Ապրիլի 13-ին մեծ էկրան կբարձրանա Հայոց ցեղասպանության մասին պատմող «Կանչ» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը։ Ֆիլմի մտահղացման հեղինակը եւ պրոդյուսերն է Հայկ Ավագյանը (AVAGYAN production), բեմադրող ռեժիսորը՝ Գուժ Թադեւոսյանը։ Մեզ հետ զրույցում Գուժ Թադեւոսյանը պատմում է, որ թեեւ ի սկզբանե Հայկ Ավագյանն ուներ ֆիլմի մտահղացման գաղափարը, բայց պատրաստի սցենար չկար. «Աշխատանքին միացավ հայրս՝ կինոռեժիսոր Սամվել Թադեւոսյանը, եւ գրեց լիամետրաժ ֆիլմի սցենար։ Հերոսի կերպարը մտացածին է, բայց ֆիլմը պատմական նյութի վրա է հիմնված, նկարագրվում են 1909թ. Քեսաբի ու Ադանայի կոտորածները»։ Ֆիլմն ստեղծողները համագործակցել են պատմաբան-թուրքագետներ Արտակ Շաքարյանի, Ռուբեն Մելքոնյանի հետ։
Ռեժիսորն ընդգծում է, որ այս ֆիլմը, ի տարբերություն շատ ֆիլմերի, մանուկների աչքերով է ներկայացնում ցեղասպանությունը։ Ֆիլմի հերոսները Քեսաբի եւ Ադանայի կոտորածներից հետո կենդանի մնացած պատանիներ Վարդանն ու Միհրանն են, որոնք հայտնվել են թուրքական ռազմական վարժարանում։ Վարդանը, այլ ելք չունենալով, ենթարկվում է վարժարանի վարչակարգին, սակայն նրան երեւացող մոր, հոր, պապի եւ քրոջ՝ Արաքսիի տեսիլքներն անընդհատ հիշեցնում են պապի նվիրած մագաղաթյա սուրբ գրքի մասին, որը խլել են թուրքերը։ Վարժարանում դաժան կտտանքների է ենթարկվում ադանացի Միհրանը, որին Իբրահիմ են կոչում, սակայն Վարդանը հնարավորինս օգնում է նրան։ Վարդանը, ապավինելով իր ուժին, կարողանում է հետ բերել կորցրած մագաղաթը եւ փորձում փախուստի դիմել Միհրանի հետ միասին։
Ֆիլմը նկարահանվել է «Փյունիկ» հիմնադրամի, Ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ եւ կրթության եւ գիտության, մշակույթի, պաշտպանության նախարարությունների աջակցությամբ: Նկարահանումներն իրականացվել են Երեւանում, Բջնիում, Բագարանում։ Ռեժիսորը պատմում է, որ զրոյից տաղավարներ են պատրաստել եւ դետալային մեծ աշխատանք են տարել ամեն հարցում. «Ֆիլմում հայի տեսակի պահպանման հարցն է ընկած, եւ ֆիլմի գլխավոր հերոսը հենց այդ խնդրի հետ է առնչվում»։
Դերասանների հարցում ստեղծագործական կազմը փորձել է առավելագույնս այնպիսի դերասանների ընտրել, որոնք այսօր «մասսայական» չեն, որպեսզի մարդիկ ասոցիատիվ սերիալային դեմքերի չտեսնեն էկրանին։ Ֆիլմում հանդես են եկել Հենրիկ Շահբազյանը, Լեւոն Վարդապետյանը, Անետա Օհանջը, Հովակ Գալոյանը, Ռուբեն Կարապետյանը, Ռոմելա Թամարյանը, Ռազմիկ Խոսրոեւը եւ այլոք։
«Իմ համար կարեւորն այն է, որ դերասանը պետք է ոչ թե խաղա, այլ հոգեբանորեն այդ իրավիճակի մեջ ներգրավված լինի, այդ դեպքում ինքնըստինքյան խաղն ստացվում է։ Քանի որ ֆիլմում շատ երիտասարդ դերասաններ են ներգրավված, նկարահանումներից առաջ մանրակրկիտ խոսվել է իրենց կերպարի մասին, հոգեբանորեն ներկայացվել է իրավիճակը, նաեւ նյութի հետ կապված ուսումնասիրություններ»։
«Կանչի» սցենարիստներն են Կառլեն Աբրահամյանը եւ Սամվել Թադեւոսյանը, բեմադրող օպերատորները՝ Արիկ Հարությունյանը, Վահե Սաֆարյանը, բեմադրող նկարիչը՝ Տաթեւ Հովհաննիսյանը։ Ֆիլմի սաունդթրեքը կատարում է «Եվրատեսիլ 2011»-ի մասնակից Դալիթա Ավանեսյանը, իսկ կոմպոզիտորն է Էդմոնդ Մակարյանը։ Գուժ Թադեւոսյանը չի թաքցնում, որ հոր՝ Սամվել Թադեւոսյանի ներկայությունն ու մասնակցությունը ֆիլմին իրեն շատ է ոգեւորել ու թեւ տվել, բայց, ամեն ինչից անկախ, մեծ պատասխանատվություն է կրել։
Ռեժիսորը փորձել է ցեղասպանության թեմային նվիրված ֆիլմերից ինչ-որ ձեւով առանձնացնել իր ֆիլմը ու դա անել նաեւ մոտեցման ձեւի, ասելիքի միջոցով. «Այդ առանձնահատկությունը ֆիլմում դրսեւորվում է դետալների, սիմվոլների, մոգական ռեալիզմի ռեժիսորական լուծումներով, երբ ֆիլմում մենք չունենք որեւիցե սպանության, արյան նշույլ, այլ այդ ամեն ինչը պատկերվում է սիմվոլիկայի լեզվով, երեխաների աչքերով եւ ռեժիսորական լուծումներով։ Փորձեցի դա անել հետաքրքիր եւ մատչելի ձեւով, որպեսզի հանդիսատեսի համար հետաքրքիր լինի նյութն ընկալելը»։
Ինչ վերաբերում է բյուջեին, ապա կինոյի համար միշտ բյուջեն քիչ է լինում, լավ կինոն սիրում է գումար. «Երբ դու ունենում ես քիչ գումար, բայց լավ գաղափար, եւ փորձում ես այդ քիչ գումարի մեջ լավ գաղափարդ իրականացնել, թերի է լինում, առավել եւս՝ պատմական ֆիլմերի դեպքում, բայց կարող եմ նշել, որ այն, ինչ ցանկացել էինք անել՝ պատմական միջավայր ստեղծել՝ տաղավարով, զգեստներով, ինտերիերի ձեւավորմամբ, մեր հնարավորությունների սահմանում ստացել ենք մաքսիմալը»։
Մեր այն դիտարկմանը, որ ցեղասպանության մասին ֆիլմերն իրական փորձություն են ռեժիսորների համար, եւ դրանք միշտ քննադատության թիրախում են հայտնվում, քանի որ հանդիսատեսի սպասելիքները չեն արդարանում, ապա, ըստ ռեժիսորի, ցեղասպանության թեմային մոտենալու մեր տեսանկյունը, մտածելակերպը պետք է փոխենք։ Իր մասով՝ որպես հայ մարդ եւ ռեժիսոր, ունի իր տեսակետը, որը կարող է լինել ճիշտ կամ սխալ. «Ես կարծում եմ, որ այն տեսակետը, որ մենք չենք կարողանում մեր ցավի մասին նկարել, այդքան էլ տեղին չէ, ասեմ ինչու. մենք ունենք ֆիլմեր ցեղասպանության մասին, որտեղ լուծումների գերակշիռ մասը եղել է լացի, սպանության տեսարանների միջոցով։ Այս ֆիլմում չկա լաց, այստեղ կա ավելի շատ հաղթական իրավիճակ։ Ես այս ֆիլմով խոսում եմ հայի տեսակի շարունակման մասին, եւ այս ֆիլմը կոչ է, որպեսզի անընդհատ չլացենք ու չասենք՝ մեզ անընդհատ կոտորել են։ Եղել է նման իրավիճակ, բայց մեր պայքարը շարունակվում է։ Այս ֆիլմը հենց այս պայքարի մասին է, որ դեռահասն իր տեսակը պահում է, փախչում է վարժարանից եւ իր փախուստով կարծես մահացած հոգիներին ազատություն է տալիս»։
«Կանչը» ռեժիսոր Գուժ Թադեւոսյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է, նախորդները եղել են կարճամետրաժ եւ ներկայացվել շուրջ 50 միջազգային կինոփառատոներում։ Ռեժիսորն այս ֆիլմը նույնպես պատրաստվում է ներկայացնել միջազգային փառատոների։
Սոնա
ԱԴԱՄՅԱՆ