Տասնյակ տարիներ քաղհասարակության եւ որոշ ԶԼՄ-ների հանրությունը մեղադրում էր դրսից գումարներ ստանալու մեջ, նրանց գրանտակեր էր անվանում, համարում էր, որ արեւմտյան կասկածելի կենտրոնների պատվերներն են կատարում ու շահերը պաշտպանում: Բայց գիտակից մարդիկ հասկանում էին, որ մարդու իրավունքների, խոսքի ազատության, ընտրական իրավունքի համար պայքարը խիստ կարեւոր է, եւ գնահատում էին քաղհասարակության ներկայացուցիչների արածը, որոնք ինչ-որ չափով նաեւ էնտուզիաստներ էին, մարտիկներ, որոնց բոլորս աջակցել ենք, որ նպաստենք Հայաստանում ժողովրդավարության կայացմանը: Եվ չենք մտածել, թե այդ պայքարի հիմքում փողն է` գրանտը:
Մտածել ենք` իհարկե, մարդիկ պետք է ապրեն, եւ դրսից ստացվող գումարներն ընդամենը օգնում են, որ նրանք իրենց սիրելի գործին նվիրվեն ու ծառայեն հանրությանը: Բայց բավական էր, որ ԱՄՆ-ում նախագահ ընտրվեր մի մարդ, որը երդում տալուն պես հայտարարեր, թե 90 օրով դադարեցնում է արտաքին ֆինանսավորումը, որ մեր պատրանքները հօդս ցնդեին: Տառացիորեն` հայտարարության հաջորդ օրը մի շարք հասարակական կազմակերպություններ չեղարկեցին իրենց ասուլիս-քննարկումները, հայտարարություններ եղան որոշ ծրագրերի դադարեցման մասին: Եվ սկսվեց մի իսկական ողբ-կական, թե` մենք այլեւս չենք կարող իրականացնել այն աշխատանքը, որը տարիներով արել ենք, որովհետեւ մեր ֆինանսավորումը դադարեցվել է: Բայց չէ՞ որ սա մի բանի մասին է վկայում, որ ԱՄՆ-ից ֆինանսավորում չստացող ՀԿ-ների, ԶԼՄ-ների եւ ստացողների համար խիստ անհավասար պայմաններ են ստեղծվել մեր երկրում․ ոմանք ջերմոցային պայմաններում գործում են` առանց շուկա եւ սպառող ունենալու, իսկ մյուսները մեծ դժվարությամբ հայթայթում են իրենց օրվա հացը` տնտեսական գործունեություն ծավալելով: