Քաղաքականություն

Ղառը` կապուտ... քուանշ, ապեր...

Ղառը` կապուտ... քուանշ, ապեր...
width=400Բլոտ, բլոտ, հին հայկական ավանդական թղթախաղ: Ասում են` թղթախաղի այս տեսակն առաջին անգամ խաղացել են Երեւանի Երրորդ մասում` հիմնականում պարապությունից դրդված: Հիմա այն համարյա ազգային մարզաձեւ է:



Բլոտը երկխոսության միջոցով խաղացողների հարաբերությունները պարզելու գործողություն հիշեցնող մարզաձեւ է: Ով լավ խոսի, ով ճիշտ խոսի` նա էլ հաղթում է հիմնականում: Բարձր խաղաքարտերը միշտ չէ, որ հարց են լուծում, որովհետեւ «բլեֆի» ֆակտորը միշտ առկա է, որով պրոֆեսիոնալ խաղացողները հակառակորդին կարողանում են համոզել, թե իրենց խաղաթղթերն ավելի զորեղ են:



Շատ չերկարացնեմ: ՀԱԿ-իշխանական կոալիցիա երկխոսությունը վերջին իրադարձությունների ֆոնին բազար-բլոտ է հիշեցնում: Պատվիրակությունների չորրորդ հանդիպման ժամանակ ՀԱԿ-ն իր համարյա 100 էջանոց «ողորմաթասով» իշխանությանը, ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց. ղառը` կապուտ: Իշխանությունը մի փոքր մտածեց, «իշմար տվեց, իշմար առավ» ու կրակեց. «Քուանշ»,- հետն էլ ձերբակալեց ՀԱԿ-ի յոթ առանցքային ակտիվիստների` «արմատական» ընդդիմությանը զրկելով իր մարտական թեւի ոգեղեն հենասյուներից: Մտածելու հերթը հասավ ՀԱԿ-ին` բլե՞ֆ է, թե՞ բլեֆ չէ: «Իշմար տվին, իշմար առան» ու` Զուրաբյանը բացականչեց. «Սրի, չորս անգամ»: Ու դեռ կխաղան իրենց բլոտը, քանի դեռ…



Ի՞նչ է անում ՀԱԿ-ը: Արդյոք փորձում է իշխանությանը հասկացնել, որ եթե արտահերթ ընտրությունների իր պահանջը չկատարվի, կարող է վե՞րջ տալ երկխոսությանը: Հիշենք ՀԱԿ մի հայտարարությունը, որով կոալիցիայի պատվիրակությանը եւ մասնավորապես Դավիթ Հարությունյանին կոչ էր արվում թույլ չտալ երկխոսության շուրջ թունավոր մթնոլորտի ստեղծում, պատասխանատվության ենթարկել երթուղային տաքսու միջքաղաքային գծատերերին, որ միտինգավորների Երեւան ժամանելուն չխոչընդոտեն, որ հանրահավաքի մասին իրազեկող խմբերին թույլատրեն մունդռել քաղաքն իրենց թռուցիկներով եւ նման բաներ: Այս հայտարարությունը լայն արձագանք չստացավ, նույնիսկ տարակուսանքի տեղիք տվեց` երկխոսության օրակարգի միակ հարցը մոռացել են, այս ի՞նչ հարցեր է բարձրացնում ՀԱԿ-ը:



Ինչեւէ, երկխոսության 4-րդ ռաունդում սեղանի վրա դրվեց մի երկարաշունչ «մեղադրական» եզրակացություն եւ իշխանությանը հայտարարվեց. «Ղառը` կապուտ»: Վստահ եմ` ՀԱԿ մի քանի պարագլուխներից բացի այն ոչ ոք մինչեւ վերջ չի կարդացել: Ոչ այն պատճառով, իհարկե, որ հետաքրքիր չէ, այլ այն, որ ՀԱԿ-ը երեք տարվա լոլոներն առած՝ հրապարակ է իջել եւ ցանկանում է իշխանությանը դրանով հարկադրել` ընդունել սեփական ոչ օրինակարգությունն ու արտահերթ ընտրություններ նշանակել: Այսինքն` ՀՀ նախագահական ընտրություններից երեքուկես տարի անց ՀԱԿ-ի ներսում դեռ չի՞ մարել «Լե-ւոն, նախագահ» վանկարկելու ներքին պահանջը: Եվ ահա գրում են մի թուղթ, որից եզրակացնում ես միայն, որ Հայաստանում նույնիսկ լեգիտիմ ծառ ու թուփ գոյություն չունի:



Նստել, «չոտկի» հաշվել են, թե ով որքան է գողացել, ով որքան փող ու հող ունի, թե էս ծառն ումն է, էն սարն ումն է, էս բիզնեսին ով է տիրացել թաքուն… Գրվել է, չէ՞, այս ամենի մասին, տասներեքուկես տարի շարունակ գրվել ու խոսվել է, չէ՞… Այդ ինչո՞ւ հանկարծ ՀԱԿ-ը գտավ, որ սա իր հայտնագործությունն է, այդ ինչպե՞ս պատահեց, որ Հայաստանը թալանողների եւ ավազակապետության վերածողների թվում լեւոնական մինիստրների անուններ չկան, ի՞նչ պատահեց հանկարծ, որ նորանկախ Հայաստանի պատմությունը Ռոբերտ Քոչարյանով սկսվեց:



Եվ այստեղ իշխանությունն ասաց. «Քուանշ, ապեր»:



Կասկած կա՞, որ իշխանությունը կետ առ կետ քննարկումներ է սկսելու, կասկած կա՞, որ ի հայտ են գալու փաստեր, որոնց ազդեցության տակ Կոնգրեսին ստախոս են հանելու, կասկած կա՞, որ Կոնգրեսի համբերությունը շատ արագ կսպառվի, եթե, իհարկե, Կոնգրեսն այս պրոյեկտի (երկխոսություն) մի պտուտակը չէ: Եվ անողոքաբար գալիս է «բլեֆի» ճիշտ ժամանակը: Բայց ո՞ւմ ուղղել այն, ո՞րն է դրա իմաստը, երբ միմյանց դեմ խաղում են յաման հակառակորդները:



Քաղաքական խաղերի տերպետրոսյանական ինստիտուտը հաշվարկել է բոլոր հնարավոր տարբերակները: Բլեֆը պետք է անել ժողովրդի համար եւ այնպես, որ ոչ ոք չկասկածի ՀԱԿ ազնվությանը` տիրող համակարգը կազմաքանդելու հարցում: Լեւոն Զուրաբյանը պատահաբար չի հիշատակում «Մարտի 1»-ը, երբ խոսում է ՀԱԿ յոթ «ազատամարտիկների» ձերբակալության մասին, երբ այդ իրադարձությունը գնահատում է որպես իշխանությունների պատասխան իրենց 100 էջանոց փաստաթղթին:



ՀԱԿ-ին, ո՞վ գիտի, գուցե նաեւ իշխանություններին, այս խայտառակ երկխոսությունից նահանջի ճանապարհ է պետք, որովհետեւ չափից ավելի ակնհայտ է դառնում ժողովրդի պարապ ժամանակը լցնելու եւ էական խնդիրները հետին պլան մղելու այս գործարքի բուն էությունը:



Եվ Կոնգրեսից հնչում է. «Սրի, չորս անգամ»: Կոնգրեսը պատրաստվում է որոշում կայացնել` շարունակե՞լ երկխոսությունը, թե՞ ոչ, որովհետեւ, այ, այ, այ, այս իշխանությունները, չնայած երկխոսության փաստին, մեզ ձերբակալում են:  Ձեռքի հետ էլ մի ուշացած հայտարարություն են տարածում կրպակավաճառների մասով, եւ, խնդրեմ, երգով նահանջն արդեն ապահովված է: Բա չե՞ք ասի` մի քանի կրպակավաճառ, ճեղքելով ոստիկանության շղթան, կարողացել են օգնության խնդրանքով դիմել ՀԱԿ-ին…



Է՜, բալամ: Մոռանում եք, որ բլոտը համաժողովրդական խաղ է Հայաստանում, եւ նույնիսկ դպրոցահասակ երեխաներն են տիրապետում այդ խաղի կանոններին: 2012թ. մայիսին կայանալիք համապետական ընտրություններում, վստահ ենք, ՀԱԿ-ն իր արժանի գնահատականը կստանա այս «բլեֆի» համար, որով այսօր փորձ է անում ընտրազանգված տանել իր հետեւից, որով ամեն կերպ ջանում է սխալ հուն ուղղորդել ընդդիմադիր տրամադրությունները:



Բայց մյուս կողմից էլ իշխանությունն է պատրաստակամ եւ կփորձի «ավանդական», հայավարի ընտրություններ անցկացնելով՝ խորհրդարանական աթոռների համապատասխան քանակությամբ պարգեւատրել Կոնգրեսի «տիտանական» ջանքերը: Բա Ազարյանին իզո՞ւր են այնտեղ նստացրել:



Էդիկ Անդրեասյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image