Մշակույթ

Ոչ բնակարան ունեմ, ոչ էլ ավտոմեքենա, ապրում եմ վարձով. Ալեքսանդր Խաչատրյան

Ոչ բնակարան ունեմ, ոչ էլ ավտոմեքենա, ապրում եմ վարձով. Ալեքսանդր Խաչատրյան

Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը, ով հանրությանը հայտնի է մի շարք ներկայացումներից, գեղարվեստական ֆիլմերից, և, իհարկե, ժամանակակից սերիալներից, արդեն երկու տարի է՝ Հայաստանում է: «Ժայռը», «Լքված հեքիաթների կիրճը», «Կարծր ապար», «Անուշ մայրիկը», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Մխիթար Սպարապետ», «Խնձորի այգին», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», «Տերը». սրանք նրա մասնակցությամբ նկարահանված ֆիլմերի մի փոքրիկ ցանկն է: Հասարակության լայն շերտերին ծանոթ են հատկապես սերիալները, որտեղ դերասանի կերտած կերպարները մինչեւ օրս հիշվում են, դրանք են՝ «Կյանքի գինը», «Վերադարձ», «Կյանքի գինը-2», «Ամերիկյան պատմություն», «Առաջնորդները»: «Վերջին բնակիչը» ֆիլմում նկարահանվելուց հետո սիրված դերասանը շարունակում է նկարահանվել «Առաջնորդները» հեռուստասերիալում: Թե ի՞նչ ծրագրեր ունի եւ ինչպիսի՞ն է նրա առօրյան սերիալներից դուրս, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Ալեքսանդր Խաչատրյանի հետ:



-Պարո´ն Խաչատրյան, ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկն եք եղել, ինչի՞ մասին է ֆիլմը:



Ֆիլմը հոգու մասին է, մարդ լինելու եւ մարդ մնալու մասին է: Մարդկային արժանապատվությունն ու դեմքը չկորցնելու մասին է՝ անկախ ազգությունից եւ կրոնական դավանանքից:



-Եղել են դերեր, որտեղ արժանացել եք քննադատության, եւ ինչպե՞ս եք վերաբերվել դրան:
Թատրոնում եղել են դերեր, որ ասեմ խիստ քննադատության եմ արժանացել, չի եղել: Իսկ նորմալ քննադատությանը նորմալ եմ վերաբերում:



-Ո՞ր սերիալն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
«Կյանքի գինն» էր ինձ հարազատ, եւ շատ հոգեհարազատ է «Վերադարձը»: Բոլոր այն դերերը, որտեղ կան քաղաքացիական դիրքորոշում, ինձ համար հարազատ են:



-Այժմ նկարահանվում եք «Առաջնորդները» հեռուստասերիալում, նկարահանումների ավարտից հետո ի՞նչ ծրագրեր ունենք, կմնա՞ք Հայաստանում, թե՞ կմեկնեք Ամերիկա:
Այժմ ես ծրագրեր չունեմ, իմ մասնագիտությունը էնպես չի, որ ինքս որոշեմ եւ անեմ: Շատ գործեր կան, ծրագրեր էլ կան իրականացնելու, քանի որ դրանք ընթացքի մեջ չեն, դրա համար խոսել ծրագրերի մասին վաղաժամ է: Երկու տարի է՝ ես Հայաստանում եմ, եւ այստեղ ավելի շատ եմ ապրել, քան Ամերիկայում: Երբ ինձ ասում են՝ դուք Ամերիկայում եք ապրում, ես զարմանում եմ: Իհարկե հնարավորություն ունեմ Ամերիկա գնալ գալու, բայց ապրում եմ Հայաստանում:



-Հայաստանում բնակարան, ավտոմեքենա ունե՞ք:
Ես այստեղ, ոչ բնակարան ունեմ, ոչ էլ ավտոմեքենա, ապրում եմ վարձով:



-Կարբի համայնքում այգիներ ունեք, զբաղվում եք այգեգործությամբ, շփվո՞ւմ եք գյուղացիների հետ:
Դա իմ հայրենի գյուղը չի, բայց ես գնում են գյուղ, եւ ոչ միայն շփվում եմ գյուղացիների հետ, այլ աշխատում, հաց կիսում, ապրում նրանց հետ: Ժամանակի առումով ինքս չեմ զբաղվում այգու խնամքով: Մի ընտանիք կա, որ աշխատում է ողջ տարին, ստանում աշխատավարձ, կարելի է ասել, դրանով են ապրում:



-Հայաստանում կա այնպիսի վայր, որտեղ կուզենայիք հանգստանալ:
Հայաստանի յուրաքանչյուր անկյուն ինձ ցանկալի է: Չկա մի վայր Հայաստանում, որ չսիրեմ, ուղղակի ես ողջ կյանքիս ընթացքում հանգստանալ չսովորեցի:



Զրուցեց՝  Նելլի Կարապետյանը



 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image