքն է: Ցավալի է, իհարկե, որ Հրաչյա Հարությունյանի, Կարեն Ջանիբեկյանի նման դերասանները ստիպված են խաղալ Հրաչ Քեշիշյանի ֆիլմում, սակայն փողը մեր օրերում շոու-բիզնեսի մենաշնորհն է: Չենք կարող չնշել, որ դահլիճը լեփ-լեցուն էր եւ այդպես էլ շարունակվելու է դեռ մի քանի ամիս: Մեր օրերում գովազդը հրաշքներ է գործում...

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image