Մշակույթ

Գիտե՞ք որն է պրոբլեմը՝ մեր հերոսները շատ խելոք են ու շատ խելացի մտքեր են արտահայտում

Գիտե՞ք որն է պրոբլեմը՝ մեր հերոսները շատ խելոք են ու շատ խելացի մտքեր են արտահայտում

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի, բեմադրիչ Նարինե Գրիգորյանն այն մարդկանցից է, որ միշտ նոր է ու հետաքրքիր իր հանդիսատեսի համար։ Մի շարք միջազգային թատերական փառատոների մրցանակակիր դերասանուհին վերջին 2 տարին սկսեց ակտիվորեն նկարահանվել նաեւ կինոյում։ 2016-ի վերջին եւ 2017թ. սկզբին Նարինե Գրիգորյանի մասնակցությամբ էկրան կբարձրանա միանգամից 4 ֆիլմ, 4-ն էլ՝ Արցախյան ազատամարտի մասին։ 



- «Եվան» պարսկահայկական նախագիծ է, գլխավոր դերակատարուհին վերցնում է իր երեխային ու փախչում Ղարաբաղի մի հեռավոր, սահմանամերձ գյուղ։ Ֆիլմում չկա Ադրբեջանի մասին խոսք, կա ուղղակի հետպատերազմյան շրջան, թե պատերազմից հետո մարդիկ ոնց են վերականգնվում, հողի հետ իրենց կապվածությունը, հետպատերազմյան վախերը, եւ այդ կինը, որի հայացքով ամբողջ գյուղի մարդկանց կենսագրություններն են բացվում։ Ֆիլմեր կան, որ դրված են զանգվածային, անիմացիոն հնարքների վրա, այստեղ մարդն է՝ իր ներաշխարհով։ Հոգեբանական շեշտադրումներով ֆիլմ է։ Ռեժիսորն Անահիտ Աբադն է, որը Պարսկաստանում լավագույն ռեժիսորներից մեկն է համարվում։ Հունվարից ֆիլմը դուրս է գալիս փառատոների։ Ֆիլմում իմ գործընկերն են Մարջան Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Ռոզի Ավետիսովան, Շանթ Հովհաննիսյանը, Նանոր Պետրոսյանը։ Ֆիլմի ողջ ստեղծագործական կազմը պարսիկներ էին, եւ ապրիլյան այս դեպքերը որ եղան, անընդհատ զանգում ու ասում էին՝ այդ հողը չտաք, այ, այդքան սիրել էին Ղարաբաղը։



Այս տարի նկարահանվել եմ նաեւ Մհեր Մկրտչյանի «Կյանք եւ կռիվ» ֆիլմում։ Պատերազմի մասին ֆիլմեր մենք ուշ սկսեցինք նկարել, բայց ինչն է ինձ դուր գալիս այս ֆիլմում, որ բացի պատերազմի մասին նկարելուց, Մհերը ֆիլմի երկրորդ մասում ցույց տվեց պատերազմից 25 տարի հետոն՝ ինչ ձեռք բերեցինք, ինչ կորցրինք, ով ինչ դարձավ։ Երբ սկսեցինք ֆիլմի 2-րդ մասի նկարահանումները, սկսվեց քառօրյա պատերազմը։ Մհերն այդ օրերի կատարվածն էլ է նկարել, այսինքն՝ այս վերջին պատերազմի մասին էլ արդեն ֆիլմ կա, որի առաջին մասը՝ սեպտեմբերին, իսկ 2-րդ մասը հունվարից կցուցադրվի։ Հաջորդ ֆիլմը Լուսինե Սարգսյանի «Թափանցիկ տանիքներն» են, որտեղ 4 կնոջ պատմություն է միահյուսված։ Ինքը պատերազմի մասին չէ, բայց էլի պատերազմի հետեւանքների մասին է, որովհետեւ ունեցանք կանանց մի սերունդ, որոնց տղամարդիկ զոհվեցին պատերազմում։ Նրանք միայնակ մնացին, երբ պետք է երեխա ունենային։ Իմ հերոսուհին՝ Անին, ուսուցչուհի է, որ ուզում է երեխա ունենալ, որովհետեւ էլ հույս չունի, որ տղամարդ կգտնի։ Այս տարի նկարահանվեցի նաեւ Շավարշ Վարդանյանի ֆիլմում, որն արդեն մաքուր պատերազմի մասին է։ Ասեմ, որ երբ պատերազմի մասին սցենարներ էի կարդում, գեղարվեստականությունը շատ ակնհայտ երեւում էր, իսկ ես կամ այն մարդիկ, ովքեր պատերազմ են տեսել, իրենց համար այդ ամենն ուղղակի «բանտիկներ» են, բայց երբ Շավարշի սցենարը կարդացի, զգացի, որ այդ մարդը վավերական գիտի պատերազմը, եւ իրականում էլ պատերազմի ժամանակ Շավարշն օպերատոր է եղել։ Չնայած ֆիլմը գեղարվեստական է, բայց, մեկ է՝ դոկումենտալիստի հայացքը երեւում է։



- Ասացիք, որ պատերազմի մասին ֆիլմեր ուշ սկսեցինք նկարել, ո՞րն էր պատճառը։ Ի վերջո, այս տարիների ընթացքում ի՞նչ նկարվեց Արցախյան պատերազմի մասին, ինչպե՞ս եւ ի՞նչ որակով։



- Քանի որ տեսել եմ պատերազմը, ապա մի պահ կար, որ ընդհանրապես չէինք ուզում հիշել դրա մասին, ու գուցե ճիշտ է, որ հիմա ենք դրան անդրադառնում, որովհետեւ հիմա կարողացել ենք օտարանալ այդ ամենից, եւ հիմա այդ ազատության զգացումով մի սերունդ է եկել, որ փորձում է դրա մասին նկարել, խոսել։ Չի նկարվել, որովհետեւ չենք կարողացել խոսել այդ պահին, որովհետեւ դեռ շատ թարմ էին վերքերը, չէինք կարող օտարանալ այդ պատմությունից, որ կարողանայինք հավաստի նկարել։ Արվեստագետը պարտադրաբար չի կարող նկարել, եւ կարեւորը՝ լավ ֆիլմ նկարվի, ոչ թե ճիշտ ժամանակին։ Մի շրջան ես չէի կարողանում Ղարաբաղի մասին ֆիլմերում նկարվել ու անգամ ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմեր նայել։ Դա ինձ համար առնվազն սթրես է, որովհետեւ իմ պապային թուրքերը բռնել էին... մենք այդ ամենն ապրել ենք, ու պետք է այդ պահը գա, կոտրվի մեջդ, որ կարողանաս խոսել դրա մասին։ Ի վերջո, որոշեցի ես էլ Ղարաբաղի մասին բեմադրություն անել Համազգային թատրոնում՝ վավերական թատրոնի ժանրում, որովհետեւ, պատերազմը տեսնելով, գեղարվեստական ժանրը չեմ ընկալում, այն էլ՝ թատրոնի պայմանական լեզվով։ Բեմադրությունն այսպիսին է՝ ես, Արման Նավասարդյանն ու Վարշամ Գեւորգյանը պատմում ենք, թե ոնց ենք ընկալել պատերազմը, ես՝ Ղարաբաղում, Արմանը՝ Շամշադինում, Վարշամը՝ Երեւանում, բայց ամբողջը՝ վավերական։ Ես պատմում եմ, թե իմ հետ ինչ էր եղել, Արմանն ու Վարշամն էլ՝ թե իրենց հետ ինչ էր կատարվում։ Երբ դա քո մեջ է, չի հաղթահարվում, հետո, երբ պատմում ես, դուրս է գալիս ու հաղթահարվում։ Երբ այս դոկումենտալ թատրոնի համար հարցազրույց էի վերցնում մամայիցս, քույրիկիցս, մամաս չէր պատմում, ասում էր՝ ո՞նց ես կարողանում նորից դրա մասին խոսել, ուզում ես նորի՞ց վերապրենք, ես չեմ գա այդ ներկայացմանը։ Ուզում եմ ասել, որ անգամ մենք պատերազմից հետո ոչ մի անգամ չէինք խոսել պատերազմի մասին։ Հետո գիտե՞ք ինչն է ամենակարեւորը, որ մենք հաղթանակածի զգացողությամբ ապրենք, ինձ անհանգստացնում է, որ մենք երբեմն այդ գիտակցումը չենք ունենում, ու հանկարծ այդ քառօրյա պատերազմից հետո ինքնագնահատականի բարձրացում եղավ, բայց այդ զգացողությունը պետք է շարունակաբար պահել։ Ինձ անհանգստացնում է նաեւ անընդհատ հայրենասիրության մասին քարոզը, մենք ապացուցեցինք, որ մենք շատ հայրենասեր ազգ ենք, դա այլեւս պետք չէ քարոզել, պետք է քարոզել, թե ինչպես դառնալ ինքնավստահ, ոնց տեր լինել ազատությանը։ Մենակ հայրենասիրությամբ չէ, եթե մենք այսօր դա չգնահատենք, չպահենք, բա ո՞նց ենք դառնալու այս երկրի տերը, քաղաքացին՝ անընդհատ փախչելո՞վ այս երկրից։ Փորձենք այդ լավն այստեղ ստեղծել, ես շատ տխրում եմ ամեն հայի գնալով։



- Սովորաբար բեմադրություններ անելիս ինչքանո՞վ եք առաջնորդվում Ձեր ներքին պահանջմունքներով, առաջնահերթություններով, թե՞, այնուհանդերձ, հաշվի եք առնում նաեւ հանդիսատեսի, ժամանակի, ձեր թատրոնի պահանջները։



- Ապրելակերպն ու քո առաջ դրած պահանջներն են ձեւավորում, թե ինչ բեմադրես։ Բայց կար շրջան՝ ինչ-որ աներեակայելի բան անելու, զարմացնելու ցանկություն, իսկ երբ այս տարի այդ քառօրյա պատերազմը եղավ, հանկարծ այդ ամեն ինչը զրոյացավ, ու այդ ժամանակ մտածեցի, թե ինչ եմ նստած Խարմս բեմադրում ու ոնց չեմ գիտակցել, որ ազատ երկրի քաղաքացի եմ ու դրա մասին պետք է խոսեմ։ Ես այդ ժամանակ հասկացա, թե ինչ էր ասում Սոս Սարգսյանը, որը, բացի դերասանական վարպետություն դասավանդելուց, մեզ տալիս էր նաեւ քաղաքացի լինելու դասեր։ Ի վերջո, Խարմսն էլ է ճիշտ, բայց ամենաճիշտը ժամանակն է։ Ես, օրինակ, շատ վաղուց էի ուզում ներկայացում անել Ղարաբաղի մասին, բայց դա հիմա է ծնվում, եւ, ուրեմն, հիմա է ժամանակը։ 



- Թատրոնի վրա շատ գործառույթներ են դնում՝ հանդիսատես կրթելուց մինչեւ ժամանակն արտացոլելու խնդիրներ, ու քանի որ շատ եք սովորել նաեւ դրսում, ապա այնտեղ թատրոնն ի՞նչ խնդիրներ է լուծում, ու մեզ մոտ ինչպե՞ս է այդ հարցը դրված։ Ըստ Ձեզ, ո՞րն է այսօր թատրոնի գլխավոր ֆունկցիան։



- Լեւ Տոլստոյն ասում էր՝ իմ գրքերն առաջին հերթին ինձ են սովորեցնում։ Ես միշտ բեմադրելիս առաջին հերթին ինքս ինձ եմ փորձել զարմացնել, անել ինձնից ավելին, որ ոչ թե իմ չափով լինի, այլ ինձնից վեր ու ինձնից լավը, եւ երբեք չեմ մտածել, որ սա հանդիսատեսը չի հասկանա։ Հիշում եմ՝ Յուրա Կոստանյանի հետ Մնջախաղի թատրոնում արել էինք «Շրջանակից դուրս» ներկայացումը, որն ընդհանրապես շրջանակից դուրս էր, ավելին՝ դա իմպրովիզացիա էր, եւ ամեն օր չգիտեինք, թե ինչ ենք խաղալու։ Ես ամեն անգամ մտածում էի, որ դա հաստատ պռավալ է, բայց արդյունքում այդ ներկայացումը շատերի սիրած ներկայացումն էր, որովհետեւ իր մեջ կենդանի մի գործոն կար, ամեն ինչ տեղում էր ծնվում։ Ուզում եմ ասել, որ հանդիսատեսն ամեն ինչ հասկանում է, դմբո չէ։ Բայց եթե հանկարծ մենք մտածենք, որ սա այն հանդիսատեսն է, որ այն էժանագին սերիալներն է նայում, եւ որի սիրած դերասանուհին Դիանա Գրիգորյանն է, եւ հանկարծ խոսել շրջանակից դուրս ապրելու մասին, «դզին» կաթիլի մասին, որը թռչունի վրա շրջագայում է, կամ Ռոսինանտի մասին, որը Դոն Կիխոտ է ձեռ առնում... ես կսկսեմ բեմադրել չգիտեմ ինչ, դրա համար աշխատում եմ չմտածել, այլապես միանգամից թեւերդ կկտրի։ Մեկ է՝ կա այն հանդիսատեսը, որ հասկանում է դա, ու այն հանդիսատեսը, որ դրա կարիքն ունի։ Եթե ազնիվ լինենք ու փորձենք ինքներս մեզ հետաքրքիր լինել, ապա այն տխուր իրավիճակը, որ շատ հաճախ տեսնում ենք, չի լինելու։ Դրա համար եկեք հետաքրքիր լինենք ու առաջին հերթին մեզ դաստիարակենք։



- Մի անգամ ասել եք, որ պիեսներ բեմադրելիս հաճախ եք օգտվում Սուրբ գրքից, դա Ձեզ համար յուրօրինակ ուղենի՞շ է։



- Իրականում լավագույն գործերը, որ գրվել են, իրենց մեջ ունեն դրա նախատիպը։ Եթե թատրոնից հանենք սիրուն շորերը, պլաստիկան, խոսքը, բայց տակը չունենա այդ մաքրագործման ճանապարհը, այդ ամենը սուտ է, որովհետեւ արվեստն ամեն անգամ քո հոգուն թեւ է տալիս։ Երբ դու գիտես, որ աստվածային սեր կա քո մեջ, ու, մեկ է՝ այս կյանքը խաղ է, միշտ պետք է այդ ուրախությունը քո մեջ պահես, որովհետեւ կարող է քո կերպարը վերջում մեռնում է, բայց դու, որպես դերասան, լավ դեր ես խաղում։ Եթե մարդն այդ գիտակցումն ունենա, դա օտարացում է տալիս քո կյանքից, ու դրանով ավելի հեշտ ես հաղթահարում դժվարությունները։ Որպես գլխավոր հերոս՝ մտիր այս կյանք, ի՞նչ է եղել որ, դա քո ձեռքերում է։ Երջանկությունը մենակ լավ կյանքը չէ, դա եւ լավն է, եւ վատը, այստեղ քո աշխարհայացքն է կարեւոր, թե ոնց ես վերաբերվում այդ լավին ու վատին։



- Նարինե, ժամանակակից դրամատուրգիան, դրանում արծարծվող թեմաները որքանո՞վ են այսօրեական եւ Ձեզ հետաքրքիր։



- Ամերիկայում, երբ թատրոնի կառավարում էինք սովորում, կար հատուկ դրամատուրգների եւ դերասանների համատեղ դաս, որտեղ դրամատուրգներն իրենց գրած տեքստերը դերասանների հետ փորձարկում էին՝ տեսնելու համար, թե որքանով է այն ճիշտ հնչում, որքանով է թատերային այդ լեզուն, ու ես հասկացա, որ դա շատ կարեւոր պահ է։ Թատրոնում շատ կարեւոր է դրամատուրգի առկայությունը։ Օրինակ՝ ես «Թռիչք քաղաքի վրայով» բեմադրության ժամանակ աշխատել եմ պիեսի հեղինակ Անուշ Ասլիբեկյանի հետ։ Նա գալիս էր փորձերի, միասին աշխատում էինք, նա մոտավորապես պիեսի 7 տարբերակ գրեց։ Դա լավագույն փորձառությունն էր, որ ունեցա ժամանակակից դրամատուրգի հետ։ Հետո՝ մեզ մոտ գիտե՞ք որն է պրոբլեմը, որ շատ խելոք են մեր հերոսները, շատ խելացի մտքեր են արտահայտում, բայց դու, որպես դրամատուրգ, ցույց տուր, որ ինքը շատ խելացի մտքեր է արտահայտում, բայց խելացի չէ, ցույց տուր այդ նյուանսը։ 2-րդ խնդիրն այն է, որ դրամատուրգին թվում է, թե դա իր կյանքի վերջին պիեսն է, ու սկսում է աշխարհում ինչքան խելոք միտք կա՝ սերը կփրկի աշխարհը, կամ մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում... բոլորը տեղավորել այդ պիեսի մեջ։ Արդյունքում պիեսը ճկռում է, ու ոչ մի բան չես հասկանում, այլ միայն այն, որ սա հայ է գրել։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image