Հասարակություն

«Հրապարակ». Պատկերացնո՞ւմ եք, քանի մարդու անձնական կյանք են մտել` առանց վարանելու

«Հրապարակ». Պատկերացնո՞ւմ եք, քանի մարդու անձնական կյանք են մտել` առանց վարանելու

«Անձնական կյանքի ցանկացած միջա­մտություն անընդունելի է եւ քրեորեն պատժելի։ Եթե տեսանյութն իսկական է, ապա պետք է հարուցվի քրեական գործ»,- երեկ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ մեկնաբանելով, որ տեսանյութի նկարահանումն ու տարածումն է այս դեպքում քննվելու եւ պատժվելու։ Ըստ նախարարի, պետությունը նման դեպքերում պարտավոր է պաշտպանել քաղաքացիների անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Բայց հարց է, թե կդիմի՞ արդյոք Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, որին վերաբերում է նշված տեսանյութը, նման միջամտություն պետության կողմից, քննություն իրավապահների կողմից։ «Ցանկանում եմ արձանագրել, որ ուժերի գերլարումով իսկ, լուրջ դեմքով չեմ կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը։ Խելամիտ եմ համարում արհամարհել: Հետեւաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարհանքն ու քմծիծաղը»,- ասել է նա՝ դրանով իսկ հայտարարելով, որ չի պահանջելու հետաքննություն իրականացնել: 

Բայց, անկախ տարածված նյութի իսկությունից, պետք է ընդունենք, որ ապօրինի գաղտնալսումը տեւական ժամանակ է՝ մեր կյանքի անբաժան մասն է դարձել։ Օր չկա, որ մի հայտնի մարդու վերաբերող տեսանյութ կամ ձայնագրություն չտարածվի։ Ավելին` իշխանական տարբեր օղակներ եւ լրատվամիջոցներ վերջին օրերին նաեւ «սպառնում են»` շուտով այլ հոգեւորականների մասնակցությամբ նոր կադրեր ու նյութեր են տարածվելու, ներառյալ` Ամենայն հայոց կաթողիկոսի։ Նախարար Սրբուհի Գալյանն օրենքն է հիշեցնում՝ գաղտնալսումը կարող է իրականացվել միայն դատարանի որոշման հիման վրա, «հատուկ ծառայությունների կողմից՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով»։ Բայց բուն գաղտնալսողները՝ ԱԱԾ-ն կամ Սրբուհի Գալյանի ղեկավարած հիմնարկը, փաստացի անվերահսկելի են հանրության կողմից։ Հանրությունը չի կարող տեղեկանալ՝ արդյոք քննության, հետաքննության շահերի՞ց է իրականացվում գաղտնալսումը, թե՞ քաղաքական, ասենք, Փաշինյանի ցուցումով, կամ՝ հանցագործության կանխո՞ւմն է գաղտնալսման նպատակը, թե՞ ընդդիմադիրների դեմ քրեական գործ կարելու համար նյութ հավաքելը։

Հայտնի է, օրինակ, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին սկսել են գաղտնալսել քաղաքապետ ընտրվելուց բառացիորեն մի քանի օր անց։ Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակեց մի կցկտուր անհասկանալի ձայնագրություն, որն իբր քաղաքապետի եւ գլխավոր ճարտարապետի հեռախոսազրույցն է, որի հիման վրա նրան կաշառք վերցնելու եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանք ներկայացրին։ Սակայն Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն ասում է, որ անգամ դատարանում խափանման միջոցը հիմնավորելու համար քննիչն այդ ձայնագրությունը չի ներկայացրել։ «Տեսեք, ոնց են նրանք աշխատում՝ գաղտնալսման համար օպերը մտնում է դատարան, գրում է պետին, որ ունի ինչ-որ ինֆորմացիա, բայց չի գրում, թե որտեղից, ինչի համար։ Պետը մտնում է դատարան` իրենց ուզած դատավորի մոտ, վերցնում են գաղտնալսման թույլտվությունը՝ առանց ներկայացնելու այդ ելակետային տվյալները, դատավորն էլ տալիս է։ Սա իրենց աշխատակարգն է, օրենքով այդպես չէ։ Օրենքով՝ նույն օպերը զեկուցագիր կազմելիս պետք է ներկայացնի տվյալները, ինչն իրենք չեն անում»,- ասում է Զարուհի Փոստանջյանը։ 

Գյումրու քաղաքապետի դեպքում դատարան է ներկայացվել ինչ-որ «սղագրություն», առանց բուն ձայնագրության, որի հիման վրա Երեւան քաղաքի  առաջին ատյանի դատարանը թույլ է տվել անցկացնել օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ներքին դիտում, արտաքին դիտում, այսինչ համարի հեռախոսի վերահսկողություն, գաղտնալսում անձնական ավտոմեքենայի, աշխատասենյակի, աշխատավայրի սպասասրահի, այսինչ հասցեում գտնվող բնակարանի։ «Այդ բնակարանում նա ապրում է իր երեխաների, թոռների, այլ հարազատների հետ։ Պատկերացնո՞ւմ եք, քանի մարդու անձնական կյանքի մեջ են մտել` առանց վարանելու»,- ասում է Զարուհի Փոստանջյանը։ Նման որոշում կայացնող դատավորի անունն անգամ նրան չեն հայտնել։ Միայն հայտնի է, որ կա դատարանի նման որոշում։ «Ես միջնորդեցի, որ բերեն դատարան այդ ապացույցը, որոշումը, որի հիման վրա գաղտնալսում է իրականացվել, եւ չբերեցին։ Այսինքն՝ դատարանը չի էլ տեսել այդ որոշումը»,- ասում է Զարուհի Փոստանջյանը։ 

Փաստաբանն իր վարույթում այս պահին երեք գործ ունի, երեքի դեպքում էլ մեղադրանքները կառուցվել են կասկածելի, օրենքի խախտումով իրականացված գաղտնալսումների հիման վրա։ 2025 թվականի հուլիսին «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Ստեփան Սամվելյանի գործով, որը հիմա դատարանում է, նույնպես ձայնագրություն-ապացույց է օգտագործվել։ «Հեռախոսազրույցի ձայնագրություն, որում ոչ մի հանցանքի տարր չկա, ընդամենը հայհոյել է, բայց չի ասել՝ սպանելու եմ։ Մի գործ էլ ունեմ, որով հարբած տղամարդկանց խոսակցության ձայնագրությունն է դրվել որպես կողոպուտի ապացույց։ Մեկը մյուսին հարբած վիճակում ասում է՝ սրա տանը լիքը բան կլինի, կարելի է մտնել, հանել, եւ այդ ձայնագրությունը համարում են կողոպուտի փորձի ապացույց, երբ մարդը ոչինչ չի արել, ուղղակի խոսել է»,- ասում է Զարուհի Փոստանջյանը։ Ասում է նաեւ, որ հոկտեմբերի 20-ին Վարդան Ղուկասյանին պաշտպանելու դուրս եկած քաղաքացիներից, որոնք խաղաղ ցույց էին իրականացնում, 30 հոգի կալանավորված է։ Ասում են, որ Գյումրու դատավորներն օրնիբուն աշխատում են կալանքի միջնորդությունների վրա։ «Դեռ մի 30 հոգի էլ կկալանավորեն»,- զգուշացնում է Փոստանջյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image